Բ Ա Ժ Ի Ն 20 ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ 80 ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 440. Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը
  1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաև հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով՝ Օրենսգրքով սահմանված կարգով կամ դատարան:
  2. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության բողոքարկման նպատակով հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված բողոքի ցանկացած փուլում հարկ վճարողը կարող է դիմել դատարան:
  3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան հարկային ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` Օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Հարկային մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական պատասխանատվության կիրառման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 441. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը և բողոք ներկայացնելու կարգը
  1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ:
  2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում հարկ վճարողի կողմից գրավոր կարգով և հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում հարկային մարմինը դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:
  2. Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
  3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է հարկային մարմինը:

(441-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 442. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննությունը
  1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները հարկային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:
  2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է հարկ վճարողի դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե՝

1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում Օրենսգրքով սահմանված չափանիշներին, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնող հարկ վճարողը չի վերացրել Օրենսգրքի 441-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերող հարկ վճարողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է հարկային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո՝ Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:

  1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը հարկ վճարողի դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է հարկային մարմնում:
  2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:
  3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են հարկային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում՝ հարկային մարմնի սահմանած կարգով:
Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
  1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

  1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
  2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը ուղարկվում է դիմում-բողոք բերած անձի հաշվառման վայրի հարկային մարմին՝ հարկ վճարողի հարկային գործում ընդհանուր սահմանված կարգով պահպանելու նպատակով:
  3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան: