Մ Ա Ս  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՄԱՍ

Բ Ա Ժ Ի Ն  21

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  81

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 444.  Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը

1. Օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 2-13-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:

2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 37-րդ կետը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այդ պահից հետո կատարվող ներմուծումների վրա:

3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «զ» ենթակետը՝ ածանցյալ ֆինանսական գործիքների մասով, 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետը և 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում են այդ պահից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:

4. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 125-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի մասով, ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

5. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինների մասով, ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինների վրա:

6. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

7. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա` անկախ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:

8. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

9. Օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) և 12-րդ բաժիններն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

10. Օրենսգրքի 65-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

11. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում վերադարձվում է հարկ վճարողին:

11.1 Օրենսգրքի 73-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

12. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտի հիման վրա տրամադրելու դրույթը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

13. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, և դրանով սահմանված ժամկետը տարածվում է այդ ամսաթվից հետո ստացվող ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վրա:

14. Սահմանել, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.1-ին և 14.4-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար պետական տուրքի դրույքաչափը կազմում է բազային տուրքի 500000-ապատիկի չափով:

(444-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 445. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների ուժը կորցրած ճանաչելը

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը, բացառությամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, որն ուժը կորցրած է ճանաչվում 2017 թվականի հունվարի 1-ից.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության և 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

3) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքը, բացառությամբ՝

ա. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 2208, 2208 30, 2208 40, 2402 20 90011, 2402 20 10011, 2402 90 00013, 2402 20 90012, 2402 20 10012 և 2402 90 00014 ծածկագրերին վերաբերող ակցիզային հարկի դրույքաչափերի, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2017 թվականի հունվարի 1-ից: ԱՏԳԱԱ 2208 ծածկագրին (բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0, 2208 20, 2208 30, 2208 40) դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 63 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 630 դրամ, ԱՏԳԱԱ 2208 30, 2208 40 ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 57 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 3450 դրամ, ԱՏԳԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 55 տոկոս, բայց ոչ պակաս 1 լիտրի համար 550 դրամ, ԱՏԳԱԱ 2402 20 90011, 2402 20 10011, 2402 90 00013, 2402 20 90012, 2402 20 10012 և 2402 90 00014 ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար 6325 դրամ, իսկ ԱՏԳԱԱ 2208 20 ծածկագրին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող՝ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով,

բ. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի, որը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

4) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.

5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև բացառությամբ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով.

6) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը.

7) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-245-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետի, որը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

8) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքը.

9) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

10) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

11) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքը.

12) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքը.

13) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքը.

14) «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքը.

15) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքը.

16) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքը.

17) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքը:

(445-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.04.19 ՀՕ-23-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 68-րդ հոդվածի փոփոխությունները ուժի մեջ են մտնում 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ և գործում են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը)

 

Բ Ա Ժ Ի Ն  22

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  82

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 446. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ հարկային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների գործողության շարունակությունը

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո իրենց գործողությունը շարունակում են հարկային հարաբերություններ կարգավորող (այդ թվում՝ հարկային արտոնություններ և (կամ) հարկման մեխանիզմներ սահմանող)՝ Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասում չնշված օրենքները՝ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ուժը կորցրած չեն ճանաչվել, կամ քանի դեռ չեն լրացել այդ օրենքների գործողության ժամկետները:

(446-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 447. Անցումային հարկային հարաբերությունների ընդհանուր կարգավորումը

1. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

2. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բնապահպանական վճարի, բնօգտագործման վճարի, ճանապարհային վճարի և հաստատագրված վճարի պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի, բնօգտագործման վճարի, ճանապարհային վճարի և հաստատագրված վճարի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

3. 2017 թվականի դեկտեմբերի 31-ով ավարտվող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկները Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետներում:

4. 2017 թվականի դեկտեմբերի 31-ով ավարտվող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկները, մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքերում, կարող են ներկայացվել նաև թղթային եղանակով:

5. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված հարկային օրենսդրության խախտումների համար կիրառվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված պատասխանատվության միջոցները, բացառությամբ Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված տույժերի, որոնք կիրառվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

6. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում՝ նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկը սկսվել է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը:

7. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սկսված և Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկը Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչև հաշվարկի 365-րդ օրը լրանալը:

8. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, քանի դեռ Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային արտոնությունների կիրառության շրջանակները սահմանված չեն համապատասխան իրավական ակտերով, հարկային արտոնությունների կիրառության շրջանակները որոշվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող համապատասխան իրավական ակտերի համաձայն:

Հոդված 448. Օրենսգրքի ընդհանուր մասին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի չկատարված հարկային պարտավորությունները նրա ժառանգին (ժառանգներին) փոխանցելու դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձանց՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած պարտավորությունների վրա:

Հոդված 449. Օրենսգրքի 4-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը վերաբերում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:

2. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

3. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:

(449-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(449-րդ հոդվածի 1-ին մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն վերաբերում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:)

Հոդված 450. Օրենսգրքի 5-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

 

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի՝ մեկից ավելի ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում:

2. 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ, իսկ դեբետային գումարները հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով:

3. Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամի չափով, համարվում է Օրենսգրքի 92-րդ հոդվածի իմաստով ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումար և ներառվում է 2018 թվականի հունվար ամսվա հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար, և Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշիվ: Սույն մասի կիրառությունն ապահովելու նպատակով հարկ վճարողները պարտավոր են հաշվառել 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դիզելային վառելիքի ապրանքային մնացորդները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան, ներկայացնել հարկային մարմին մինչև 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

(450-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

Հոդված 451. Օրենսգրքի 6-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. 2017 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկվում և կատարվում են մինչև 2017 թվականի համապատասխան եռամսյակների վերջին ամսվա 15-ը ներառյալ: Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած եռամսյակների ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազան հաշվարկվում է՝ հիմք ընդունելով այդ եռամսյակների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաները (ամսական ԱԱՀ վճարող համարվողների դեպքում՝ այդ եռամսյակներում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի ամսական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների հանրագումարը):

2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով շահութահարկի կանխավճարներն առաջին անգամ հաշվարկում և վճարում են 2018 թվականի համար: Մինչև 2017 թվականի շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև 2017 թվականի համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են 2017 թվականի վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով, բացառությամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: 2017 թվականի շահութահարկի գումարը հաշվարկելուց (շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև շահութահարկի հաշվարկի ներկայացումը՝ 2018 թվականի ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափերով:

3. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով շահութահարկի կանխավճարներն առաջին անգամ հաշվարկում և վճարում են 2018 թվականի առաջին եռամսյակի համար՝ նախորդ հարկային տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի փոխարեն հիմք ընդունելով 2017 թվականի հարկային տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Մինչև 2017 թվականի եկամտային հարկի գումարի հաշվարկումը (մինչև 2017 թվականի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են 2017 թվականի եկամտային հարկի վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով, բացառությամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: 2017 թվականի եկամտային հարկի գումարը հաշվարկելուց (տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը՝ 2018 թվականի ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափերով:

4. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով՝

1) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները Օրենսգրքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով սկզբնական արժեքներ.

2) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածները Օրենսգրքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ:

5. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով՝

1) սկզբնական արժեքների և համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների տարբերությունները ՝ հաշվի առած նաև 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը և օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով սկզբնական արժեքներ.

2) Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով համապատասխան խմբերի ամորտիզացիոն ժամկետների և համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների փաստացի կատարման ժամկետների տարբերությունները համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ:

5.1. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր դասակարգելու և հաշվառելու նպատակով սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

6. 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

7. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ վճարված և փաստացի շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի կանխավճարների գումարները գերազանցող փաստացի շահութահարկի գումարներից:

(451-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 452. Օրենսգրքի 8-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգրքի 8-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնապահպանական հարկի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

2. Օրենսգրքով բնապահպանական հարկի մասով սահմանված հարկման բազայի այն չափաքանակները, որոնք բնապահպանական վճարների մասով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված չեն եղել, կիրառվում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվող հարկման բազայի նկատմամբ:

3. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված բնապահպանական վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում:

4. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտը:

5. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման համար սահմանված կարգով և դրույքաչափերով:

Հոդված 453. Օրենսգրքի 9-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգրքի 9-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ ճանապարհային հարկի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ճանապարհային վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

2. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված ճանապարհային վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում:

Հոդված 454. Օրենսգրքի 10-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

 

1. Օրենսգրքի 10-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

2. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Կառավարության որոշումներով բնօգտագործման վճարի գծով տրված արտոնությունները գործում են մինչև Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ժամկետների ավարտը:

3. Օրենսգրքով բնօգտագործման վճարի մասով սահմանված վճարի բազայի այն չափաքանակները, որոնք բնօգտագործման վճարների մասով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված չեն եղել, կիրառվում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվող վճարի բազայի նկատմամբ:

4. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում:

(454-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

2. 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:

3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման գործունեության տեսակի) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են և արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման մասով 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են մինչև 2018 թվականի մարտի 1-ը ներառյալ, իսկ 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև 2018 թվականի հունիսի 20-ը ներառյալ:

(455-րդ հոդվածը խմբ. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ)

 

Հոդված 456. Օրենսգրքի 16-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում: Սույն մասում նշված գերավճարների վերադարձն իրականացվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով:

2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվի չեն առնվում:

3. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկ վճարողներն ազատվում են նվազագույն շահութահարկի հաշվարկված և չվճարված գումարների, ինչպես նաև սահմանված տույժերի վճարման պարտավորությունից:

4. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով իրականացվող ստուգման արդյունքներով նվազագույն շահութահարկի գումարների գծով հարկային պարտավորություններ չեն առաջադրվում:

5. 2010 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը հարկային մարմին որևէ հարկային հաշվարկ և գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն չներկայացրած հարկ վճարողների կողմից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարված գումարները հանվում են հաշվառումից, եթե այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկներ չեն ներկայացվել:

6. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Կառավարության սահմանած կարգով:

7. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների մարումն առաջնահերթորեն կատարվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդի, հետո նոր միայն՝ միասնական հաշվին առկա գումարների հաշվին:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պակասեցվում են նախկինում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով հայտարարագրված հարկային պարտավորությունները, սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդի հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար (չի մուտքագրվում միասնական հաշվին):

(456-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 457. Օրենսգրքի 17-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողությունները շարունակվում են և դրանց արդյունքներն ամփոփվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԱԱՀ վճարողներն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ հաշվառում են ապրանքների մնացորդներն` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի: Այն հարկ վճարողները, որոնք Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին չեն համարվում ԱԱՀ վճարող, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ կհամարվեն ԱԱՀ վճարող կամ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) ԱԱՀ վճարողները կամ այն հարկ վճարողները, որոնց մոտ հարկային տարվա որևէ ամսում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) կգերազանցի 100 միլիոն դրամի շեմը, սույն կետով սահմանված ապրանքային մնացորդների հաշվառումն իրականացնում են ԱԱՀ վճարող համարվելու կամ հարկային տարվա որևէ ամսում 100 միլիոն դրամի շեմը գերազանցելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ: Սույն կետում նշված հաշվառման արդյունքներն արտացոլվում են հարկային մարմնի սահմանած ձևում: Հարկ վճարողները հաշվառման արդյունքները կարող են արտացոլել այլ ձևաչափով, սակայն հարկային մարմնի սահմանած ձևով պահանջվող տվյալների և վավերապայմանների պարտադիր պահպանմամբ:

3. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կիրառության մեջ դրված ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները շարունակում են կիրառվել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կիրառությունից չեն հանվել մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները Օրենսգրքով սահմանված կարգով առաջին անգամ կիրառության մեջ են դրվում Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

5. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

6. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Կառավարության սահմանած ձևով: Մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:

(457-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-191-Ն, 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 458. Օրենսգրքի 18-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

 

1. Օրենսգրքով սահմանված պահանջները խախտելու կամ չկատարելու համար Օրենսգրքի 18-րդ բաժնով սահմանված պատասխանատվության միջոցները գործում են մինչև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ դրանով Օրենսգրքով սահմանված պահանջները խախտելու կամ չկատարելու համար պատասխանատվության միջոցներ սահմանված լինելու դեպքում: