Բ Ա Ժ Ի Ն 18 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գ Լ ՈՒ Խ 76 ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 397.
Հարկային իրավախախտումը և հարկային պատասխանատվությունը

  1. Հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
  2. Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
  3. Հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 398.
Հարկային իրավախախտումների արձանագրումը

  1. Հարկային վարչարարության իրականացման ընթացքում հարկային իրավախախտում հայտնաբերելուց անմիջապես հետո հարկային մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային իրավախախտումները բացահայտվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների հաշվառման արդյունքում:
  2. Արձանագրության ձևը և լրացման կարգը հաստատում է հարկային մարմինը: Արձանագրությունը պետք է պարունակի՝
1) արձանագրությունը կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

2) հարկային իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը (հայտնի լինելու դեպքում).

3) հարկային իրավախախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ձեռք բերված տեղեկությունները և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

4) ձեռք բերված տեղեկությունների սահմաններում հարկային պարտավորության նախնական հաշվարկը և պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը.

5) արձանագրությունը կազմած հարկային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը:
  1. Կազմված արձանագրությանը կարող են կցվել հարկային իրավախախտման փաստը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, լուսանկարներ, էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչներ, նյութեր և անհրաժեշտ տեղեկություններ պարունակող այլ իրեր:
  2. Արձանագրությունը կազմելուց հետո այն ներկայացվում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Եթե կազմված արձանագրության հիման վրա հարուցվում է վարչական կամ քրեական վարույթ, ապա արձանագրությունը պահպանվում է վարչական կամ քրեական գործում, իսկ եթե վարույթ չի հարուցվում, այն պահպանվում է հարկ վճարողի հարկային գործում՝ հետագա հարկային հսկողության ընթացքում օգտագործելու նպատակով:
  3. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:

Հոդված 399.
Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվություն կիրառելու ընդհանուր պայմանները

  1. Հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության ենթակա չեն, եթե հարկային իրավախախտման օբյեկտ հանդիսացող տվյալ հարկային իրավահարաբերությունում առաջնորդվել են հարկային մարմնի պաշտոնական պարզաբանումներով:
  2. Հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային մարմնի կամ օրենքով լիազորված այլ պետական մարմինների կողմից հարկային պատասխանատվության են ենթարկվում Օրենսգրքով սահմանված կարգով ընդունված ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ, եթե Օրենսգրքով նախատեսված է ուսումնասիրության արդյունքում հարկային պարտավորությունների առաջադրում կամ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտով կամ այլ վարչական ակտով:
  3. Հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից երկու և ավելի հարկային իրավախախտում կատարելու դեպքում հարկային պատասխանատվությունը կիրառվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին:
  4. Հարկ վճարողին կամ հարկային գործակալին հարկային իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը չի ազատում նրանց կամ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարչական, քրեական կամ այլ պատասխանատվության կիրառումից:
  5. Հարկային պատասխանատվության կիրառումը հարկ վճարողին չի ազատում Օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

Հոդված 400.
Հարկային պատասխանատվության տեսակները

  1. Հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության հետևյալ տեսակները.
1) նախազգուշացում.

2) տույժ.

3) տուգանք.

4) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում.

5) հարկ վճարողի գործունեության կասեցում:
  1. Նախազգուշացման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում:
  2. Տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:
  3. Տուգանքի նշանակման դեպքում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով կատարելու համար Օրենսգրքի 77-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ տոկոսային կամ հաստատուն դրույքաչափով` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:
  4. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման դեպքում հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկային մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում բացահայտելու դեպքում հարկային մարմինն անհապաղ ձեռնարկում է Օրենսգրքով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող՝ գույքի արգելանքի ապահովման միջոցը: Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը:
  5. Հարկ վճարողի գործունեության կասեցման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանում: Օրենսգրքով սահմանված դեպքերում կասեցումը կարող է փոխարինվել տուգանքով:
  6. Միևնույն հարկային իրավախախտման համար չեն կարող կիրառվել հարկային պատասխանատվության տարբեր տեսակներ, բացառությամբ սույն բաժնով սահմանված դեպքերի:
  7. Սույն հոդվածով սահմանված հարկային պատասխանատվության տեսակների նկատմամբ հարկային պատասխանատվության այլ տեսակներ չեն կիրառվում:
(400-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)




Գ Լ ՈՒ Խ  77

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 401.
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը

  1. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկման օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
  3. Սույն հոդվածով սահմանված կարգով տույժեր են հաշվարկվում նաև այն դեպքերում, երբ`
1) Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովը փոփոխում կամ կասեցնում է արտոնյալ որակված սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի որոշումները` դրանց շրջանակներում պակաս վճարված կամ չվճարված ԱԱՀ-ի գումարների նկատմամբ.

2) Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 37-րդ կետով սահմանված` լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարների նկատմամբ` սկսված ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի գումարների վճարման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետին հաջորդող օրվանից, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում չեն վերաարտահանվում Հայաստանի Հանրապետության տարածքից:


Հոդված 402.
Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը

  1. Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկը (բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության) Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:
Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում սույն մասով սահմանված տուգանքի կիրառության իմաստով, յուրաքանչյուր 15 լրացած օրվա հաշվարկը սկսվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարման ենթակա հարկային պարտավորության մեծությունն արտահայտող վարչական ակտի ամսաթվից:
  1. Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ հարկի գծով համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթվից, իսկ անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև այլ վարչական ակտի ամսաթվից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված հարկի ընդհանուր գումարը:
(402-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 403.
Հարկի գումարը պակաս ցույց տալը

  1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում (բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության) հարկի գումարը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման արդյունքում կազմվող ակտով արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարելու օր է համարվում նախորդ խախտման արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում`
1) մինչև հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետը խախտում ներառող հարկային հաշվարկը հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը (անկախ հետագայում ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու հանգամանքից).

2) հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի ավարտից հետո խախտում ներառող հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հարկային հաշվարկը փաստացի ներկայացնելու օրվանից և անկախ հետագայում ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու հանգամանքից):
  1. Շրջանառության հարկ վճարողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի շրջանառության հարկի հաշվարկում հարկի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
  2. Եթե համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկում պակաս ցույց տրված հարկի գումարը (կամ դրա մի մասը) ցույց է տրվել՝
1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող` տվյալ համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված որևէ հաշվետու ժամանակաշրջանում, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն այդ գումարների մասով չեն կիրառվում.

2) տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող` տվյալ համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված որևէ հաշվետու ժամանակաշրջանում, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն այդ գումարների մասով կիրառվում են կիսով չափ:

Սույն մասի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջաններին նախորդող` տվյալ համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված հաշվետու ժամանակաշրջաններում՝

1) ավելի վաղ ցույց տրված՝ հարկի ավելի գումարները (կամ դրանց մի մասը) մարված են համարվում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկում ավելի վաղ ցույց տրված՝ հարկի պակաս գումարների (կամ դրանց մի մասի) հաշվին.

2) ավելի վաղ ցույց տրված՝ հարկի պակաս գումարները (կամ դրանց մի մասը) մարված են համարվում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկում ավելի վաղ ցույց տրված՝ հարկի ավելի գումարների (կամ դրանց մի մասի) հաշվին:

(403-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 404.
Հարկային վնասն ավելի ցույց տալը

  1. Յուրաքանչյուր հարկային տարվա համար հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում հարկային վնասն ավելի ցույց տալու դեպքում համալիր հարկային ստուգմամբ այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ավելի ցույց տված հարկային վնասը պակասեցվում է, այդ թվում` Օրենսգրքով սահմանված կարգով հետագա հաշվետու ժամանակաշրջաններ տեղափոխվող չափով:
(404-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 405.
Հաշվապահական հաշվառումը սահմանված կարգով չվարելը կամ հաշվապահական հաշվառման տվյալները ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացնելը

  1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համակարգչային ծրագրերով չվարելը համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերելու կամ համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով դրան հաջորդող աշխատանքային օրը սույն հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝
1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.

2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի 500 միլիոն դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
  1. Սույն հոդվածով սահմանված դեպքերում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով տրամադրումն արձանագրվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրում են հարկ վճարողը և ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք:
  2. Սույն հոդվածով սահմանված դեպքերում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
(405-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 406.
Ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը

  1. Համալիր հարկային ստուգման ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով:
  2. Չափագրումների ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասում նշված տուգանքը գանձվում է`
1) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումը որևէ ամսում, իրացման շրջանառությունը գերազանցել է 100 միլիոն դրամը.

2) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումը որևէ ամսում, ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) հանրագումարը գերազանցել է 100 միլիոն դրամը:
  1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ չափագրման արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հաջորդ չափագրման արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չափագրումների արդյունքներով պակասորդի հայտնաբերման դեպքում տուգանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:
  3. Սույն հոդվածով սահմանված տուգանքները պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:
  4. Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, արտոնագրային հարկ վճարողների նկատմամբ` արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով:

Հոդված 407.
Ապօրինի գործունեությամբ զբաղվելը

  1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) իրականացումը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտման կրկնակի և հետագա (անկախ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակից) փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:
  3. Եթե իրականացվող ապօրինի գործունեությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է ծանուցման, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներից բացի, խախտումներ կատարած անձանցից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են մեկից ավելի լիցենզավորման կամ ծանուցման ենթակա ապօրինի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում կամ ծանուցման մեջ նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերին համապատասխան գումարի չափով:
  4. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
  5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն են:
  6. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն իրականացնողի ձեռնարկատիրական եկամտի որոշման անհնարինության դեպքում ձեռնարկատիրական եկամուտը որոշումէ հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը:
  7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`
1) անձնական գույքի (ներառյալ՝ անշարժ գույքի) և իրերի օտարումը, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի.

2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.

3) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության շրջանակներում վարձու աշխատող չհանդիսացող ընտանիքի անդամի գործունեությունը.

4) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ ինքնավար էներգաարտադրողների արտադրած էլեկտրական էներգիայի հանձնումն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում՝ դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը.

5) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը և (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը:
  1. Սույն հոդվածը չի կիրառվում`
1) սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով.

2) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն օրենքով սահմանված կարգով կարող է իրականացվել առանց պետական հաշվառման` գործունեության այդ մասով.

3) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի նկատմամբ՝ այդ մշտական հաստատությանը վերագրվող գործունեության մասով:

(407-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 408.
Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը

  1. Համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտման կրկնակի և հետագա փաստը համալիր հարկային ստուգմամբ և (կամ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու դեպքում կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը համարվում է կրկնակի` անկախ լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա՝ իրականացվող գործունեության տեսակից:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված խախտումներ հայտնաբերվելու դեպքերում խախտումներ կատարած կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա մեկից ավելի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում կամ ծանուցման մեջ նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան գումարի չափով: Սույն մասով սահմանված վնասի հատուցումը չի գանձվում սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ լիցենզիայի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվել է օրենքով սահմանված կարգով:
  4. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
  5. Սույն հոդվածի 1-ի և 2-րդ մասերով սահմանված տուգանքները չեն կիրառվում այն դեպքերում, երբ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է առանց լիցենզավորող մարմնի որոշման՝ անկախ օրենքի ուժով կասեցված լինելու հանգամանքից:
  6. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն գործունեության տեսակների ծանուցում ներկայացրած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, որոնց նույն օրենքով արգելվում է հարկային տարվա որևէ ամսվա արդյունքներով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարի տասը տոկոսից ավելին հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլելը, հարկային տարվա որևէ ամսվա արդյունքներով այդ սահմանաչափը գերազանցելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափերին համապատասխան տուգանքները: Սույն մասի կիրառության իմաստով՝
1) իրացման շրջանառության սահմանաչափը վերաբերում է գործունեության բոլոր տեսակների մասով հարկ վճարողի՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառությանը՝ անկախ գործունեության՝ ծանուցման ենթակա լինելու հանգամանքից և իրականացվող գործունեության տեսակներից.

2) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքները հաշվարկվում են կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցումներով ներկայացրած` միայն սույն մասով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի համապատասխան բազմապատիկ մեծությունների հանրագումարի չափով:


Հոդված 409.
Արգելված գործունեությամբ զբաղվելը

  1. Համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով արգելված գործունեություն հայտնաբերելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս տասը միլիոն դրամից:
  2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
1) արգելված է համարվում այն գործունեությունը (այդ թվում՝ գործողությունն ու գործառույթը), որի իրականացումն օրենքով Հայաստանի Հանրապետությունում (այդ թվում՝ օրենքով սահմանված տարածքներում) արգելված է կամ որի իրականացումն օրենքով արգելված է անձանց որոշ խմբերին.

2) արգելված գործունեություն չի համարվում լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց իրականացումն անձանց տվյալ խմբի համար արգելված է օրենքով:
  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) անձանց համար արգելված գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառության առումով, արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը որոշում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը:
  3. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
(409-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 410.
Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը

  1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով՝
1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից.

2) սույն մասի 1-ին կետում նշված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

ա. խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից,

բ. խախտման երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
  1. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝
1) գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար օրենքով սահմանված ժամկետներում.

2) խախտումը երկրորդ, երրորդ և ավելի անգամ կատարելու փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտման՝ համապատասխանաբար երկրորդ, երրորդ և ավելի անգամներ կրկնվելը:
  1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Օրենսգրքով սահմանված կարգով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասով սահմանված երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
  2. Սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝
1) գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պահին.

2) խախտման կատարման երկրորդ փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սույն մասով սահմանված խախտման կրկնվելը:
  1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության հաստատած ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող և հարկային արտոնություններից օգտվող հարկ վճարողի կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցները: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված խախտման հայտնաբերման դեպքում համապատասխան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել հարկերից ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:
  2. Սույն հոդվածով սահմանված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում և քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք:
  3. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
  4. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը:
  5. Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում սույն հոդվածով սահմանված տուգանքը ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Այդ դեպքում տուգանքը կիրառվում է ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ չտրամադրած` ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ:
  6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, արտոնագրային հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով:
  7. Սույն հոդվածի դրույթները ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ կիրառելի են միայն ձեռնարկատիրական գործունեության մասով:
(410-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

(410-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 108-րդ հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին)


Հոդված 411.
Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ չփակցնելը

  1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները) չփակցնելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցված տեղեկության մասով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցված տեղեկության մասով 100 հազար դրամի չափով:
  3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:

Հոդված 412.
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը

  1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում՝ ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար գանձվում է տուգանք՝
1) 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը մեկից երեք է.

2) 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը չորսից վեց է.

3) 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը յոթից ինն է.

4) 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:
  1. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը:
(412-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 413.
Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը

  1. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը Օրենսգրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ենթակա է բռնագրավման՝
1) Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված՝ դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում.

2) Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնի խախտման այն դեպքում, երբ օտարվող ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է 50 հազար դրամը.

3) Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեության ընթացքում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքում:

(413-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 414.
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները սահմանված կարգով չգրանցելը

  1. Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, 25 տոկոսի չափով:
  2. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, 50 տոկոսի չափով:
  3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի կամ ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:

Հոդված 415.
Անապրանք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելը և (կամ) ստանալը

  1. Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար Օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ), իսկ կողմերի միջև փաստացի գործարք կատարված չլինելու դեպքում` անապրանք փաստաթղթում նշված գումարի չափով: Սույն մասին համապատասխան հաշվարկված տուգանքի գումարը մեկ միլիոն դրամից պակաս լինելու դեպքում տուգանքը կիրառվում է մեկ միլիոն դրամի չափով:
  2. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար Օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ) կրկնապատիկի, իսկ կողմերի միջև փաստացի գործարք կատարված չլինելու դեպքում` անապրանք փաստաթղթում նշված գումարի կրկնապատիկի չափով: Սույն մասին համապատասխան հաշվարկված տուգանքի գումարը 2 միլիոն դրամից պակաս լինելու դեպքում տուգանքը կիրառվում է 2 միլիոն դրամի չափով:
  3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:
  4. Սույն հոդվածով սահմանված տուգանքը անապրանք փաստաթուղթ ստացած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, եթե փաստաթուղթը ստացողի կողմից վավերացվել է և հիմք է հանդիսացել հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և (կամ) վճարման համար:

Հոդված 416.
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը

  1. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`
1) 300 հազար դրամի չափով, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի.

2) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:
  1. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`
1) 600 հազար դրամի չափով, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով գործունեության այդ մասով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի ապահովումը.

2) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով գործունեության այդ մասով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի ապահովումը:
  1. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի)խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`
1) 150 հազար դրամի չափով, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի.

2) 600 հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:
  1. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է՝
1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով.

2) Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով:
  1. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է՝
1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 600 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով.

2) Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով:

5.1. ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված կամ փաստացի վաճառված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի և (կամ) ծավալի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են հինգ միլիոն դրամի չափով:
  1. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված, սակայն Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության հայտնաբերման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում: Սույն մասով սահմանված՝ նախազգուշացման կիրառության համար հիմք հանդիսացող խախտման դեպքը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ խախտման դեպքերի հաշվարկին չի մասնակցում:
  2. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված՝ գործունեության նույն տեսակին:
  3. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ՝ հարկ վճարողի գրավոր դիմումը ներկայացնելու և սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքը վճարելու դեպքում: Տուգանքը վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչյուր օրվա համար` գործունեության իրականացման տվյալ վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից: Տուգանքի գումարի հաշվառման օր է համարվում դիմումը ներկայացնելու ամսաթվի հաջորդ օրը: Մինչև գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև կասեցման ավարտը յուրաքանչյուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում կասեցումը դադարեցվում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից: Մինչև գործունեության կասեցումը կամ կասեցման ընթացքում ճշտված դիմում չի ներկայացվում, իսկ ներկայացվելու դեպքում` հարկային մարմնի կողմից չի ընդունվում: Սույն մասով սահմանված դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը:
  4. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում տուգանքի մեծությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում նախորդ եռամսյակի ընթացքում գործունեության իրականացման այն վայրերում (առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառությունը, որոնց մասով արձանագրվել են խախտումներ:
  5. Սույն հոդվածով սահմանված՝ գործունեության կասեցումն իրականացվում է Օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով:
  6. Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
(416-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

(416-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 77-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին)


Հոդված 417.
Գործունեության կասեցման կանոնները չպահպանելը

  1. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման վայրի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ կիրառված դրոշմավորման այլ միջոցը առաջին անգամ վնասելու և կասեցման վայրում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն առաջին անգամ իրականացնելու դեպքում կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով։
  2. Կասեցման մասին նույն որոշմամբ գործունեության կասեցման ընթացքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ 2 միլիոն դրամի չափով:

Հոդված 418.
Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը

  1. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 100 հազար դրամի չափով:
  3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 20 հազար դրամի չափով:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում` հարկ վճարողից գանձվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:
  5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

Հոդված 419.
Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը

  1. Կանխիկ դրամով գումարի վճարման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը:
  3. Կանխիկ դրամով գումարի ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը:
  5. Կանխիկ դրամով գումարի վճարման և (կամ) կանխիկ դրամով գումարի ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքները կիրառվում են համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում`
1) ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման` Օրենսգրքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման` Օրենսգրքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման՝ Օրենսգրքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման՝ Օրենսգրքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:
  1. Սույն հոդվածի 5-րդ մասի՝
1) 3-րդ կետի կիրառության իմաստով՝ խախտման գումարների հանրագումարում չեն ներառվում ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման այն գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները, որոնց մասով խախտվել են Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափերը.

2) 4-րդ կետի կիրառության իմաստով՝ խախտման գումարների հանրագումարում չեն ներառվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման այն գործարքների դիմաց կանխիկ դրամով ընդունված գումարները, որոնց մասով խախտվել են Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափերը:
  1. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

Հոդված 420.
Արտոնագրային հարկի հաշվարկման համար ելակետային տվյալը կամ գործակիցը պակաս հաշվարկելը

  1. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար ստացած արտոնագրում նշված արտոնագրային հարկի ելակետային տվյալի մեծությունը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու և (կամ) Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործակիցները չկիրառելու դեպքերում արտոնագրային հարկ վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս հաշվարկված արտոնագրային հարկը և տուգանք՝ պակաս հաշվարկված արտոնագրային հարկի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկ վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս հաշվարկված արտոնագրային հարկը և տուգանք՝ պակաս հաշվարկված արտոնագրային հարկի գումարի չափով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի։
  3. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը և (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի արձանագրած` համապատասխան ժամանակահատվածի համար Օրենսգրքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից և (կամ) գործակցից:
  4. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառության համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան երեք ամիսը:
  5. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածով սահմանված խախտումները կատարած արտոնագրային հարկ վճարողների նկատմամբ կիրառվում է նախազգուշացում:
  6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկից ազատված գործունեություն իրականացնող արտոնագրային հարկ վճարողները հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային հարկից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային հարկը հաշվարկվում և վճարվում է Օրենսգրքով սահմանված կարգով:
  7. Սույն հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 5-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
(420-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 421.
Առանց արտոնագրի գործունեություն իրականացնելը

  1. Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի, կազմակերպությունից և (կամ) անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի գումարը, և կազմակերպությունը և (կամ) անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում են: Սույն մասով սահմանված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի (տեսակների) մասով կրկին կատարվելու դեպքում կազմակերպությունից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս, քան երեք ամսվա) համար` Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը հաշվի չի առնվում:
  2. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածով սահմանված խախտումները կատարած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկից ազատված գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային հարկից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային հարկը հաշվարկում են Օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտում կատարելը:
(421-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 422.
Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը

  1. Չօգտագործված (այդ թվում՝ կորած) կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու կամ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ չընդունվելու դեպքում հաշվարկվում է տուգանք`
1) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի մինչև մեկ տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ.

2) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 1-ից մինչև 10 տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 100 դրամ.

3) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 10-ից մինչև 50 տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 300 դրամ.

4) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 50 տոկոսից ավելի չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 500 դրամ:


Հոդված 423.
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը

  1. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերադարձման ներկայացված և համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ ընդունված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային կամ մաքսային մարմինների կատարած ծախսերը:
  2. Օրենսգրքի 390-րդ հոդվածում նշված` պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու և այդ ժամկետի ավարտից հետո Կառավարությանսահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմապիտակների տպագրության համար հարկային կամ մաքսային մարմինների կատարած ծախսերը:
(423-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 424.
Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

  1. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների`մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` 500 հազար դրամի չափով.

2) գերազանցում է 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը:


Հոդված 425.
Հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը

  1. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումների խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել:
  2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազային համապատասխանող ԱԱՀ-ի գումարի դրական տարբերությունը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե:

Հոդված 426.
Սահմանված կարգի խախտումով հարկային հաշիվ դուրս գրելը

  1. Կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:
(426-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)


Հոդված 427.
Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի վճարման ժամկետները
 
  1. Օրենսգրքի սույն բաժնով սահմանված տուգանքները և Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված վնասի հատուցման գումարները համապատասխան բյուջե են վճարվում համապատասխան ստուգման ակտի կամ ուսումնասիրության արձանագրության կամ այլ վարչական ակտի ամսաթվին հաջորդող տասը օրվա ընթացքում, բացառությամբ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի, որը վճարվում է նույն մասով սահմանված ժամկետում:
  2. Օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցման գումարը վճարվում է համապատասխան վարչական ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:

Հոդված 428.
Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի առաջադրումը

  1. Օրենսգրքի 407-410-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:
  2. Օրենսգրքի 422-րդ հոդվածով սահմանված տուգանքը և Օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված փոխհատուցման գումարը հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: