Բ Ա Ժ Ի Ն  7

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ
Գ Լ ՈՒ Խ  26
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 139. Եկամտային հարկը

 
1. Եկամտային հարկը Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Հոդված 140. Եկամտային հարկ վճարողները

 
1. Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

2. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:

Գ Լ ՈՒ Խ  27

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 141. Եկամտային հարկով հարկման օբյեկտը

 
1. Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: Սույն կետի կիրառության իմաստով՝ արտաքին տնտեսական գործունեությունն ընդունվում է Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նշանակությամբ:

Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները

 
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝

1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.

2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

3) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով:

(142-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 143. Եկամտային հարկով հարկման բազան

 
1. Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝

1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:

Հոդված 144. Եկամուտների ստացման աղբյուրները

 
1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝

1) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

2) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները.

3) պասիվ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում.

4) այլ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

2. Եթե հնարավոր չէ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված այլ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

3. Այն եկամուտները, որոնք սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ:

Հոդված 145. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

 
1. Եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի՝ Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից պակաս լինելու դեպքում՝ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի չափով.

2) բանկում կամ վարկային կազմակերպությունում գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 146. Գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը

 
1. Ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, եթե վերջիններս որպես գրավատու հանդես են գալիս որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ) գրավ դրված գույքը բռնագանձման արդյունքում (այդ թվում՝ հարկադիր կամ սնանկության աճուրդից գնման կամ հանձնման դեպքում) սեփականության իրավունքով գրավառու բանկին կամ վարկային կազմակերպությանը անցնելու դեպքում գրավատու ֆիզիկական անձի՝ գույքն օտարելուց ստացվող եկամուտ է համարվում գրավ դրված գույքի օտարման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին օտարելու դեպքում համարվում է, որ գրավատուն գույքն օտարելուց եկամուտ չի ստացել:

3. Արտադատական կարգով բռնագանձման արդյունքում բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած՝ գրավ դրված գույքի օտարումից ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և օտարման գին են համարվում`

1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե այդ օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը.

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել: Ընդ որում, բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումը անկախ գնահատողի կողմից:

4. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին կամ վարկային կազմակերպությանն ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

5. Բանկը կամ վարկային կազմակերպությունը և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնել, որ սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ գրավ դրված գույքի օտարման արդյունքում ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և օտարման գին համարվեն այն բանկին կամ վարկային կազմակերպությանը ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի որոշած շուկայական գինը: Սույն մասով սահմանված համաձայնությունը կնքվում է գրավոր:

6. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանն ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը (այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները), ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և օտարելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի օտարման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)

 
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարները` ֆիզիկական անձի հարկման բազայի հինգ տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները.

6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.

7) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների) ստացվող դրամական ապահովությունը.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող միանվագ վճարները.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացվող եկամուտները.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները: Սույն կետի կիրառության իմաստով՝ նվազեցվող եկամուտ չի համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքը.

14) ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները.

15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սույն կետում նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները.

16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում,

բ. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը,

գ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները,

դ. եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը,

ե. եթե սույն կետի «դ» ենթակետում չնշված գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը, բայց ոչ պակաս՝ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից,

զ. գույք ձեռք բերել չի համարվում գույքի՝ ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը.

17) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների՝ պետությունից ստացվող կրթաթոշակները, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները և մարմինները.

18) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ բաց թողնված եկամտի փոխհատուցման գումարների.

19) ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

20) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարները.

21) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները.

23) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով.

24) բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները.

25) պետական պարգևները (մրցանակները).

26) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրվող և հատուցվող տոկոսների.

27) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցվող գումարները.

28) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ անշարժ գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները.

29) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով.

30) միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար ֆիզիկական անձի օգտին հաշվեգրվող տույժերը.

31) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.

32) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) կամ վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը.

33) Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում: (նախադասությունը հանվել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

34) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

35) գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները՝ Օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն.

36) արժեթղթերից ստացվող եկամուտները՝ Օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն.

37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները:

(147-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 148. Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները

 
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները:

Հոդված 149. Արժեթղթերից ստացվող եկամուտները

 
1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև՝

1) գանձապետական պարտատոմսերի, պետական այլ արժեթղթերի և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը, մարման ժամանակ ստացվող զեղչը և (կամ) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը.

2) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը.

3) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտը (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, նման այլ գործարքներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):

2. Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե`

1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից.

2) ստացվում են որպես ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դիմաց հատուցում կամ փոխարինում են այդ հատուցմանը՝ անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից.

3) ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում.

4) ստացվում են որպես շահաբաժին:

(149-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը

 
1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

 

Հարկման բազայի ամսական մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

մինչև 150000 դրամը ներառյալ

23 տոկոս

150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ

34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

2000000-ից ավելի դրամ

552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

 

Հարկման բազայի տարեկան մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

մինչև 1800000 դրամը ներառյալ

23 տոկոս

1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ

414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

24000000-ից ավելի դրամ

6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

2. Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված՝ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության և (կամ) շինմոնտաժային աշխատանքների ու ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկային գործակալի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 13 տոկոս դրույքաչափով:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում կուտակված գումարները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստանալու դեպքում այդ գումարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող կենսաթոշակների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

5. Տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

6. Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

7. Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 58.35 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:

8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով:

9. Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով և 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի՝

1) «ա» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով (այդ թվում՝ նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող գնորդի), իսկ հարկային գործակալներից ստացվող եկամուտների մասով ֆիզիկական անձը եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով՝ անկախ սույն հոդվածի 9-րդ մասի համաձայն հարկային գործակալի կողմից այդ գործարքի մասով եկամտային հարկ հաշվարկված լինելու հանգամանքից.

2) «բ» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ սույն մասում նշված անձանցից տարբերվող հարկ վճարողներից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

11. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

12. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գույքի օտարում չի համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կամ պայմանագրային ներդրումային ֆոնդում գույքի ներդրումը:

13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:

Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտների՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ հոդվածով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափով և ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում՝ լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:

14. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ հարկ վճարողներից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպությունների՝ վերջիններիս թողարկած և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:

15. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

(150-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

(150-րդ հոդվածի 1-ին կետը 21.06.18 ՀՕ-338-Ն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2019 թվականին:)

Գ Լ ՈՒ Խ  28

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 151. Հաշվետու ժամանակաշրջանը

 
1. Օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկը հարկային գործակալի կողմից հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու դեպքերում եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

2. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողի՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված լինելու դեպքերում աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Հոդված 152. Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից

 
1. Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:

2. Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց եկամուտների մասով ժամանակին չպահված կամ պակաս պահված եկամտային հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել (գանձվել) ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ եկամտային հարկի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների (գանձումների) հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան վերջին երեք տարվա համար:

3. Կառավարության սահմանած դեպքերում օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտային հարկով հարկման բազայի վերահաշվարկ կատարվելու դեպքերում հարկային գործակալները կատարում են հաշվարկվող և պահվող եկամտային հարկի վերահաշվարկ:

(152-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 153. Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը

 
1. Հարկային գործակալն ազատվում է, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողն ազատված է հարկային գործակալի պարտավորությունից.

2) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են մրցույթներում ստացվող իրային մրցանակներին, ինչպես նաև խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումներին.

3) ֆիզիկական անձանց վճարվում են Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտներ:

Հոդված 154. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը

 
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների դրական տարբերությունը: Սույն մասով սահմանված նպաստները հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարներից պակասեցված են համարվում պակասեցման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ից: Սույն մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարների մեջ ներառվում են նաև Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքերում հաշվարկվող եկամտային հարկի գումարները՝ որպես նվազեցում կատարելու հարկային տարվան հաջորդող 12-րդ ամսվա հարկման բազա:

2. Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները:

Հոդված 155. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկմանկարգը

 
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալներին պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների բացասական տարբերություն:

Հոդված 156. Եկամտային հարկի հաշվարկները և այլ փաստաթղթերը ներկայացնելը

 
1. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

2. Հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Կառավարության սահմանած կարգով:

4. Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)՝

1) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկի պարզեցված հաշվարկներ.

2) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ:

5. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:

(156-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 157. Եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը

 
1. Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով կազմել և նրանց տրամադրել նրանց մասով հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի գումարների, ինչպես նաև գործատուի կողմից աշխատողի համար կատարված սոցիալական վճարների մասին տեղեկանքներ: Սույն մասով սահմանված տեղեկանքի ձևը, լրացման և տրամադրման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Գ Լ ՈՒ Խ  29

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 158. Եկամտային հարկի գումարի վճարումը

 
1. Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում՝

1) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Հոդված 159. Եկամտային հարկի գումարի վերադարձը և մուտքագրումը միասնական հաշվին

 
1. Օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի վերադարձն իրականացվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Օրենսգրքով սահմանված՝ չափից ավելի վճարված եկամտային հարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:

3. Բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները փոխհատուցվում են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:

(159-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 160. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 
1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի վերադարձվում, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը.

3) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:

3. Սույն հոդվածով սահմանված գումարները`

1) վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման եռամսյակային պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

4. Սույն հոդվածով սահմանված գումարներից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հարկային տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

5. Եթե սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ հարկային գործակալին կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով, կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ:

6. Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Սույն հոդվածի կիրառության նպատակով Կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը և Կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:

(160-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)