ԳԼՈՒԽ 11

 ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 58. Ավելացված արժեքի հարկը

 

  1. Ավելացված արժեքի հարկը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Հոդված 59. Ավելացված արժեքի հարկ վճարողները
1. Եթե սույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված ֆիզիկական անձը՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը համապատասխանաբար պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

3) հարկային տարվա ընթացքում որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն կետով սահմանված դեպքերում որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ սույն բաժնում՝ հայտարարություն)` նշելով որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը.

4) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող մինչև հայտարարությունում նշված օրը, ապա շրջանառության հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 5-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում): Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարել է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հայտարարությունում նշված օրը, և եթե հարկ վճարողը, որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտն ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում).

5) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահից հարկ վճարողը Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, տվյալ հարկային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը (այսուհետ նաև՝ ԱԱՀ-ի շեմ) գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:

2. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը.

2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 58.35 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ սույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը.

3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե սույն մասում նշված հարկ վճարողի՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցում է մինչև հայտարարությունում նշված օրը, ապա սույն մասում նշված հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում):

Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով:

2.1 Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողն Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:

3. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները ԱԱՀ վճարողներ են համարվում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը:

4. Օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարողներ հաշվառվում են՝

1) կազմակերպությունները (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների), անհատ ձեռնարկատերերը և նոտարները.

2) կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների,

բ. Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների,

գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

5. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:

6. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ եթե մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ, ապա պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:

(59-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 12 
ԱՎԵԼԱՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 60. Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը
1. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

1) ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝

ա. ապրանքի՝ վարձակալության կամ օգտագործման տրամադրումը (բացառությամբ ապրանքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) այն դեպքերի, երբ վարձակալության պայմանագրով նախատեսվում է ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին),

բ. փոխառության տրամադրումը,

գ. ոչ նյութական ակտիվի օտարումը,

դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը,

3) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը.

4) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:

2. Ապրանքի մատակարարման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:

3. Բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

(60-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 61. Ավելացված արժեքի հարկով հարկման բազան

 

1. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:

2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

3. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը:

Հոդված 62. Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
1. Ապրանքի մատակարարման գործարքի՝ ԱԱՀ-ով հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազային գումարվում են նաև՝

1) Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը.

2) Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարը:

2. Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ:

3. Ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:

4. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքից ստացված ապրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների արժեքը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը.

2) նորոգման (վերանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված կամ նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված գույքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեքը:

Սույն մասով սահմանված դեպքերում՝ գործարքի կողմերի միջև կազմված փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագրերի, հաշվարկային փաստաթղթերի) բացակայության, կամ այդ փաստաթղթերում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների, գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեք նախատեսված չլինելու պարագայում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում՝

ա. վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված հումքից ստացված ապրանքի ներմուծման դեպքում՝ վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի և արտահանված հումքի մաքսային արժեքի դրական տարբերությունը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը,

բ. վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքից ստացված ապրանքի ներմուծման դեպքում՝ վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի հաշվեկշռային արժեքի և արտահանված հումքի հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը, եթե այդ գումարը չի ներառվել վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի հաշվեկշռային արժեքում,

գ. նորոգման (վերանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված գույքի ներմուծման դեպքում՝ նորոգված (վերանորոգված) ներմուծվող գույքի մաքսային արժեքի և արտահանված գույքի մաքսային արժեքի դրական տարբերությունը,

դ. նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված գույքի ներմուծման դեպքում՝ նորոգված (վերանորոգված) ներմուծվող գույքի հաշվեկշռային արժեքի և արտահանված գույքի հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը:

5. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների արժեքը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը.

2) նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեքը:

Սույն մասով սահմանված դեպքերում գործարքի կողմերի միջև կազմված փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագրերի, հաշվարկային փաստաթղթերի) բացակայության, կամ այդ փաստաթղթերում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների, գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեք նախատեսված չլինելու պարագայում՝

ա. վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերամշակման արդյունք հանդիսացող արտահանվող ապրանքի մաքսային արժեքի և ներմուծված հումքի մաքսային արժեքի դրական տարբերությունը,

բ. վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0,

գ. նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում նորոգված (վերանորոգված) արտահանվող գույքի մաքսային արժեքի և ներմուծված գույքի մաքսային արժեքի դրական տարբերությունը,

դ. նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0:

6. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասի կիրառության իմաստով`

1) համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ՝

ա. օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,

բ. ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում.

2) գործարքի իրական արժեքի որոշման համար սույն կետում նշված առաջնահերթությամբ հիմք է ընդունվում՝

ա. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը կամ

բ. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքերում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը:

Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների հիման վրա:

7. Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի:

8. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի չափով, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: Սույն պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե սույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:

9. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:

ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն մասով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է որպես սույն մասի առաջին պարբերությամբ որոշված հարկման բազայի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

10. Հանձնարարության պայմանագրի հիման վրա հանձնակատարի կողմից ծառայությունների մատուցման դեպքում հանձնակատարի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հանձնակատարին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, վճարվող գումարը)` առանց ԱԱՀ-ի, իսկ հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հանձնարարության պայմանագրի հիման վրա հանձնակատարի միջոցով ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:

11. Կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա իր կողմից մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների միջոցով մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և կոմիսիոներին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը: Կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է իր կողմից մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքով նաև այն դեպքերում, երբ կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների կողմից այլ անձից ձեռք բերված ապրանքը կամ ընդունված աշխատանքի արդյունքը կամ ստացված ծառայությունը հանձնվում է կոմիտենտին:

Եթե կոմիսիայի պայմանագրի հիման վրա ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքը, Օրենսգրքի համաձայն, ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, ապա կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում իրեն հասանելիք գումարը (վարձատրության և կոմիսիոների կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը)` առանց ԱԱՀ-ի:

12. Գործակալության պայմանագրի հիման վրա գործակալի կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում՝

1) եթե գործակալը գործում է պրինցիպալի անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար հանձնակատարի և հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով.

2) եթե գործակալը գործում է իր անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար կոմիսիոների և կոմիտենտի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով:

13. Պատվիրատուի տված հումքից և նյութերից ապրանքների արտադրության, շշալցման կամ որևէ այլ կերպ տարայավորման դեպքում, երբ հումքի, նյութերի և արտադրված, շշալցված կամ որևէ այլ կերպ տարայավորված ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է պատվիրատուին, արտադրողի, շշալցնողի կամ որևէ այլ կերպ տարայավորողի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ հումքից և նյութերից ապրանքների արտադրության, շշալցման կամ որևէ այլ կերպ տարայավորման աշխատանքների և (կամ) ծառայությունների արժեքը` առանց ԱԱՀ-ի:

14. Աճուրդի միջոցով ապրանքի մատակարարման դեպքում աճուրդի կազմակերպչի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում մատակարարվող ապրանքի սեփականատիրոջ և (կամ) այլ անձի կողմից աճուրդի կազմակերպչին տրվող միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը` առանց ԱԱՀ-ի:

15. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից վճարվող գումարի:

16. Պետության կամ լիազոր մարմնի սահմանած սակագներով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում համապատասխան սակագնի (առանց ԱԱՀ-ի) և դրա կիրառության հետ կապված՝ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիայի (առանց ԱԱՀ-ի) հանրագումարը:

17. Եթե Կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարը, կնքված պայմանագրի համաձայն, ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա՝ ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա այդ ապրանքի մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն մասի կիրառության իմաստով՝

1) հարկման բազայի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ՝ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Կառավարությունը.

2) ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարի (առանց ԱԱՀ-ի) ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում՝ որպես ԱԱՀ-ով հարկման բազայի ավելացում կամ պակասեցում:

18. Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով հավատարմագրային կառավարչի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում իր և կառավարման հիմնադրի կողմից իրականացված գործարքների համար Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող հարկման բազաների ընդհանուր արժեքը:

19. Ֆինանսական հետևյալ գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է հետևյալ ձևով.

1) արտարժույթի առուվաճառքի գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը.

2) ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունման, բանկային և այլ հաշիվների բացման, վարման և սպասարկման, ինչպես նաև վճարահաշվարկային ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ ծառայությունների մատուցման համար գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի.

3) վարկերի (փոխառությունների) տրամադրման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց դիմաց ստացվող տոկոսային եկամուտը` դրամական արտահայտությամբ.

4) ֆակտորինգային ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծառայություն մատուցողին զիջվող դրամական պահանջի և ծառայությունից օգտվողին փոխանցվող դրամական միջոցների տարբերությունը.

5) երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրման, ակրեդիտիվների բացման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ ծառայությունների մատուցման դիմաց գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի.

6) արժեթղթերի, այդ թվում՝ մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի թողարկման և (կամ) օտարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում արժեթղթերի օտարման գինը` առանց ԱԱՀ-ի.

7) արժեթղթերի ի պահ ընդունման կամ հաշվառման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ ծառայությունների մատուցման դիմաց գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի.

8) մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի զեղչման, փոխանցման, զիջման գործարքների կամ սպասարկման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում զեղչը՝ առանց ԱԱՀ-ի կամ սպասարկման ծառայության մատուցման դիմաց գանձվող վճարը՝ առանց ԱԱՀ-ի.

9) վճարային քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման գործարքների կամ սպասարկման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վճարային քարտերի և այլ գործիքների տրամադրման վճարը` առանց ԱԱՀ-ի կամ սպասարկման ծառայության մատուցման դիմաց գանձվող վճարը՝ առանց ԱԱՀ-ի.

10) կանխիկի տրամադրման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ ծառայությունների համար գանձվող կանխիկացման վճարը` առանց ԱԱՀ-ի.

11) արժեթղթերի հավատարմագրային կառավարման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հավատարմագրային կառավարչի մատուցած հավատարմագրային կառավարման ծառայությունների համար գանձվող վճարը (վարձատրությունը)` առանց ԱԱՀ-ի.

12) բանկային ոսկու օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում բանկային ոսկու արժեքը` առանց ԱԱՀ-ի.

13) բանկային ոսկով արտահայտված հաշիվների բացման և վարման, դրանցով այլ գործառնությունների կատարման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում սպասարկման վճարը` առանց ԱԱՀ-ի.

14) օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում գրավի առարկայի օտարման արժեքը` առանց ԱԱՀ-ի.

15) գումարների (հասույթների, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձերի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ ծառայությունների համար գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի.

16) եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ֆինանսական վարձակալությունից ստացման ենթակա տոկոսագումարը:

(62-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 63. Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
  1. Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների:
  2. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է67 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե՝

1) կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.

2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.

3) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել.

4) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին:

3.Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով:

(63-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 13 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ
 ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 64. Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:

2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

1) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.

2) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը.

3) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքների կատարումը.

4) հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարումը: Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը.

5) հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում Կառավարության լիազոր մարմնի ճանաչած, երաշխավորած և Կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին մասնակցության իրավունքի տրամադրումը.

6) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը.

7) հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը.

8) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը.

9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.

10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը.

11) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, մասնավորապես հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բժշկական խորհրդատվության, բուժական, վերականգնողական, բժշկական փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցումը.

12) դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը.

13) պետության կամ համայնքի կողմից կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.

14) բռնագրավման կամ նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը: Սույն կետը չի տարածվում բռնագանձման ձևով պետությանը ապրանքի մատակարարման գործարքների վրա, որոնց դեպքում ապրանքի մատակարարման գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման Օրենսգրքով սահմանված կարգով.

15) հողամասից կամովին հրաժարվելու դեպքում սեփականության իրավունքով պատկանող հողամասի օտարումը համայնքին կամ պետությանը.

16) հողամասի կամ այլ անշարժ գույքի փոխանակությունը, եթե այդ գործարքի կողմ են հանդիսանում պետությունը և (կամ) համայնքը.

17) սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը սահմանում է Կառավարությունը.

18) պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի և (կամ) տեղական տուրքի վճարում, ինչպես նաև պետական կառավարչական և (կամ) համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումն այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին: Սույն կետի կիրառության իմաստով՝ հասույթի կամ դրա մի մասի հաշվեգրումը պետական կամ համայնքների բյուջեների օգտին պետք է հիմնավորվի դրանց համապատասխան գանձապետական հաշվին փոխանցմամբ.

19) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Կառավարության սահմանած չափանիշների համաձայն Կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի՝ կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) օտարումը, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով,

բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում.

20) ԱՏԳԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը.

21) անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ ԱՏԳԱԱ 570110, 570210 ծածկագրերին դասվող ձեռագործ գորգերի օտարումը.

22) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի օտարումը.

23) ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը.

24) թերթերի և ամսագրերի օտարումը.

25) Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը.

26) թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳԱԱ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող՝ ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.

27) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը.

28) Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտարումը.

29) խաղատների գործունեության կազմակերպումը.

30) շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպումը.

31) ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում տվյալ ապրանքի հետ կապված սպասարկման ծառայությունների անհատույց մատուցումը, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց լրակազմող տարրերի փոխարինման նպատակով ապրանքի անհատույց մատակարարումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների արժեքում: Սույն կետը կարող է կիրառվել այն դեպքում, երբ կնքված պայմանագրի պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածով սահմանված` հրապարակային պայմանագրերին ներկայացվող պահանջներին: Այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով նախատեսվում է այլ ապրանքների մատակարարում և (կամ) ծառայությունների մատուցում, ապա հրապարակային պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների արժեքը ներառելու փաստը պետք է հիմնավորվի հաշվապահական հաշվառման մեջ կիրառվող սկզբնական հաշվառման փաստաթղթերով և ԱԱՀ վճարողի կողմից հաստատված փաստաթղթերով (հրաման, հաստատված ինքնարժեքի հաշվարկ և այլն).

32) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմասի կամ փայի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը.

33) օրենքով սահմանված կարգով իրականացվող՝ կազմակերպության վերակազմակերպման շրջանակներում ապրանքի մատակարարումը և (կամ) ծառայության մատուցումը.

34) սեփականաշնորհման կամ ապապետականացման գործարքների շրջանակներում ապրանքի մատակարարումը.

35) Հայաստանի Հանրապետության տարածք մշակութային արժեքների ներմուծումը.

36) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) արտահանված ապրանքների մատակարարումը.

37) օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ Կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ).

38) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություն արտահանված կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված սև և գունավոր մետաղների ջարդոնի մատակարարումը.

39) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրենց անձնական գույքի օտարման գործարքները.

40) անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանող՝ ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը.

41) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը.

42) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը.

43) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը.

44) ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը.

45) կենսաթոշակային ապահովման ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը.

46) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների օտարումն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների օտարումն արժեթղթավորման հիմնադրամին, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը, ինչպես նաև ակտիվների օտարումը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված արժեթղթավորման ֆոնդին, արժեթղթավորման ֆոնդին ակտիվն օտարած անձի կողմից արժեթղթավորման ֆոնդից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման ֆոնդի հետ ակտիվների փոխանակումը.

47) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև սույն կետով սահմանված դեպքերում՝ այլ հարկ վճարողների կողմից հետևյալ ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը.

ա. ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունման, բանկային և այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման ծառայությունների, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը,

բ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից վարկերի կամ փոխառությունների տրամադրման, այդ թվում` պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման ու ֆակտորինգային այլ ծառայությունների մատուցումը,

գ. երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրման, ակրեդիտիվների բացման ծառայությունների մատուցումը,

դ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արժեթղթերի օտարումը, արժեթղթերի ի պահ ընդունման և հաշվառման ծառայությունների մատուցումը,

ե. մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը,

զ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը Օրենսգրքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

է. կանխիկի տրամադրման ծառայությունների մատուցումը,

ը. բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների և այլ հարկ վճարողների կողմից ներդրումային ֆոնդի կառավարման, ներառյալ` իր կողմից կառավարվող (այդ թվում` պատվիրակման արդյունքում) ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) ծառայությունների մատուցումը,

թ. ներդրումային ֆոնդի պահառության ծառայության մատուցումը,

ժ. արժեթղթերի հավատարմագրային կառավարման ծառայության մատուցումը,

ժա. բանկային ոսկու օտարումը, բանկային ոսկով արտահայտված հաշիվների բացման ու վարման, դրանցով այլ գործառնությունների կատարման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների օտարումը,

ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի օտարումը: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,

ժգ. գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունների մատուցումը,

ժդ. լիզինգային պայմանագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) օտարումը, որոնց ներմուծման ժամանակ ԱԱՀ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվարկվել և չի վճարվել,

ժե. բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով սահմանված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպման և տրամադրման, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստման, ֆաքսիմիլային ծառայությունների մատուցումը.

48) օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

49) ներդրումային ֆոնդի կողմից անշարժ գույքի օտարումը տվյալ ներդրումային ֆոնդում մասնակցություն ունեցող անձին, եթե անշարժ գույքը նախկինում ներդրումային ֆոնդի կողմից, որպես ներդրումային ֆոնդում փայի կամ բաժնետոմսի դիմաց ներդրում, ձեռք է բերվել տվյալ անձից.

50) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.

51) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:

(64-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 65. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները
1. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:

2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.

3) սույն մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով սահմանված գործարքների հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, բեռնաթափման, ուղեկցման և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.

5) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում հումքի վերամշակման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

6) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի մատակարարումը՝ նորոգողի (վերանորոգողի) կողմից.

7) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծման մաքսային մարմնից մինչև Հայաստանի Հանրապետությունից արտահանման մաքսային մարմին տեղափոխելու հետ ուղղակիորեն կապված աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

8) միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի՝

ա. լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարումը.

բ. սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, փոխադրման ընթացքում ուղևորներին ծառայությունների մատուցումը.

9) այն միջնորդական ծառայությունների մատուցումը, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն մասի 8-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.

10) անմաքս առևտրի խանութից ապրանքների մանրածախ վաճառքը միջազգային երթուղիներով մեկնող կամ ժամանող ուղևորներին, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսվող ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.

11) այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը.

12) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) ապրանքների մատակարարումը, նրանց համար աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը:

Սույն կետով սահմանված գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափը կիրառվում է միայն այն պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ, որոնց օրենսդրությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառություն է սահմանված տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության համար, կամ եթե նման կարգ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով, սույն կետով սահմանված դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է հարկային մարմնին: Սույն պարբերությամբ նշված ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմինը տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

Սույն կետով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի՝

ա. կիրառությունը հիմնավորվում է ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ԱԱՀ վճարողի կողմից Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան հաշիվ վավերագրերի դուրսգրմամբ,

բ. կիրառությունը և դիվանագիտական ներկայացուցչություններին իրենց կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գներում ներառված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով, եթե սույն կետում նշված գործարքների մասով հաշիվ վավերագրերի դուրս գրման փոխարեն դուրս են գրվել հարկային հաշիվներ կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ.

13) Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված Էլեկտրակապի օպերատորի կամ փոստային կապի օպերատորի կողմից օտարերկրյա համապատասխան օպերատորներին այն ծառայությունների մատուցումը, որոնց մասով, համապատասխանաբար` Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) կանոնադրությանը կամ Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը համապատասխան, կատարվում է միջազգային փոխկապակցման ծառայությունների շրջանակներում միմյանց մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարների փոխադարձ հաշվարկ:

(65-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Գ Լ ՈՒ Խ  14
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 66. Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրումը
  1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշիվներ (այսուհետ սույն բաժնում՝ հարկային հաշիվներ):
  2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում հարկային հաշիվներ դուրս չեն գրվում:

Հոդված 67. Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները
1. Հարկային հաշիվներ դուրս չեն գրում՝

1) ԱԱՀ վճարող չհամարվողները՝ ԱԱՀ վճարող չհամարվելու հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված գործարքների մասով: Սույն կետի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հարկային հաշիվը դուրս է գրվում հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող՝ հանձնակատար կամ գործակալ համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ համապատասխանաբար ԱԱՀ վճարող համարվող հանձնարարողի կամ ԱԱՀ վճարող համարվող պրինցիպալի անունից.

2) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ազատված են ԱԱՀ-ից.

3) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման.

4) Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով.

5) ապրանքի մատակարարման և ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի փոխարեն կազմվում և Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր:

3. Եթե ԱԱՀ վճարողը միաժամանակ իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված որևէ գործարք և այնպիսի գործարք, որի մասով պետք է դուրս գրվի հարկային հաշիվ, ապա կարող է հարկային հաշվում ներառել նաև սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված գործարքը:

(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 68. Հարկային հաշիվների վավերացումը
  1. ԱԱՀ վճարողները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների (այսուհետ սույն բաժնում՝ մատակարարների) կողմից դուրս գրված հարկային հաշիվները:
  2. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հարկային հաշվի դուրսգրումը համարվում է տվյալ հարկային հաշվի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացում:
Հոդված 69. Հաշվետու ժամանակաշրջանը
  1. ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

Հոդված 70. Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
1. ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:

Սույն մասով սահմանված դեպքերում՝

1) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով.

2) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքները համարվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացված, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, իսկ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

3) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ժամանակ ԱԱՀ-ի շեմը հաշվի չի առնվում.

4) պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողն ազատվում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունից, եթե ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ԱԱՀ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.

5) Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ արտոնագրային հարկ վճարող՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով:

(70-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
1. ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.

2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի,

բ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով,

գ. Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմնին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման դեպքում՝ ԱԱՀ-ի համապատասխան գումարի վճարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով,

դ. ապրանքների ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն առաջադրելու դեպքում՝ այդ պարտավորության կատարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով.

3) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվել և ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները) վճարվել են մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրի՝ հարկային մարմին ներկայացման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, այդ թվում՝ սույն կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում, եթե ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին չի ներկայացվել, և (կամ) ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները չեն վճարվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

գ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով,

դ. Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ներմուծման մասով հարկային մարմնին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման դեպքում՝ ԱԱՀ-ի համապատասխան գումարի վճարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով,

ե. հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքում ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն առաջադրելու դեպքում՝ այդ պարտավորության կատարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի չափով.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշվի դուրսգրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո.

5) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կոմիտենտի և կոմիսիոների կամ պրինցիպալի և գործակալի միջև իրականացված գործարքների մասով կոմիտենտի կամ պրինցիպալի կողմից համապատասխանաբար կոմիսիոների կամ գործակալի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.

6) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կոմիսիոների և կոմիտենտի կամ գործակալի և պրինցիպալի միջև իրականացված գործարքների մասով կոմիսիոների կամ գործակալի կողմից համապատասխանաբար կոմիտենտի կամ պրինցիպալի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.

7) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կոմիսիոների և երրորդ կողմի կամ գործակալի և երրորդ կողմի միջև իրականացված գործարքների մասով համապատասխանաբար կոմիսիոների կամ գործակալի կողմից երրորդ կողմի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.

8) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա երրորդ կողմի և կոմիսիոների կամ երրորդ կողմի և գործակալի միջև իրականացված գործարքների մասով երրորդ կողմի կողմից համապատասխանաբար կոմիսիոների կամ գործակալի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.

9) հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող` այդ գործարքների իրականացման նպատակով կատարված ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում, ներմուծման մաքսային և հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն հոդվածով սահմանված կանոններով:

(71-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`

1) ԱԱՀ վճարող չհամարվողները.

2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից.

3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին.

4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ.

5) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվին վերաբերող գործարքին.

6) եթե հարկային հաշիվը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն, համարվում է անապրանք փաստաթուղթ.

7) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր.

8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում:

(72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 73. Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
1. Եթե ապրանքի ձեռքբերումը կամ ներմուծումը (այդ թվում՝ հիմնական միջոցի կառուցումը), աշխատանքի ընդունումը կամ ծառայության ստացումը (այսուհետ սույն բաժնում՝ ձեռքբերումներ) ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին (այսուհետ սույն բաժնում՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքներ) կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին (այսուհետ սույն բաժնում՝ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) Օրենսգրքով սահմանված կարգով կատարվում է ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի), աշխատանքի կամ ծառայության մասով՝

ա. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրված մասին համապատասխանող արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցով որոշվող հարկի գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, և եթե տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքներին չվերագրված մասին համապատասխանող հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն ԱԱՀ-ով չհարկվող գործարք է.

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝

 

ա. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

բ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:

3. Եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում: 4. Եթե ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին, ապա`

1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի), աշխատանքի կամ ծառայության մասով՝

ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրված մասին համապատասխանող արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման` հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցով որոշվող հարկի գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, և եթե տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության՝ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին չվերագրված մասին համապատասխանող հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է.

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝

ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով հարկվող գործարքներին,

բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

5. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարի հաշվանցումը (պակասեցումը) հետաձգվում է Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքերով, ապա այդ գումարների հաշվանցումը (պակասեցումը) կատարվում է դրա իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջաններում՝ հիմք ընդունելով համապատասխան ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների տեսակարար կշիռները՝ առանց հաշվի առնելու հաշվանցման (պակասեցման) իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների տեսակարար կշիռները:

6. ԱԱՀ վճարողների կատարած ձեռքբերումների կորստի դեպքում այդ ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն` կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարի ավելացում կամ պակասեցում:

7. ԱԱՀ վճարողների կողմից հիմնական միջոցի լուծարման դեպքում, որի մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով: Սույն մասում նշված հիմնական միջոցը հետագայում որպես նույն նպատակային նշանակության հիմնական միջոց օտարելու դեպքում սույն մասով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցված ԱԱՀ-ի գումարները կրկին ենթակա են վերաձևակերպման` օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

8. Եթե ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է: Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ ավտոմեքենայի ձեռքբերման և (կամ) ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:

9. Եթե ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող՝ ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրով նախկինում ներկայացված՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում և ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը նվազեցվում է ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրի գրանցման կամ հարկային մարմին ներկայացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

10. Եթե ապրանքների ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների նվազած մասը նվազեցվում է հետբացթողումային ստուգման ակտի կազմման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

11. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու և կամ նոտարի պաշտոնից ազատվելու դեպքում համապատասխանաբար հաշվառումից դուրս գալու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առկա ակտիվների (բացառությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) գծով նախկինում հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները, իսկ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով՝ նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարների այն մասը, որը համապատասխանում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցվում են մինչև հաշվառումից դուրս գալը կամ մինչև նոտարի պաշտոնից ազատվելը վերջին անգամ որպես ԱԱՀ վճարող հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով: Սույն մասը կիրառվում է նաև այն դեպքում, եթե հաշվառումից դուրս գալու կամ նոտարի պաշտոնից ազատվելու պահին անհատ ձեռնարկատերը կամ նոտարը համարվում է շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

12. Օրենսգրքի համաձայն` ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա կամ հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետագայում կրկին հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու դեպքում կարող է մարվել ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվին: Սույն մասի կիրառության իմաստով` հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, այդ ժամանակաշրջանում Օրենսգրքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները:

13. Հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարների մասով սույն հոդվածով սահմանված դեպքերում և կարգով վերաձևակերպումներ (նվազեցումներ) չկատարելը, եթե այն հանգեցրել է հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու, Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով` համարվում է որպես հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ:

14. Սույն հոդվածով սահմանված կարգով վերաձևակերպումներ չեն կատարվում, եթե վերաձևակերպում կատարելու՝ սույն հոդվածով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողը չի համարվում ԱԱՀ վճարող:

(73-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված
 արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
1. ԱԱՀ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար):

2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող՝ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը, բացառությամբ սույն մասով և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:

3. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար: Այս դեպքում հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը, իսկ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այդ չափը գերազանցող մասը շարունակվում է հաշվառվել որպես փոխհատուցվող գումար և հետագայում ԱԱՀ-ի գումարի գծով հարկային պարտավորությունների մարմանն ուղղվում է կամ միասնական հաշվին մուտքագրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 75. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը
1. ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով թղթային եղանակով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը հարկային հաշվի դուրս գրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ:

(75-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 76. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների 
հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը
  1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:
  2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանումն իրականացվում է հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, ապա արտահանված ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը համապատասխանաբար հանձնարարողի, կոմիտենտի կամ պրինցիպալի մոտ կարող է հիմնավորվել, եթե համապատասխան հաշվարկային փաստաթղթերով հիմնավորվի հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից արտահանողի ապրանքների արտահանման փաստը:
Հոդված 77. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման 
դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը
1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը.

1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը.

2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

2. Այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը համապատասխանաբար հանձնակատարը, կոմիսիոները կամ գործակալը կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատությունը կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպիչը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը գնորդը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

 

 Գ Լ ՈՒ Խ   15
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 78. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարումը
1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե են վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը այդ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

5. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

6. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված դեպքերի:

7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ։

(78-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 79. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետի հետաձգումը
1. Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում`

1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը).

2) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթիվը (օրը), բայց ոչ ուշ, քան տվյալ ապրանքների ներմուծման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ:

4. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մինչև այդ մասում նշված ժամկետի լրանալը, եթե հարկ վճարողը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն կատարվող ներմուծումների մասով մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից կատարվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումների մասով` հարկային մարմնին, ներկայացնում է ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը վաղաժամ դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն՝ հարկային և (կամ) մաքսային մարմնի սահմանած ձևով: Սույն մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված չափով ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հայտարարության ներկայացման օրվան հաջորդող տասներորդ օրը ներառյալ:

5. Եթե սույն հոդվածով սահմանված` ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից օգտված հարկ վճարողը մինչև հետաձգման ժամկետի ավարտը լուծարվում է կամ հանվում է հաշվառումից, ապա վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հարկ վճարողի լուծարումը կամ հաշվառումից հանումը:

6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով` հարկային մարմինը:

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են պետական բյուջե` որպես «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով մաքսային մարմին վճարվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով` հարկային մարմին վճարվող գումարներ:

7. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում: Սույն մասով սահմանված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները ներկայացվում են` անկախ սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված հարկ վճարողի` ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:

8. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից Օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով` որպես ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարներ:

(79-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-191-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 80. Ավելացված արժեքի հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
  1. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
  2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
Հոդված 81. Ավելացված արժեքի հարկի գումարի փոխհատուցումը
  1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները Կառավարության սահմանած դեպքերում և կարգով փոխհատուցվում են օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

(81-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)