Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ N 164

Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 164

Հարց
Առեւտրային կազմակերպությունը կամ ընդհանուր հարկման դաշտում գործող անհատ ձեռնարկատերը զբաղվում է առքուվաճառքի գործունեությամբ` ձեռքբերումները կատարելով ՀՀ տարածքում, որոնց դիմաց վճարումները կատարվում է ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցմամբ կամ վճարահաշվարկային տերմինալի միջոցով: Ստորեւ ներկայացվում է երեք տարբեր իրավիճակ, արդյո՞ք իրավիճակներում խախտվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրամարկղային գործառնությունների սահմանափակման որեւէ դրույթ.
1. Առեւտրային կազմակերպությունը կամ ընդհանուր հարկման դաշտում գործող անհատ ձեռնարկատերը (այսուհետ` կողմ 1) ֆիզիկական անձից (այսուհետ` կողմ 2) կատարում է ավտոմեքենայի գնում 4.700.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, վարչական նպատակներով օգտագործելու համար, որը վերջինիս կողմից ձեռք է բերվել նախորդ 365 օրվա ընթացքում: Վճարումը կատարվել է կողմ 1-ին չպատկանող բանկային հաշվից կողմ 2-ի բանկի հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով:
2. Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱՁ-ից կողմ 1-ը կատարում է ապրանքների գնում 450.000 դրամ ընդհանուր արժեքով, որի դիմաց կատարում է կանխիկ վճարում 250.000 դրամի, իսկ մյուս մասը վճարում է բանկային հաշվեհամարից:
3. Առեւտրային կազմակերպությունից կողմ 1-ը գնում է հիմնական միջոց 400.000 դրամի, եւ 250.000 դրամը վճարում է կանխիկ, իսկ մյուս մասը վաճառող կազմակերպության աշխատակիցը գնորդ կազմակերպության անունից` վերջինիս լիազորագրի հիման վրա, մուտք է անում վաճառող կազմակերպության հաշվարկային հաշվին:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպությունները եւ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման եւ ընդունման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները,
– 386-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետեւյալ սահմանափակումները.
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը).
2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
3) մանրածախ առեւտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առեւտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում,
– 386-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը,
– 419-րդ հոդվածով սահմանված են դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու համար պատասխանատվությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը`
1. գրությամբ նկարագրված դեպքում, քանի որ վճարումը կատարվում է բանկային հաշվից վաճառողի բանկային հաշվեհամարին, ապա ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն,
2. քանի որ գործարքի դիմաց կանխիկ դրամով կատարվող վճարումը չի գերազանցում առավելագույն չափը` 300 հազար դրամը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), ապա օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չեն համարվում խախտված,
3. եթե մատակարարված ապրանքի դիմաց վճարման ենթակա գումարը գնորդ կազմակերպության աշխատակցի (հաշվետու անձի) միջոցով տրամադրվում է մատակարար կազմակերպության աշխատակցին (հաշվետու անձին), որն էլ իր հերթին մուտքագրում է գումարը ապրանքն օտարող մատակարարի բանկային հաշվեհամարին (այդ թվում` վճարումը բանկում տարանցիկ հաշվի միջոցով իրականացնելու դեպքում) եւ, միաժամանակ գնորդ կազմակերպության մոտ առկա են մատակարարի բանկային հաշվեհամարին գումարների մուտքագրումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, ապա գնորդի եւ մատակարարի համար օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չեն համարվում խախտված:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ