Գ Լ ՈՒ Խ  73
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները

 
1. Սույն գլխի դրույթները սահմանում են տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, համադրելիության գործոնները, փաստաթղթավորման ընթացակարգերը, չվերահսկվող և վերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև կարգավորում են տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս ընթացակարգերը:

2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է Օրենսգրքով սահմանված հետևյալ հարկերի և վճարի հաշվարկման ու վճարման ամբողջականությունը, ինչպես նաև պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը.

1) շահութահարկ.

2) ԱԱՀ.

3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի:

3. Եթե Օրենսգրքով սահմանված հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և վճարման համար Օրենսգրքով սահմանված են ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հարկման բազաների որոշման այլ կարգավորումներ, ապա վերահսկվող գործարքների հարկման բազաները որոշելիս սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումների փոխարեն կիրառվում են այդ կարգավորումները:

Հոդված 361. Կիրառվող հասկացությունները

 
1. Սույն գլխում հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) բաժնային արժեթղթեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արժեթուղթ.

2) ֆինանսական ցուցանիշ` մասնավորապես գին, հավելագին, համախառն, գործառնական կամ զուտ շահույթի գործակից, որը վերլուծվում է Օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված՝ տրանսֆերային գնագոյացման մեթոդները կիրառելիս.

3) տրանսֆերային գնագոյացում` Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքներում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման ընթացակարգ.

4) պարզած ձեռքի հեռավորության տիրույթ` Օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն որոշված ֆինանսական ցուցանիշների տիրույթ.

5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)`Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք).

6) պարզած ձեռքի հեռավորության սկզբունք՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների գնահատման սկզբունք, համաձայն որի Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքներում կիրառված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ցուցանիշները չեն տարբերվում սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված համադրելի չվերահսկվող գործարքներում կիրառված ֆինանսական ցուցանիշներից.

7) վերլուծության ենթակա կողմ` վերահսկվող գործարքի կողմ, որի համար ֆինանսական ցուցանիշը վերլուծվում է վերավաճառքի գնի, ծախսումներ գումարած և զուտ շահույթի մեթոդները կիրառելիս.

8) վերլուծության ենթակա օտարերկրյա կողմ` վերլուծության ենթակա կողմ, որը չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ կամ մշտական հաստատություն.

9) համադրելի չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չվերահսկվող գործարք, որը Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համադրելի է վերահսկվող գործարքին.

10) համադրելիության ճշգրտում` համապատասխան ֆինանսական ցուցանիշի ճշգրտում՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 366-րդ հոդվածի համաձայն.

11) ներքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքի կողմերից մեկի և Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք.

12) արտաքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք, որի կողմերից ոչ մեկը չի հանդիսանում վերահսկվող գործարքի կողմ:

(361-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 362. Փոխկապակցված հարկ վճարողները

 
1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ երկու և ավելի հարկ վճարողներ համարվում են փոխկապակցված, եթե`

1) հարկ վճարողներից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.

2) միևնույն հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է երկու և ավելի հարկ վճարողների կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`

1) հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում են մյուս հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.

2) հարկ վճարողը գործնականում վերահսկում է մյուս հարկ վճարողի գործարար որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ հարկ վճարողը գործնականում վերահսկում է մյուս հարկ վճարողի գործարար որոշումները՝ անկախ տվյալ հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե հետևյալ պայմաններից որևէ մեկը բավարարվում է.

1) հարկ վճարողը ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում կամ վերահսկում է մյուս հարկ վճարողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.

2) հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է մյուս հարկ վճարողի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.

3) հարկ վճարողի կողմից մյուս հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հանրագումարը գերազանցում է վերջինիս ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը.

4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս հարկ վճարողին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների.

5) հարկային տարում հարկ վճարողի ծախսերի 80 տոկոսից ավելին կատարվել է մյուս հարկ վճարողից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.

6) հարկ վճարողները կնքել են Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.

7) հարկ վճարողները կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով հարկ վճարողը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս հարկ վճարողի (փոխատուի) գույքը, և այդ գույքի արժեքը գերազանցում է փոխառուի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը: Սույն կետը կիրառվում է նաև գույքի վարձակալության և ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերի դեպքում:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված փոխկապակցվածության չափորոշիչներին չբավարարող հարկ վճարողները համարվում են չփոխկապակցված:

Հոդված 363.  Վերահսկվող գործարքներ

 
1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող, եթե գործարքը կատարվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցված հարկ վճարողների միջև, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացված՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող՝ հետևյալ դեպքերում.

1) գործարքի կողմերից մեկը, Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է ռոյալթի վճարող.

2) գործարքի կողմերից մեկը օգտվում է Օրենսգրքով` շահութահարկի, ԱԱՀ-ի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից.

3) գործարքի կողմերից մեկը համարվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ ազատ տնտեսական գոտու շահագործող:

3. Ռեզիդենտ հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքը, անկախ այդ հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքից, համարվում է վերահսկվող:

4. Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է չվերահսկվող, եթե այն իրականացվել է Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների:

5. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը:

(363-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը

 
1. Եթե հարկ վճարողն իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:

2. Մեկ կամ ավելի վերահսկվող գործարքներում ներգրավված հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գներին կամ այլ ֆինանսական ցուցանիշներին, եթե այդ գործարքների պայմանները չեն տարբերվում այն պայմաններից, որոնք կկիրառվեին համադրելի չվերահսկվող գործարքներում:

3. Եթե վերահսկվող գործարքում ստեղծվում կամ առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`

1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.

2) ԱԱՀ-ով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ՝ Օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածների դրույթներին համապատասխան.

3) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:

4. Գործարքի պայմանները, մասնավորապես ներառում են այն ֆինանսական ցուցանիշը, որը վերլուծվում է համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս:

Հոդված 365. Գործարքների համադրելիությունը

 
1. Չվերահսկվող գործարքը համադրելի է վերահսկվող գործարքի հետ, եթե`

1) դրանց միջև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համադրելիության գործոնների մասով չկան այնպիսի էական տարբերություններ, որոնք կարող են էապես ազդել տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշների վրա, կամ

2) առկա են սույն մասի 1-ին կետով սահմանված տարբերությունները, և չվերահսկվող գործարքի համապատասխան ֆինանսական ցուցանիշը ենթարկվել է ճշգրտման` համադրելիության վրա դրանց ազդեցությունը վերացնելու նպատակով:

2. Երկու կամ ավելի գործարքների համադրելիությունը պարզելու նպատակով հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ գործոններն այնքանով, որքանով դրանք տնտեսական առումով վերաբերում են գործարքների փաստերին ու հանգամանքներին.

1) գործարքի առարկայի բնութագիրը, մասնավորապես`

ա. ապրանքների դեպքում կարող է ներառել ֆիզիկական հատկանիշները, որակը, հուսալիությունը, մատակարարման հասանելիությունը (առկայությունը շուկայում) և ծավալը,

բ. աշխատանքների և ծառայությունների դեպքում կարող է ներառել աշխատանքի և ծառայության բնույթն ու ծավալը, օգտագործված տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները, ոչ նյութական ակտիվների ներգրավումը,

գ. ֆինանսական գործարքների դեպքում կարող է ներառել գործարքի տևողությունը, վարկերի տրամադրման և դադարեցման ամսաթիվը, մայր գումարի չափը, արժույթը, երաշխիքները, վարկառուի վճարունակությունը, տոկոսադրույքը,

դ. ոչ նյութական ակտիվների դեպքում կարող է ներառել գործարքի տեսակը (լիցենզավորում կամ վաճառք), ոչ նյութական ակտիվի տեսակը (արտոնագիր, ապրանքային նշան կամ նոու-հաու), տևողությունը, պաշտպանության աստիճանը, ապագա ակնկալվող օգուտները.

2) գործարքի կողմերի իրականացրած գործառույթները, օգտագործված ակտիվներն ու կրած ռիսկերը, մասնավորապես՝

ա. գործառույթները, մասնավորապես, նախագծում, արտադրություն, տեղակայում, հետազոտություն և զարգացում, սպասարկում, կոմպլեկտավորում, ձեռքբերում, կառավարում, փորձարկում և որակի հսկողություն, իրացում, մարկետինգ, գովազդ, պահեստավորում, մանրածախ և (կամ) մեծածախ վաճառք կամ ներքին օգտագործում, փոխադրում, ֆինանսավորում, կառավարում, երաշխիքային սպասարկում, ապահովագրություն,

բ. ակտիվները, մասնավորապես, օգտագործված արտադրական սարքավորումները, ոչ նյութական ակտիվները, ֆինանսական ակտիվները, ինչպես նաև հաշվի են առնվում օգտագործված ակտիվների տարիքը, շուկայական արժեքը, գտնվելու վայրը,

գ. ռիսկերը, մասնավորապես, արտադրական ռիսկերը, շուկայական ռիսկերը, ռիսկերը՝ կապված ներդրումների կորստի հետ, հետազոտության և զարգացման ոլորտում ներդրման հաջողությանը կամ ձախողմանն առնչվող ռիսկերը, ֆինանսական ռիսկերը՝ կապված տարադրամի փոխարժեքային տատանումների հետ, պաշարների արժեզրկման ռիսկերը, բնապահպանական ռիսկերը, վարկային ռիսկերը.

3) գործարքների պայմանագրային պայմանները, մասնավորապես, գործարքի ծավալները, փոխհատուցման ձևը և ժամկետները, տրամադրված երաշխիքների շրջանակը և պայմանները, համապատասխան լիցենզիաների, պայմանագրերի կամ այլ համաձայնագրերի առկայությունը և տևողությունը.

4) տնտեսական հանգամանքները, որոնց պայմաններում գործարքներն իրականացվել են, մասնավորապես, աշխարհագրական շուկաների նմանությունը, յուրաքանչյուր շուկայի չափը և վերջինիս տնտեսական զարգացման մակարդակը, շուկայի մակարդակը (մանրածախ կամ մեծածախ), գտնվելու վայրով պայմանավորված արտադրության և իրացման ծախսերը, համապատասխան ապրանքների կամ ծառայությունների շուկաներում առկա մրցակցության մակարդակը, արտադրության տվյալ ճյուղի տնտեսական վիճակը, արտադրական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, գնագոյացման գործընթացներին պետական միջամտության մակարդակը, սպառողի անգնողունակությունը, այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել գործարքի պայմանների վրա.

5) գործարքների մասով փոխկապակցված հարկ վճարողների որդեգրած գործարար ռազմավարությունները, մասնավորապես, նոր շուկաներ ներթափանցելուն առնչվող ռազմավարությունները, գործունեության ոլորտների բազմազանեցումը (տարբերակումը), նորարարությունների ներմուծումը, ռիսկերի կանխումը, քաղաքական փոփոխությունները:

Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ

 
1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ճշգրտումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե ակնկալվում է, որ այն կբարձրացնի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշների հուսալիությունը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները.

1) տարբերությունների էականությունը, որի համար նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում.

2) այն տեղեկատվության որակը, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում.

3) համադրելիության ճշգրտման նպատակը.

4) համադրելիության ճշգրտում իրականացնելու մոտեցման հուսալիությունը:

2. Համադրելիության ճշգրտումը մասնավորապես կարող է ներառել հետևյալը.

1) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել վերահսկվող և չվերահսկվող գործարքների միջև տարբերությունները, որոնք առաջացել են հաշվապահական տարբեր քաղաքականությունների կիրառության հետևանքով.

2) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբերությունները՝ պայմանավորված գործարկված կապիտալով, իրականացված գործառույթներով, օգտագործված ակտիվներով և կրած ռիսկերով.

3) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբեր աշխարհագրական շուկաներով պայմանավորված տարբերությունները:

Հոդված 367. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները

 
1. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները կարող են ներառել Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրները:

2. Եթե չվերահսկվող գործարքի մասին, որպես տեղեկատվության աղբյուր, հավասար արժանահավատությամբ կարող են օգտագործվել Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ապա, որպես տեղեկատվության աղբյուր, պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները:

3. Չվերահսկվող գործարքների մասին, որպես տեղեկատվության այլ աղբյուրներ, կարող են օգտագործվել, մասնավորապես`

1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունը, եթե այն չի համարվում հարկային գաղտնիք.

2) Կառավարության հաստատած՝ տեղեկատվական բազաների ցանկում ընդգրկված՝ ֆինանսական և այլ տեղեկատվություն պարունակող տեղեկատվական բազաները.

3) արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված մաքսային վիճակագրությունը.

4) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական տեղեկատվության աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունը.

5) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին).

6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը.

7) օրենքով սահմանված կարգով որոշված՝ անշարժ գույքի արժեքը:

4. Հարկային մարմինը չի կարող հիմնվել չվերահսկվող գործարքի վրա` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն ճշգրտումներ կատարելու նպատակով, եթե գործարքի պայմանները համարվում են հարկային գաղտնիք:

5. Հայաստանյան կողմի ներգրավվածությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումը ընդունելի է, եթե տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշի վրա տնտեսական հանգամանքների և (կամ) այլ համադրելիության գործոնների ազդեցությունը վերլուծվել է, և անհրաժեշտության դեպքում, Օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն, իրականացվել է համադրելիության ճշգրտում:

(367-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 368. Տրանսֆերային գնագոյացման մեթոդները

 
1. Տրանսֆերային գնագոյացման մեթոդներն են՝

1) համադրելի չվերահսկվող գնի մեթոդը, որի դեպքում վերահսկվող գործարքի առարկայի գինը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի գնի հետ.

2) վերավաճառքի գնի մեթոդը, որի դեպքում վերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագինը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագնի հետ.

3) «ծախսումներ գումարած» մեթոդը, որի դեպքում վերահսկվող գործարքի առարկայի մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառված հավելագինը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառված հավելագնի հետ.

4) զուտ շահույթի մեթոդ, որի դեպքում վերահսկվող գործարքի արդյունքում համապատասխան բազայի, մասնավորապես, ծախսումների, իրացումների, ակտիվների նկատմամբ ստացված զուտ շահույթը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի արդյունքում միևնույն բազայի նկատմամբ ստացված զուտ շահույթի հետ.

5) շահույթի բաշխման մեթոդ, որի դեպքում վերահսկվող գործարքին մասնակցող փոխկապակցված հարկ վճարողներից յուրաքանչյուրին հատկացվում է տվյալ գործարքից ստացված շահույթի կամ վնասի այն մասնաբաժինը, որը փոխկապակցված չհամարվող անձը կարող էր ակնկալել համադրելի չվերահսկվող գործարքին մասնակցելիս: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքից ստացվող շահույթ է համարվում այդ գործարքի գծով ստացվող եկամտի և դրա գծով ծախսերի դրական տարբերությունը:

2. Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման առանձնահատկություններն են՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքը իրենից ներկայացնում է ապրանքի մատակարարում, ոչ նյութական ակտիվի օտարում կամ ֆինանսական գործարք.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ վերավաճառքի գնի մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ վերավաճառողը վերահսկվող գործարքում ձեռք բերված ապրանքների վերավաճառքի ընթացքում որևէ էական հավելյալ արժեք չի ավելացրել վերավաճառվող ապրանքի վրա.

3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ «ծախսումներ գումարած» մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ մատակարարը վերահսկվող գործարքում մատակարարած ապրանքի կամ մատուցած ծառայության դեպքում չի օգտագործել արժեքավոր նյութական ակտիվներ կամ կրել էական ռիսկեր.

4) սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ զուտ շահույթի մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հաշվարկել վերահսկվող գործարքի բնութագրին առավել համապատասխան ֆինանսական ցուցանիշը, մասնավորապես`

ա. ծախսումների նկատմամբ զուտ շահույթի գործակիցը հաշվարկվում է, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքը արտադրություն կամ ծառայության մատուցում է,

բ. իրացումների նկատմամբ զուտ շահույթի գործակիցը հաշվարկվում է, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքը ապրանքի մատակարարում է,

գ. ակտիվների նկատմամբ զուտ շահույթի գործակիցը հաշվարկվում է, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքն ակտիվների մեծ ներգրավում է պահանջում:

Զուտ շահույթի մեթոդը կիրառելիս պետք է դիտարկել միայն այն եկամուտները և ծախսերը, որոնք առնչվում են վերահսկվող գործարքներին՝ բացառելով վերահսկվող գործարքներին չվերաբերող եկամուտները և ծախսերը.

5) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ շահույթի բաշխման մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքները մեծապես ինտեգրված են, և հնարավոր չէ դրանք առանձին վերլուծել և (կամ) վերահսկվող գործարքի երկու կողմերն էլ արժեքավոր ոչ նյութական ակտիվներ են օգտագործել գործարքի իրականացման համար:

Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել այն համատեղ շահույթը, որն առաջացել է վերահսկվող գործարքներում, մասնավորապես`

ա. համատեղ շահույթը, որոշ դեպքերում իրենից կարող է ներկայացնել վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ստացված ընդհանուր շահութը, կամ

բ. ընդհանուր շահույթի այն մնացորդային մասը, որը որևէ խելամիտ հիմքով հնարավոր չէ վերագրել վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրին:

3. Վերահսկվող գործարքի պայմանների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին որոշվում է տվյալ հանգամանքներում առավել համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելով: Տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդը ընտրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տրանսֆերային գնագոյացման մեթոդներից` հաշվի առնելով հետևյալ չափանիշները.

1) համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդի ուժեղ և թույլ կողմերը.

2) մեթոդի համապատասխանությունը` հաշվի առնելով վերահսկվող գործարքի բնութագիրը.

3) տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ հավաստի տեղեկատվության առկայությունը` Օրենսգրքի 367-րդ և 370-րդ հոդվածների դրույթներին համապատասխան.

4) վերահսկվող և չվերահսկվող գործարքների համադրելիության աստիճանը, ներառյալ՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն իրականացված համադրելիության ճշգրտման հուսալիությունը:

4. Եթե հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշները, կարելի է հավասար արժանահավատությամբ կիրառել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդը և սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված տրանսֆերային գնագոյացման մեթոդները, ապա պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելիս օգտագործվում է համադրելի չվերահսկվող գնի մեթոդը:

5. Վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու համար հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման մեկից ավելի մեթոդների կիրառությունը պարտադիր չէ:

6. Եթե հարկ վճարողը վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու նպատակով կիրառել է սույն հոդվածով սահմանված տրանսֆերային գնագոյացման մեթոդ, ապա հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշումը հիմնվում է հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի վրա, եթե հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի ընտրությունը կատարվել է սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Սույն հոդվածով նշված տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը:

(368-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 369. Վերլուծության ենթակա կողմի ընտրությունը

 
1. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերում նշված տրանսֆերային գնագոյացման մեթոդներից որևէ մեկը կիրառելիս անհրաժեշտ է ընտրել վերլուծության ենթակա կողմ:

2. Վերլուծության ենթակա կողմի ընտրությունը պետք է համահունչ լինի վերահսկվող գործարքի գործառնական վերլուծությանը: Վերահսկվող գործարքի այն կողմը պետք է ընտրվի որպես վերլուծության ենթակա կողմ, որն իրականացնում է առավել պարզ գործառույթներ և (կամ) որի համար հնարավոր է գտնել առավել արժանահավատ համադրելի չվերահսկվող գործարքներ:

3. Վերլուծության ենթակա օտարերկրյա կողմի ընտրությունը ընդունելի է, եթե կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդը համապատասխանում է Օրենսգրքի 368-րդ հոդվածի դրույթներին, և վերլուծության ենթակա կողմը ընտրվել է սույն հոդվածի դրույթների համաձայն:

Հոդված 370. Բազմամյա տվյալների գնահատումը

1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի դրույթների համաձայն, չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ գնահատելիս օգտագործվող տեղեկատվությունը պետք է առնչվի այն հարկային տարվան, որում տեղի է ունեցել վերահսկվող գործարքը, բացառությամբ այն դեպքերի`

1) երբ վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարվա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի չէ այն ժամանակ, երբ գնահատվում է չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ: Այս դեպքում կարող է օգտագործվել նախորդ հարկային տարվա տեղեկատվությունը` Օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված համադրելիության պահանջները բավարարելու դեպքում.

2) երբ տվյալները, որոնք վերաբերում են վերահսկվող գործարքի կատարմանը նախորդող ոչ ավելի, քան 3 հարկային տարիներին, բացահայտում են այնպիսի փաստեր, որոնք կարող են ազդել համեմատվող գործարքների համադրելիությունը որոշելու վրա:

Հոդված 371. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը

 
1. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը համապատասխան ֆինանսական ցուցանիշների տիրույթն է, որը ձևավորվում է համադրելի չվերահսկվող գործարքների նկատմամբ Օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված՝ առավել համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս:

2. Վերահսկվող գործարքը կամ Օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ համակցված գործարքը ենթակա չէ ճշգրտումների Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը, որը ստացվել է տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդի կիրառմամբ, գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում:

3. Եթե վերահսկվող գործարքից կամ Օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ համակցված գործարքից ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել այն` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, և ցանկացած նման ճշգրտում կլինի պարզած ձեռքի հեռավորության տիրույթի միջին կետ, եթե փաստերը և հանգամանքները այլ բան չեն վկայում:

4. Այլ փաստերի և հանգամանքների ապացուցման բեռը, որոնք վկայում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթի ցուցանիշների միջին կետից տարբեր ցուցանիշի օգտագործումը` ճշգրտման նպատակով, կրում է`

1) հարկ վճարողը, եթե նա հայտարարում է, որ փաստերը և հանգամանքները այլ բան են վկայում.

2) հարկային մարմինը, եթե նա հայտարարում է, որ փաստերը և հանգամանքները այլ բան են վկայում:

5. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանում է Կառավարությունը:

(371-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 372. Հարկ վճարողի համակցված վերահսկվող գործարքների գնահատումը

 
1. Եթե հարկ վճարողը նույն կամ համանման հանգամանքներում իրականացնում է երկու կամ ավելի վերահսկվող գործարքներ, որոնք տնտեսապես սերտորեն առնչվում են միմյանց հետ կամ հանդիսանում են մեկը մյուսի շարունակությունն այնպես, որ արժանահավատորեն չեն կարող առանձին վերլուծվել, ապա այդ վերահսկվող գործարքները կարող են միավորվել Օրենսգրքի 365-րդ հոդվածում նշված համադրելիության վերլուծություն իրականացնելու և Օրենսգրքի 368-րդ հոդվածում նշված` տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդը կիրառելու նպատակով:

Հոդված 373. Փաստացի տեղի ունեցած գործարքների ճանաչումը

 
1. Վերահսկվող գործարքի` Օրենսգրքի 364-րդ հոդվածին համապատասխանությունը պարզելը հարկային մարմնի կողմից պետք է հիմնված լինի փաստացի տեղի ունեցած գործարքի վրա, որի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն, բացառությամբ այն դեպքերի, երբ վերահսկվող գործարքի բովանդակությունը տարբերվում է դրա իրավական ձևից:

Հոդված 374. Հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումները

 
1. Եթե հարկ վճարողն իրականացնում է այնպիսի վերահսկվող գործարքներ, որոնց պայմանները չեն համապատասխանում Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին, և եթե այդ պայմանների` Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին համապատասխանության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա, ԱԱՀ-ով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա, ապա հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել ճշտված հարկային հաշվարկներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկման լրացուցիչ բազաների հիման վրա հաշվարկված հարկերը վճարվում են Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում:

Հոդված 375.  Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը

 
1. Եթե հարկ վճարողի բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը հարկային տարվա ընթացքում գերազանցում է Օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 200 միլիոն դրամի շեմը (առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի), ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասին ծանուցում ներկայացնել հարկային մարմին` ծանուցման մեջ ներառելով, մասնավորապես, հետևյալ տեղեկությունները.

1) հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն.

2) հարկ վճարողի գործունեության հիմնական ոլորտները.

3) վերահսկվող գործարքների ընդհանուր արժեքը` ըստ հարկային տարվա ընթացքում իրականացված գործարքների տեսակների.

4) հարկային տարվա ընթացքում իրականացված վերահսկող գործարքների կողմերի ռեզիդենտության երկրները.

5) հարկային տարվա ընթացքում իրականացված վերահսկվող գործարքների պայմանների` Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին համապատասխանությունը որոշելու նպատակով կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդների մասին տեղեկատվություն, այդ թվում` կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:

2. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

3. Հարկ վճարողը վերահսկվող գործարքների մասին ծանուցումը լրացնում և հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Հոդված 376. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը

 
1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումն այն փաստաթուղթը կամ փաստաթղթերն են, որոնք ցույց են տալիս հարկ վճարողի վերահսկվող գործարքների համապատասխանությունը Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին և, մասնավորապես, ներառում են հետևյալը.

1) հարկ վճարողի գործարար գործառույթների մանրամասն նկարագրությունը, այդ թվում՝ ապրանքների, ոչ նյութական ակտիվների, աշխատանքների և (կամ) ծառայությունների գնագոյացման գործընթացների վրա տնտեսական գործոնների ազդեցության վերլուծությունը.

2) հարկ վճարողի կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը.

3) վերահսկվող գործարքների նկարագրությունը, այդ թվում՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված համադրելիության գործոնների վերլուծությունը, ինչպես նաև վերահսկվող գործարքի կողմերի իրականացրած գործառույթները, օգտագործված ակտիվները և կրած ռիսկերը.

4) կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդների նկարագրությունը և հիմնավորում այն մասին, թե ինչու է ընտրվել գնագոյացման այդ մեթոդը Օրենսգրքի 368-րդ հոդվածի համաձայն.

5) վերահսկվող գործարքների կողմերի ցանկը, այդ թվում՝ տեղեկատվություն հարկման նպատակով կողմի ռեզիդենտության վերաբերյալ.

6) համադրելի չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրների նկարագրությունը.

7) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկը (այն դեպքում, երբ կիրառելի է).

8) վերլուծության ենթակա կողմի վերաբերյալ ֆինանսական և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը.

9) Օրենսգրքի 374-րդ հոդվածի համաձայն՝ հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը.

10) ցանկացած այլ տեղեկատվություն, որը հարկ վճարողը համարում է կարևոր վերահսկվող գործարքների իրականացման պայմանների` Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին համապատասխանությունը ցույց տալու համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ պայմանով, որ անգլերեն կամ ռուսերեն լեզվով փաստաթղթերը հարկային մարմնի պահանջով թարգմանվեն հայերեն և ներկայացվեն հարկային մարմին` այդ մասին գրավոր ծանուցումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 377. Համապատասխանության ճշգրտումները

 
1. Համապատասխանության ճշգրտումները կատարվում են, երբ`

1) վերահսկվող գործարքի պայմանների ճշգրտումը, որի կողմերից մեկը հանդիսանում է ռեզիդենտ հարկ վճարող, կատարվել է կամ առաջարկվում է մեկ այլ երկրի հարկային մարմնի կողմից.

2) ճշգրտումը հանգեցնում է այնպիսի եկամտի հարկման մեկ այլ երկրում, որի համար ռեզիդենտ հարկ վճարողը արդեն իսկ հարկ է վճարել Հայաստանի Հանրապետությունում.

3) ճշգրտումը կատարող կամ առաջարկող երկրի հետ Հայաստանի Հանրապետությունն ունի կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագիր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային մարմինը ռեզիդենտ հարկ վճարողի դիմումի հիման վրա վերլուծում է տվյալ ճշգրտման համապատասխանությունը Օրենսգրքի 364-րդ հոդվածով սահմանված պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին` անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով մյուս երկրի հարկային մարմնի հետ: Եթե մյուս երկրի կատարած կամ առաջարկած ճշգրտումը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա հարկային մարմինը ճշգրտման է ենթարկում ռեզիդենտ հարկ վճարողի համապատասխան հարկման բազան` կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

3. Հարկ վճարողը համապատասխանության ճշգրտում կատարելու վերաբերյալ դիմումը ներկայացնում է կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի` փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործը լուծելու համար դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետում:

4. Հարկ վճարողը համապատասխանության ճշգրտում կատարելու վերաբերյալ դիմումն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով ներկայացնում է հարկային մարմին` դիմումում ներառելով հետևյալ տեղեկատվությունը.

1) փոխկապակցված հարկ վճարողների անվանումները, գրանցման հասցեները, իսկ առկայության դեպքում` նաև ապրանքանշանները.

2) ճշգրտված վերահսկվող գործարքների իրականացման տարին (տարիները).

3) պահանջվող համապատասխան ճշգրտման գումարը` դրամով և կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող պետության հարկային մարմնի կատարած ճշգրտման գումարը` այդ պետությունում կիրառված արժույթով.

4) ապացույց փոխկապակցված կողմի՝ այլ երկրում ռեզիդենտ լինելու վերաբերյալ.

5) ապացույց կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող մյուս պետության հարկային մարմնի կատարած ճշգրտման մասին և ճշգրտման հիմքերի մանրամասները.

6) ձեռնարկված ցանկացած վարչական բողոք կամ դատական վարույթ, եթե այդպիսիք կան կամ դեռևս առկա են.

7) տեղեկատվություն համադրելիության վերլուծության և տրանսֆերային գնագոյացման կիրառված մեթոդների վերաբերյալ.

8) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է էական լինել հարկային մարմնի կողմից պարզված ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն ճշգրտման համապատասխանությունը վերլուծելու համար:

5. Հարկային մարմինը համապատասխանության ճշգրտում կատարելու վերաբերյալ դիմումը վերլուծելու նպատակով հարկ վճարողից կարող է պահանջել վերահսկվող գործարքներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն՝ ի լրումն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվության:

6. Հարկային մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներկայացված դիմումն ստանալու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, տվյալ հարկ վճարողին տեղեկացնում է կայացված որոշման մասին: Եթե հարկային մարմինը մասնակիորեն կամ ամբողջովին մերժում է տվյալ հարկ վճարողի` համապատասխան ճշգրտում կատարելու մասին դիմումը, ապա տվյալ հարկ վճարողին տրամադրվող որոշման ծանուցման մեջ գրավոր նշվում են մերժման պատճառները:

(377-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 378. Փոխհամաձայնեցման ընթացակարգը

 
1. Այն դեպքում, երբ կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի համաձայն, ռեզիդենտ կազմակերպությունը կամ ռեզիդենտ ֆիզիկական անձը տեղեկանում է, որ հարկային մարմնի կամ կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային պայմանագրի կողմ համարվող երկրի ռեզիդենտ գործընկերոջ գործողությունների արդյունքում վերահսկվող գործարքի հարկումը կարող է չհամապատասխանել համապատասխան կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի դրույթներին, ապա ռեզիդենտ կազմակերպությունը կամ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է դիմում ներկայացնել հարկային մարմին և խնդրել, որ գործը լուծվի փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով:

2. Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործի լուծման կարգը սահմանում է Կառավարությունը:

(378-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)