Բ Ա Ժ Ի Ն 16   ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ  66 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ


Հոդված 318.
Հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման չափման միավորը

  1. Հարկային հաշվարկներում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից կազմվող և հարկ վճարողին տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում, արձանագրություններում, ստուգման ակտերում և այլ փաստաթղթերում հարկ վճարողի հարկային պարտավորությունների գումարների, դեբետային գումարների և փոխհատուցման ենթակա գումարների հաշվառման համար, որպես չափման միավոր, ընդունվում է դրամը (լումաներն անտեսվում են):

Հոդված 319.
Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը

  1. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով:
  2. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող հարկային պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար):
  3. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես հարկային պարտավորություն:
  4. Օրենսգրքով սահմանված կանխավճարները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:
  5. Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն մասում նշված փոփոխության արդյունքում առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում առաջացող փոխհատուցման գումարների, որոնք համարվում են դեբետային գումարներ), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում` սկզբնական հարկի վճարման վերջնաժամկետից սկսած՝ հաշվարկվում են տույժեր: Սույն մասում նշված սկզբունքը կիրառվում է նաև Օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում:
(319-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 320.
Ստուգման ակտերով (ուսումնասիրության արձանագրություններով, վարչական ակտերով) առաջացող հարկային պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառումը

  1. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են համապատասխանաբար ստուգման ակտը (ուսումնասիրության արձանագրությունը, վարչական ակտը) կազմելու ամսաթվով, բայց ոչ ուշ, քան ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) անցկացման համար հիմք հանդիսացող հանձնարարագրի (որոշման) փակման օրը առանց այդ օրվա դրությամբ առկա մնացորդների փոփոխության:
  2. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև ստուգման ակտը կազմելու օրը՝ առանց հաշվի առնելու դեբետային գումարները (այդ թվում` նույն ստուգմամբ (ուսումնասիրությամբ) արձանագրված լրացուցիչ դեբետային գումարները):
  3. Հարկի կանխավճարների լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:
  4. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների վճարման 10-օրյա ժամկետի համար տույժեր չեն հաշվարկվում:
(320-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)





Հոդված 321.
Վերստուգման ակտերով, գանգատարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը

  1. Վերստուգման և նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները հաշվառվում են վերստուգման ակտը կազմելու օրով` Օրենսգրքի 320-րդ հոդվածի համաձայն (անկախ խախտման տեսակների փոփոխությունը հաշվի առնելու):
  2. Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները (կամ անգործությունը) հարկ վճարողի կողմից բողոքարկման հանձնաժողովին բողոքարկելու դեպքում դիմում-բողոքի ներկայացումը չի կասեցնում տույժերի հաշվարկումը:
  3. Բողոքարկման հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ ստուգման (վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ համարվելու դեպքում, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով պայմանավորված, անձնական հաշվի քարտերում (հատուկ անձնական հաշվի քարտերում) կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ և նախորդ որոշման և ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները` օրենսգրքի 320-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 322.
Հարկ վճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառմանառանձնահատկությունները

  1. Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով):
  2. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ՝ վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը կազմելու ամսաթվից)՝ հիմք ընդունելով հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները: Սույն մասով սահմանված դեպքերում իրավահաջորդ կազմակերպությունները մինչև վերակազմակերպման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով տեղեկանք՝ իրենց փոխանցված հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների մասին:
  3. Կազմակերպությունը վերակազմակերպելու մասին որոշման ընդունումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին: Վերակազմակերպվող կազմակերպությունը փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր հաշվառման վայրի հարկային մարմին միաժամանակ ներկայացնում է դիմում՝ համալիր հարկային ստուգում իրականացնելու մասին, և հարկային հաշվարկները: Համալիր հարկային ստուգումը պետք է սկսվի դիմումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 323.
Առանց իրավահաջորդության կազմակերպության լուծարման դեպքում հարկային պարտավորություններիհաշվառման առանձնահատկությունները

  1. Առանց իրավահաջորդության լուծարվող կազմակերպությունների հարկային պարտավորությունները մարվում են մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:

Հոդված 324.
Հարկ վճարողի սնանկությունը

  1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության գործի ավարտն ընկած ժամանակահատվածում գործում է մորատորիում (պարտատերերի պահանջների բավարարման սառեցում), որի դեպքում պահանջները բավարարվում են ըստ օրենքով սահմանված հերթականության, իսկ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումն իրականացվում է այդ ծրագրով սահմանված կարգով:
  2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության գործի ավարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մինչև ծրագրի ավարտի օրը ընկած ժամանակահատվածներում կանխավճարներ, տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում (այդ թվում` օրենքով սահմանված հերթականությամբ ժամկետները խախտելու դեպքում): Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության գործի ավարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մինչև ծրագրի ավարտի օրը ընկած ժամանակահատվածներում մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված գումարների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում, իսկ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով:
  3. Պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածները ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի անունից կառավարչի կողմից ներկայացված` սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած հարկային պարտավորությունները գրանցվում են այդ տեղեկատվության ընդունման ամսաթվով (որպես ապառք, որի նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում):

Հոդված 325.
Հարկային պարտավորությունների մարումները

  1. Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ միասնական հաշվին մուտքագրման օրը:
  2. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:
  3. Հարկային պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են սույն մասում նշված գումարների առկայության օրով:
  4. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար՝ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
  5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի, հարկային մարմնի արտաբյուջետային հաշվի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ:Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:
  6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները:
  7. Մարված հարկային պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն հոդվածի համաձայն:
  8. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
  9. Միասնական հաշվից հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարները հաշվառվում են պետական արտաբյուջետային միջոցների առանձին ենթահաշվում (հարկային մարմնի արտաբյուջետային հաշիվ):

Հոդված 326.
Միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը

  1. Միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում`
1) ճշտված հարկային հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած գումարների մասով` ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթիվը.

2) դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում հարկային պարտավորության պակասեցումից կամ Օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում նշված` միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով` դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման ընդունման ամսաթիվը.

3) համալիր հարկային ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հարկային պարտավորության պակասեցումից կամ Օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում նշված` միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով` համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունը կազմելու ամսաթիվը:


Հոդված 327.
Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը

  1. Ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին` հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա: Եզրակացությունը հարկային մարմինը կազմում և ներկայացնում է գանձապետարան` գումարների հիմնավորվածությունը հիմնավորող փաստաթղթերը` համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունը ուժի մեջ մտնելու, իսկ դատարանի վճիռը, բողոքարկման հանձնաժողովի որոշումը, ճշտված հարկային հաշվարկը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:
(327-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն)