Գ Լ ՈՒ Խ  56

(գլուխը խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 266. Միկրոձեռնարկատիրությունը

1. Միկրոձեռնարկատիրություն է համարվում սույն գլխով սահմանված չափանիշները բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով իրականացվող գործունեությունը:

Հոդված 267. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները

1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը` համապատասխանաբար, որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև համապատասխանաբար` որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն կետի կիրառության իմաստով` վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող կազմակերպության կամ կազմակերպությունների (բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որին միանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, և առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որից առանձնանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ) համար պետական գրանցում է համարվում նաև կազմակերպությունների վերակազմակերպման պետական գրանցումը.

3) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

4) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

5) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պետական հաշվառումից դուրս գալը, Օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, համարվել է շրջանառության հարկ վճարող կամ, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել է ԱԱՀ վճարող:

2. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:

3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձը, որի՝ նախորդ հարկային տարվա ընթացքում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով`

1) իրացման շրջանառությունը ներառում է նաև շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը.

2) առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

ա. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում բաժանման ձևով վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,

բ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում ինչպես այն կազմակերպության համար, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, այնպես էլ առանձնացված կազմակերպության կամ կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,

գ. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպության համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում միաձուլված կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների ամբողջությունը,

դ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության համար, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում տվյալ կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և միացած կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների ամբողջությունը:

4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվում է բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակներով:

5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`

1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.

2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.

3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.

4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.

5) (կետն ուժը կորցրել է 12.04.22 ՀՕ-103-Ն)

6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.

7) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը.

8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.

9) իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.

10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.

11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

(267-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-185-Ն, 12.04.22 ՀՕ-103-Ն, փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-450-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-340-Ն)

(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(25.10.23 ՀՕ-340-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 268. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը կամ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

2) ընթացիկ հարկային տարում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության բոլոր տեսակների, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

3) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կամ 11-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

4) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետում նշված փաստը՝ տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

5) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք շարունակում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, իսկ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք դադարում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ սույն կետով սահմանված ժամկետից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած անհատ ձեռնարկատերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը նույն մասով նախատեսված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան ժամկետներում զրկվում է համապատասխանաբար՝ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու իրավունքից:

(268-րդ հոդվածը փոփ. 12.04.22 ՀՕ-103-Ն, 24.11.22 ՀՕ-450-Ն)

(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`

1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.

2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.

3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

(269-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.11.22 ՀՕ-450-Ն)

(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ:

3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`

1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.

2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

3) Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

4) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:

(270-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-450-Ն)

(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 271. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների վճարումը

(հոդվածն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-450-Ն)

(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 272. Միկրոձեռնարկատիրության համակարգից շրջանառության հարկի համակարգին կամ հարկման ընդհանուր համակարգին անցումը

1. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`

1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.

2) հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:

2. Միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու ծախսերը` Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով` միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում միկրոձեռնարկատիրության համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.

2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերող` վարչական, իրացման, ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի` տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:

3. Միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների սկզբնական արժեքները` Օրենսգրքով սահմանված կարգով:

Հավելված 3

Ցանկ

գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից

Գործունեության տեսակները

1.

Բնակչության պատվերով կատարվող`

1)

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
2) հագուստի արտադրություն և նորոգում
3) գլխարկների արտադրություն և նորոգում
4) գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
5) փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
6) ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
7)

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

8)

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

9)

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
10) այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
11)

թիթեղագործական գործունեություն

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

5.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում (այդ թվում՝ այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը)