Բ Ա Ժ Ի Ն  14

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  58
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 285. Հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառումը

 
1. Հարկային մարմնի կողմից հարկային վարչարարության իրականացման նպատակով հարկային մարմինն իրականացնում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հաշվառում:

2. Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված` հաշվառող մարմինների կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի մասով հարկային վարչարարության իրականացման նպատակով հարկ վճարողների հաշվառումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

(285-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 286. Հարկ վճարողների հաշվառման համակարգը

 
1. Հարկային մարմնում գործում է հարկ վճարողների հաշվառման միասնական համակարգ:

2. Հարկ վճարողների հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների միջոցով:

3. ԱԱՀ վճարողների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 59-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան:

4. Հարկ վճարողների հաշվառման տվյալները գրառվում են հարկային մարմնում վարվող միասնական էլեկտրոնային գրանցամատյանում:

Հոդված 287. Հարկ վճարողի հաշվառման համարը

 
1. Հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ), որը հանդիսանում է նրա նույնականացման կոդը:

2. ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման: ՀՎՀՀ-ն չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողի:

3. Ֆիզիկական անձին տրամադրված ՀՎՀՀ-ն որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում մնում է անփոփոխ: Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ ՀՎՀՀ-ն, որը չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո հարկ վճարողը, որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, հարկային մարմին է ներկայացնում հարկային հաշվարկներ:

4. ՀՎՀՀ-ն կազմված է ութանիշ թվից: ՀՎՀՀ-ի առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվարկվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: ՀՎՀՀ-ի ստուգիչ նիշի հաշվարկման բանաձևը սահմանում է հարկային մարմինը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար բանկային հաշիվները բացվում են միայն ՀՎՀՀ-ի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:

Հոդված 288. Հարկային մարմնում հաշվառման կանգնելը

 
1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը ՀՎՀՀ-ն ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները ՀՎՀՀ-ն ստանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, մշտական հաստատությունները (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) ՀՎՀՀ ստանալու համար դիմում են հարկային մարմնին: Սույն մասում նշված հարկ վճարողների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Պետական ռեգիստրի գործակալությունում նոր գրանցված կազմակերպությունը հաշվառվում է իր պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` պետական հաշվառման) վայրի հասցեն սպասարկող հարկային մարմնում:

5. Պետական ռեգիստրի գործակալությունում նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը հաշվառվում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում:

6. Նոտարը հաշվառվում է իր նոտարական տարածքը սպասարկող հարկային մարմնում: Նոտարական տարածքը և հարկային մարմնի սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը հաշվառվում է իր գործունեության իրականացման հասցեն սպասարկող հարկային մարմնում:

7. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում:

8. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հաշվառվում են իրենց մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայր, գրասենյակ) գտնվելու տարածքը սպասարկող հարկային մարմնում:

9. Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության` Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված հատկանիշներով, ապա տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառվում է Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը դեռևս չի բնութագրվում մշտական հաստատության` Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված հատկանիշներով, ապա տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) կարող է հաշվառվել Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում:

10. Հարկ վճարողը համարվում է հաշվառված հարկային մարմնում միասնական էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:

(288-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 289. Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

 
1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը.

3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

4) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

4. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանալու դեպքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` անկախ սույն մասով սահմանված փաստաթղթերի ներկայացումից:

5. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը:

6. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում`

1) ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա. լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը,

բ. ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա. ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը,

բ. անձնագրի պատճենը:

(289-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 290. Հարկային մարմնում հաշվառման ձևակերպումը և կասեցումը

 
1. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-6-րդ մասերում նշված հարկ վճարողների ներկայացրած` հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով կամ չեն համապատասխանում Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին.

2) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ ներառված են հարկ վճարողի վերաբերյալ սխալ տվյալներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի ներկայացրած դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղեկացվում է դիմումը ստանալուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը` նշելով կասեցման հիմքը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերացումից հետո հարկային մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում հաշվառում է հարկ վճարողին:

3. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղեկացնելուց հետո սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը:

4. Կասեցման հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկությունները գրանցվում են միասնական գրանցամատյանում և փաստաթղթերի ստացումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը:

5. Հաշվառման կանգնելու մասին դիմումի և հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևերը սահմանում է հարկային մարմինը:

Հոդված 291.  Հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելը

 
1. Հարկային մարմնում հաշվառվելու համար Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հարկ վճարողները Օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

2. Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացված տվյալների ինքնաշխատ ստուգման ժամանակ անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում ներկայացված տեղեկությունները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են միասնական գրանցամատյանում:

3. Գրառման ավարտից հետո տեղեկատվական համակարգը դիմողին շնորհում է ՀՎՀՀ և հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը:

Գ Լ ՈՒ Խ  59
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 292. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման առանձնահատկությունները

 
1. Հարկային մարմնում ԱԱՀ վճարողների հաշվառումն իրականացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարների հիման վրա:

2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը ՀՎՀՀ-ն է, որի վերջում ավելացված է թեք գիծ և «1» թվային նիշը:

3. Հարկային մարմինը հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է որպես ԱԱՀ վճարող հաշվառված անձանց ցանկը՝ փնտրման հնարավորությամբ:

Հոդված 293. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը

 
1. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` սույն մասում նշված կետերով սահմանված օրը:

2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 2.1-ին մասով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի ներկայացրած հայտարարության հիման վրա` սույն մասում նշված կետերով սահմանված օրը:

(293-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Գ Լ ՈՒ Խ  60
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 294. Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում

 
1. Կազմակերպության վերակազմավորման դեպքում ՀՎՀՀ-ն փոխանցվում է կազմակերպության իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձևերի դեպքում՝

1) կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում են մեկ այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, իսկ միացող կազմակերպության կամ կազմակերպությունների ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից.

2) կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից.

3) կազմակերպությունների առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում նոր առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ այն կազմակերպությունը, որից կատարվել է առանձնացումը, շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.

4) կազմակերպությունների բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից:

2. Կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը ներկայացնում է հարկային մարմին` Կառավարության սահմանած կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանած կարգով:

(294-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 295. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը

 
1. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝

1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) և գործունեության փաստացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատասխանում միմյանց.

2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:

2. Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից մեկ այլ հարկային մարմին տեղափոխելու հիմքերն են՝

1) գործունեության հիմնական վայրի փոփոխությունը.

2) համախառն եկամտի կառուցվածքում որևէ մեկ վայրից ստացվող եկամտի տեսակարար կշռի գերակայությունը.

3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը.

4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունները:

Հոդված 296. Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը

 
1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և նոտարների անձնագրային տվյալների փոփոխության մասին տեղեկությունները բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմինը տրամադրում է հարկային մարմնին՝ Կառավարության սահմանած կարգով:

(296-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Գ Լ ՈՒ Խ  61
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 297. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը

 
1. Պետական ռեգիստրի գործակալությունն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն և լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը (դատարանի վճռով լուծարման դեպքում՝ դատարանի վճռի կամ որոշման վերաբերյալ տեղեկությունը):

2. Կազմակերպության՝ լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը լուծարվող կազմակերպությունում իրականացնում է համալիր հարկային ստուգում:

3. Հարկային մարմինը պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի գծով կազմակերպության հարկային պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում հարցումը ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում, տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի սահմանած ձևով:

4. Պետական ռեգիստրի գործակալությունը լուծարման մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն կազմակերպության լուծարման պետական գրանցման տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված:

Հոդված 298. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը (գործունեությունը դադարեցնելը)

 
1. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն, պետական հաշվառումից հանելու համար հիմք հանդիսացող դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը, սնանկության հետևանքով հաշվառումից հանելու դեպքում՝ դատարանի որոշման վերաբերյալ տեղեկություններ, մահվան դեպքում՝ մահվան տարին, ամիսը, ամսաթիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո հարկային մարմինը առցանց ռեժիմով պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է տեղեկություններ անհատ ձեռնարկատիրոջ՝ տվյալ օրվա դրությամբ հարկային մարմնում հաշվառված հարկային պարտավորությունների վերաբերյալ:

3. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու (գործունեությունը դադարեցնելու) մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված:

4. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ժամանակաշրջանի համար ֆիզիկական անձի ներկայացրած հարկային հաշվարկները, հարկերի և վճարների մասով կատարված վճարումների տվյալները գրառվում են հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

Հոդված 299. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառումից հանումը

 
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման որոշում կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն և լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներն ստանալուց հետո հարկային մարմինը լուծարվող կազմակերպությունում իրականացնում է համալիր հարկային ստուգում:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է տեղեկատվություն կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված:

Հոդված 300. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառումից հանումը

 
1. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին հաշվառումից հանելու համար հիմք է հանդիսանում նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը:

2. Սույն հոդվածում նշված տեղեկության ստացումից կամ փաստաթղթի պատճենի ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական գրանցամատյանում ֆիզիկական անձի վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Մահվան օրվանից ֆիզիկական անձը համարվում է հաշվառումից հանված:

3. Բնակչության ռեգիստր վարող մարմինը Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին տեղեկություններ է տրամադրում մահացած ֆիզիկական անձանց մասին:

(300-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 301. Նոտարների հաշվառումից հանումը

 
1. Հաշվառումից դուրս գալու համար նոտարը հարկային մարմին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.

1) նոտարական գործունեության կասեցման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշման պատճենը.

2) նոտարի պաշտոնից ազատման մասին դատարանի որոշման պատճենը.

3) նոտարի պաշտոնից ազատման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի պատճենը:

2. Նոտարին հաշվառումից հանելու համար կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած՝ նոտարի գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման մասին հրամանի կամ որոշման պատճենը կամ նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը:

3. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերից որևէ մեկի ստացման դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ նոտարի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Նոտարը գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման կամ մահվան օրվանից համարվում է հաշվառումից հանված:

Հոդված 302. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների հաշվառումից հանումը

 
1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված տվյալների հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Սույն մասում նշված կազմակերպությունների գործունեության դադարեցման պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված:

Հոդված 303. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից հանումը

 
1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից դուրս գալու համար հարկային մարմին է ներկայացնում դիմում: Դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատության գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Դիմումում նշված օրվանից ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը համարվում է հաշվառումից հանված:

2. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությանը հաշվառումից հանելու համար հիմք է հանդիսանում նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը: Սույն հոդվածում նշված փաստաթղթի պատճենի ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական գրանցամատյանում մշտական հաստատության վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Ֆիզիկական անձի մահվան օրվանից մշտական հաստատությունը համարվում է հաշվառումից հանված: