Բ Ա Ժ Ի Ն 12
(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ
Գ Լ ՈՒ Խ 50
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 239. | Փոխադրամիջոցների գույքահարկը |
1. Փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Հոդված 240. | Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները |
1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
2. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
3. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
(240-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
Հոդված 241. | Լիազոր մարմինները |
1. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված` «լիազոր մարմին» հասկացությունը սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.
1) շարժական գույքի կադաստր վարող մարմին` Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված փոխադրամիջոցների նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող, այդ փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող` Կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմին.
2) հաշվառող մարմիններ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք`
ա. իրականացնում են հարկ վճարողների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով,
բ. իրականացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
(241-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
Գ Լ ՈՒ Խ 51
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 242. | Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտը |
1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները.
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2) ջրային փոխադրամիջոցը (շարժիչով աշխատող).
3) մոտոցիկլետը.
4) ձյունագնացը.
5) մոտոամենագնացը (քվադրոցիկլը):
Հոդված 243. | Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազան |
1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
Հոդված 244. | Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը |
1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
ա. 1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ,
բ. 121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ,
գ. 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ.
2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
ա. 1-ից 200 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ,
բ. 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ:
2. Մոտոցիկլետների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 40 դրամ դրույքաչափով:
3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 150 դրամ դրույքաչափով:
4. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիներից յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
5. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և հետագա յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկի գումարը պակասեցվում է հարկի գումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան գույքահարկի գումարի 50 տոկոսը:
6. Անկախ սույն հոդվածի 5-րդ մասի դրույթներից, բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար փոխադրամիջոցների գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
7. Փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է` համապատասխան հզորության նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
8. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչև տասը տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերը:
Գ Լ ՈՒ Խ 52
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 245. | Փոխադրամիջոցների գույքահարկի արտոնությունները |
1. Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են`
1) պետական սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով.
2) փոստային կապի ազգային օպերատորը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը.
4) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման.
5) պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև սույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:
Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի քանակի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրամիջոցի գրանցման վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) կողմից տրամադրված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:
Սույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:
2. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը: Համայնքի ավագանու կողմից փոխադրամիջոցների գույքահարկի գծով սահմանված արտոնությունների գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:
3. Հարկային տարվա ընթացքում փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ունեցող փոխադրամիջոցների գույքահարկ վճարողը փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:
4. Հարկային տարվա ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի արտոնությունը դադարելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
(245-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
Գ Լ ՈՒ Խ 53
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 246. | Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացման և դադարման կարգը |
1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
3. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներից`
1) հարկման օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով նոր սեփականատիրոջն են անցնում մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի կողմից տվյալ հարկման օբյեկտի համար չկատարված հարկային պարտավորությունները, ինչպես նաև մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է սեփականության (ժառանգության) իրավունքի ձևակերպման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) եթե հարկման օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, նոր սեփականատիրոջն են անցնում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ընդունման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցի գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) եթե հարկման օբյեկտի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է կամ սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքում հարկային պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկի վճարման համար Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին նախորդող ամսվա ընթացքում, ապա տվյալ հարկման օբյեկտի գծով այդ հարկային տարվա հարկային պարտավորությունն ավելանում է հաջորդ հարկային տարվա հարկային պարտավորությանը.
4) ֆիզիկական անձանց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանված լինելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման սույն բաժնով սահմանված կարգով և չափով:
4. Հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված որևէ արգելանքի առկայությունը հիմք չի համարվում փոխադրամիջոցների գույքահարկը չհաշվարկելու համար:
Հոդված 247. | Հաշվետու ժամանակաշրջանը |
1. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Հոդված 248. | Տեղական բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը |
1. Փոխադրամիջոցի գույքահարկը հաշվարկվում է Օրենսգրքի 243-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի և Օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի բազմապատկումով` հաշվի առնելով Օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 249-րդ հոդվածի դրույթները:
2. Օրենսգրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման դեպքերում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված` փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն:
3. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցագիր չներկայացնելը փոխադրամիջոցի գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:
5. Փոխադրամիջոցի գույքահարկ վճարողները փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի ճշգրտման նպատակով կարող են դիմել համապատասխան հաշվառող մարմիններ, իսկ հարկման բազայի ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ ստանալու նպատակով կարող են դիմել շարժական գույքի կադաստր վարող մարմին: Հաշվառող կամ լիազոր մարմինները նշված տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 249. | Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը |
1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի ամբողջ հարկման բազայից` հաշվառող մարմինների կողմից:
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկում են`
1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.
2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը` համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:
Հոդված 250. | Տեղեկությունների տրամադրումը |
1. Կառավարության սահմանած կարգով`
1) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև տվյալ հարկային տարվա օգոստոսի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին.
2) շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ.
3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկված գումարների վերաբերյալ:
2. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված համապատասխան լիազոր մարմիններից:
(250-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
Գ Լ ՈՒ Խ 54
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 251. | Փոխադրամիջոցների գույքահարկի գումարի վճարումը |
1. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
2. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
3. Փոխադրամիջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ:
4. Փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
5. Փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
6. Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի, շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:
7. Ֆիզիկական անձանց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանված լինելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները շարժական գույքի կադաստր վարող մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմինների կողմից փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները շարժական գույքի կադաստր վարող մարմնում վերահաշվառվում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողին հաշվառող մարմինների կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:
(251-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Հոդված 252. | Փոխադրամիջոցների գույքահարկի գումարի` այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը |
1. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:
(252-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)