Բ Ա Ժ Ի Ն 15 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  62 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ


Հոդված 304.
Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները

  1. Հարկ վճարողների սպասարկումը հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանվածծառայությունների մատուցումն է, որն ուղղված է հարկ վճարողների կամ հարկային գործակալների՝ Օրենսգրքով նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանը: Հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է հարկ վճարողների իրազեկման, հարկային հաշվարկների և Օրենսգրքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունման և (կամ) տրամադրման, ինչպես նաև հարկ վճարողների համար գրանցումների, հաշվառումների, հաստատումների, վավերացումների և այլ գործընթացների ձևով:
  2. Հարկային մարմինը հարկ վճարողների սպասարկման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկում.

2) պաշտոնական պարզաբանումների տրամադրում.

3) հարկ վճարողների իրազեկում.

4) հարկ վճարողների ցանկերի հրապարակում.

5) հարկ վճարողների իրազեկման այլ գործառույթների իրականացում.

6) էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում.

7) հարկային հաշվարկների ընդունում.

8) Օրենսգրքով սահմանված դիմումների, հայտարարությունների, այլ փաստաթղթերի ընդունում և հետագա ընթացքի ապահովում.

9) իրական ժամանակում առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների և դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովում.

10) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատում կամ ռեզիդենտությունը հաստատող տեղեկանքի տրամադրում.

11) Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք ստանալու համար դիմումի ընդունում և տեղեկանքի տրամադրում.

12) Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումի ընդունում և հաստատում.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ:
  1. Հարկային մարմինը սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթներն իրականացնում է անվճար, բացառությամբ այն ծառայությունների կամ գործողությունների, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի գանձում:

Գ Լ ՈՒ Խ  63
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 305.
Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը

  1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկում է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին:
  2. Հարկ վճարողներին հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին իրազեկումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում պաշտոնական հաղորդագրություն հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցների հետ ասուլիսներ և հանդիպումներ կազմակերպելու, հարցազրույցներ, հոդվածներ կամ տեղեկատվություն հրապարակելու կամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթներ ունենալու միջոցով:
  3. Հարկային մարմինը պարտավոր է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հարկ վճարողների իրազեկումն ապահովել ոչ ուշ, քան այդ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 306.
Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը

  1. Հարկային մարմինը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ` դրանք նախապես համաձայնեցնելով Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի հետ:
  2. Հարկային մարմինը պաշտոնական պարզաբանումը տրամադրում է դիմումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում: Եթե պաշտոնական պարզաբանման համար անհրաժեշտություն է առաջանում ստանալ այլ իրավասու մարմնի դիրքորոշումը, ապա պաշտոնական պարզաբանման տրամադրման ժամկետը հետաձգվում է մինչև իրավասու մարմնի դիրքորոշման ստացումը, ինչի մասին հարկային մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին:
  3. Պաշտոնական պարզաբանումները հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում: Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար ներկայացված դիմումը վերաբերում է իրավական ակտին կամ դրա դրույթին, որի համար հարկային մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում, ապա նոր պաշտոնական պարզաբանում չի տրվում, և դիմումի հիման վրա հարկային մարմինն իրականացնում է հարկ վճարողի անհատական իրազեկման գործընթաց` հղում կատարելով այն տեղեկագրին կամ հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքին, որտեղ հրապարակված է նախկինում տրված պաշտոնական պարզաբանումը:
(306-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն,  փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 307.
Հարկ վճարողների իրազեկումը

  1. Հարկային մարմինը հարկ վճարողի հարցադիմումի հիման վրա իրականացնում է իրազեկում:
  2. Հարկ վճարողի իրազեկումը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կիրառության, ինչպես նաև հարկային մարմնի և հարկային մարմնի պաշտոնատար անձանց պարտականությունների, լիազորությունների և գործողությունների մասին տեղեկության տրամադրումն է:
  3. Իրազեկման նպատակով հարկ վճարողը բանավոր և (կամ) գրավոր դիմում է հարկային մարմին: Բանավոր դիմումի դեպքում հարկային մարմինը դիմողի իրազեկումն իրականացնում է դիմումն ստանալուց անմիջապես հետո, իսկ գրավոր դիմումի դեպքում` դիմումն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Գրավոր դիմումի կապակցությամբ իրավասու այլ մարմին հարցում կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումի կատարման ժամկետը կարող է հետաձգվել ևս 15 օրով:
  4. Հարկային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրականացնում, եթե՝
1) հարցը չի առնչվում հարկային մարմնի լիազորությանը.

2) հարցը ենթադրում է պետական, ծառայողական, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակում.

3) բացակայում են`

ա. բանավոր դիմումի դեպքում` դիմողի անունը, ազգանունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև կազմակերպության անվանումը կամ ՀՎՀՀ-ն,

բ. գրավոր դիմումի դեպքում` դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը և ստորագրությունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն կամ գտնվելու վայրը.

4) դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ:
  1. Եթե դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում իրազեկում չի իրականացվում, ապա հարկային մարմինը հինգ օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դիմողին` նշելով իրազեկում չիրականացվելու պատճառը և հիմքը:
  2. Եթե մեկից ավելի հարց պարունակող դիմումի որևէ հարցի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում իրազեկում չի իրականացվում, ապա հարկային մարմինն իրազեկումն իրականացնում է դիմումի մնացած հարցերի վերաբերյալ:
  3. Եթե բանավոր հարցի հիման վրա իրազեկում իրականացնելու համար անհրաժեշտ է իրավական ակտից մեջբերում կամ հարկային մարմնի պարզաբանում, ապա հարկային մարմինը դիմողին առաջարկում է ներկայացնել գրավոր դիմում:
  4. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման աշխատանքների շրջանակներում առավել հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները (պատասխանները)՝ առանց հարկ վճարողներին վերաբերող տվյալների, տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ հետագայում նույն հարցերով տրվող դիմումների հիման վրա իրազեկումներ կատարելու նպատակով հղում է կատարում պաշտոնական ինտերնետային կայքում տրված համապատասխան իրազեկումներին:

Հոդված 308.
Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը

  1. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով Կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝
1) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ`

ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,

բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը,

գ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,

դ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,

ե. Օրենսգրքի 384-րդ հոդվածի համաձայն՝ գործունեությունը կասեցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը,

ե.1. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով,

զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:

(308-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-193-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 309.
Հարկ վճարողների իրազեկման այլ գործառույթները

  1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկման նպատակով իրականացնում է ծանուցման, հիշեցման, տեղեկատվական նյութերի տրամադրման, տեղեկատվական և ուսումնական միջոցառումների անցկացման գործառույթներ:
  2. Սույն հոդվածում նշված իրազեկման գործառույթների իրականացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Գ Լ ՈՒ Խ  64 ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


Հոդված 310.
Էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի կնքումը, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրումը

  1. Հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացումն իրականացվում է հարկային մարմնի հետ կնքված` էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի (այսուհետ` ԷՆՊ) հիման վրա և էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով:
  2. ԷՆՊ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է, որում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնող լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը), հարկ վճարողի կամ հարկային գործակալի և հարկային մարմնի լիազորություններն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից հարկային հաշվարկները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացված լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմինը:
  3. Էլեկտրոնային թվային ստորագրության սահմանումը և կիրառությունը կարգավորվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան, ինչպես նաև գաղտնաբառի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործող անձին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:
  4. ԷՆՊ կնքելու և էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը հարկային մարմին է ներկայացնում`
1) անձնագիրը կամ նույնականացման քարտը.

2) հանրային ծառայությունների համարանիշը (դրա բացակայության դեպքում` լիազոր մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը):
  1. Հարկային մարմինը ԷՆՊ-ն լրացնում և կնքում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
  2. ԷՆՊ կնքելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը հարկ վճարողի կամ հարկային գործակալի իրավասու անձին առձեռն հանձնում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը` ապահովելով դրանց գաղտնիությունը: Հարկ վճարողը կամ հարկային գործակալը պատասխանատու է էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պահպանման և չտարածման համար: Գաղտնաբառի կորստի, վնասի կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը կամ հարկային գործակալը նոր գաղտնաբառ ստանալու համար դիմում է հարկային մարմին: Գաղտնաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է հարկային մարմնի հաստատած պարզեցված ընթացակարգով:

Հոդված 311.
Հարկային հաշվարկների ընդունումը

  1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված դեպքերում ընդունում է հարկ վճարողի կամ հարկային գործակալի ներկայացրած` Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները:
  2. Հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու նպատակով հարկ վճարողը կամ հարկային գործակալը Օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ կնքում է ԷՆՊ, ստանում է էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:
  3. Հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում էլեկտրոնային համակարգը օգտվողին ներկայացնում է ծանուցում, որով հավաստվում է հարկային հաշվարկն ընդունելու փաստը, ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր:
  4. Հարկ վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է կայքի համապատասխան դարանում, որտեղից հարկ վճարողը կարող է արտածել և տպել հարկային հաշվարկը:
  5. Հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է էլեկտրոնային եղանակով ընդունված հարկային հաշվարկի տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

Հոդված 312.
Այլ փաստաթղթերի, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ թղթային եղանակով հարկային հաշվարկների ընդունումը

  1. Հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը (այսուհետ՝ այլ փաստաթղթեր) հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց համար էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն հարկային մարմնի՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում ստեղծված չէ:
  2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով:
  3. Հարկ վճարողը թղթային կրիչով այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:
  4. Թղթային կրիչով այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում`
1) փոստային կապի միջոցով` միայն պատվիրված նամակով.

2) առձեռն` հանձնելով հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձին:
  1. Այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:
  2. Պատվիրված նամակը հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային մարմնի փոխարեն այլ հարկային մարմին ներկայացնելու դեպքում պատվիրված նամակը ստացած հարկային մարմինը այն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձի գրությամբ փոստային կապի միջոցով կամ առձեռն` հետ ստացման մասին ստորագրությամբ, վերադարձնում է հարկ վճարողին:
  3. Այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու դեպքում այլ փաստաթուղթը և հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից նամակի ծրարի վրա դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը: Եթե պատվիրված նամակի ծրարի վրա բացակայում է փոստային բաժանմունքի օրացուցային կնիքի արտատիպը կամ այն վնասված կամ բացահայտ անընթեռնելի է, ապա պատվիրված նամակը հարկային մարմինը չի ընդունում:
  4. Այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու դեպքում հարկ վճարողը նամակի ծրարի վրա նշում է իր հաշվառման կամ գտնվելու վայրի հետադարձ հասցեն: Ծրարները, որոնց վրա բացակայում է հարկ վճարողի հետադարձ հասցեն, հարկային մարմինը չի ընդունում: Նամակում պարունակության նկարագրության թերթիկի (այսուհետ սույն հոդվածում` թերթիկ) առկայությունը պարտադիր է, որում ցանկի տեսքով նշվում են նամակում պարունակվող բոլոր այլ փաստաթղթերի և հարկային հաշվարկների անվանումները և դրանց էջերի քանակը: Հարկ վճարողը թերթիկը ստորագրում և ամրակցում է ներկայացվող այլ փաստաթղթերին և հարկային հաշվարկներին: Թերթիկի բացակայության դեպքում պատվիրված նամակով ներկայացված բոլոր այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները դրանք ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, իրավասու պաշտոնատար անձի գրությամբ և համապատասխան հիմնավորմամբ, փոստային կապի միջոցով կամ առձեռն` հետ ստանալու մասին ստորագրությամբ, վերադարձնում է հարկ վճարողին:
  5. Հարկային մարմնի կողմից այլ փաստաթուղթը և հարկային հաշվարկները հարկ վճարողին վերադարձնելու դեպքում վերադարձման օր է համարվում այլ փաստաթղթով և հարկային հաշվարկներով պատվիրված նամակը փոստային (սուրհանդակային) ծառայության կողմից ընդունելու օրը: Եթե պատվիրված նամակի ծրարի վրա բացակայում է փոստային բաժանմունքի օրացուցային կնիքի արտատիպը կամ այն վնասված կամ բացահայտ անընթեռնելի է, ապա այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկը չի համարվում վերադարձված հարկ վճարողին:
  6. Պատվիրված նամակով ներկայացված այլ փաստաթղթի և հարկային հաշվարկի ընդունման ժամանակ հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձը ստուգում է այլ փաստաթղթում և հարկային հաշվարկում պարտադիր լրացման ենթակա տվյալների առկայությունը:
  7. Այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկը հարկային մարմնի (այդ թվում՝ այլ գերատեսչությունների հետ համատեղ) սահմանած ձևով չներկայացնելու կամ այլ փաստաթղթում կամ հարկային հաշվարկում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալի բացակայության կամ թերթիկում նշված որևէ այլ փաստաթղթի կամ դրա անբաժանելի մաս կազմող փաստաթղթի բացակայության դեպքում այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկը համարվում է չներկայացված, ինչի մասին հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձը այլ փաստաթուղթը կամ հարկային հաշվարկն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է հարկ վճարողին:
  8. Թղթային կրիչով ներկայացված այլ փաստաթղթերը և հարկային հաշվարկները կարվում են հարկ վճարողի հարկային գործում:

Հոդված 313.
Առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների և դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովումը

  1. Հարկ վճարողը հնարավորություն ունի իրական ժամանակում առցանց եղանակով դիտելու իր անձնական հաշվի քարտը (այդ թվում՝ հարկային պարտավորությունները և դրանց մարումները):
  2. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու իր անձնական հաշվի քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն և, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:

Հոդված 314.
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կամ կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրումը

  1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող՝ վավերացված միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումն ապահովելու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը իրականացվում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրման կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ օտարերկրյա ռեզիդենտության փաստը հաստատող ձևի հաստատման միջոցով: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ձևը համարվում է ռեզիդենտության փաստը հաստատող ձև, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի բովանդակությանը:
  3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը: Հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքը կամ գրավոր մերժում է դրա տրամադրումը՝ նշելով պատճառը:
  4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է`
1) կազմակերպության դեպքում` տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը.

2) ֆիզիկական անձի դեպքում`

ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը,

բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:
  1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա են նախորդ հարկային տարիներին վերաբերող և ռեզիդենտության փաստը հաստատող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Հոդված 315.
Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքն ստանալու համար դիմումի ընդունումը և տեղեկանքի տրամադրումը

  1. Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և Օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը (այսուհետ սույն հոդվածում` տեղեկանք) ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Եթե ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում շահութահարկը կամ եկամտային հարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում:
  3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը) և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից և կնքվում է (կնիքի առկայության դեպքում)՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`
1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.

2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.

3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.

4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:
  1. Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:
  2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը սահմանում է հարկային մարմինը:
(315-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Գ Լ ՈՒ Խ  65  ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Հոդված 316.
Հորիզոնական մոնիտորինգի համակարգը

  1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպության հետ կնքված համաձայնագրի հիման վրա իրականացնում է կազմակերպության հորիզոնական մոնիտորինգ:
  2. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը հարկային մարմնի և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան խոշոր համարվող կազմակերպության միջև կամավորության սկզբունքով կնքված փոխհամագործակցության համաձայնագրի հիման վրա հարկային մարմնի կողմից իրականացվող սպասարկման և ընթացիկ հսկողության համակարգ է, որն ապահովում է՝
1) կազմակերպության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիություն.

2) կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների էլեկտրոնային եղանակով տրամադրում (այդ թվում` կատարված կամ նախատեսվող գործարքների մասով ծագած հարցերով).

3) կազմակերպության կողմից իրականացվող գործարքների և հաշվառման տվյալների նկատմամբ հարկային մարմնի կողմից մոնիտորինգի իրականացում.

4) կազմակերպության և հարկային մարմնի միջև իրական ժամանակում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակում:
  1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը ներդրվում և կիրառվում է անվճար հիմունքներով:
  2. Հորիզոնական մոնիտորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը և մոնիտորինգի անցկացման կարգերը սահմանում է Կառավարությունը:
  3. Գործունեության ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները կարող են օգտվել հորիզոնական մոնիտորինգի համակարգից, սահմանում է Կառավարությունը:
  4. Սույն հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիտորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունների ցանկը և դրանում կատարվող փոփոխությունները հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում համաձայնագրի կնքումից կամ համաձայնագիր կնքած կազմակերպությունների ցանկում փոփոխությունների կատարումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(316-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 317.
Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը

  1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը հարկային մարմնի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե՝
1) կազմակերպությունը չի կատարել հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել հորիզոնական մոնիտորինգ,

2) հարկային մարմնում առկա են փաստեր կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանակահատվածում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ,

3) հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման և վճարման ճշտության վերաբերյալ տեղեկությունների, կազմակերպության ներկայացրած տվյալների և հարկային մարմնում առկա տվյալների միջև հայտնաբերվող շեղումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու՝ հարկային մարմնի պահանջի դեպքում կազմակերպության կողմից երկու և ավելի անգամ համապատասխան պարզաբանումներ չեն ներկայացվել:
  1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը կարող է վաղաժամկետ դադարեցվել կազմակերպության նախաձեռնությամբ:
  2. Հարկային մարմնի կամ կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում դադարեցնող կողմը այդ մասին պարտավոր է մյուս կողմին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան դադարեցումից առնվազն մեկ ամիս առաջ: