Ավտոմեքենայի օտարումից առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ N 182

Ավտոմեքենայի օտարումից առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
13.04.2021, N 182

Հարց
Քաղաքացին 2020 թ.-ից սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան նույն թվականին նվիրատվություն է արել հորը: Տվյալ դեպքում որեւէ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարում է համարվում մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի եւ (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումը` որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց,
– 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները:
Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի “ա” ենթակետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում:
Նույն կետի “դ” ենթակետին համապատասխան` եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը,
– 150-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի “ա” ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաեւ այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող եւ հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,
– 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով,
– 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի “ա” ենթակետի համաձայն` հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների եւ ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից ձեռքբերված ավտոմեքենան ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարվելու (այդ թվում` նվիրատվությամբ տրամադրվելու) դեպքում` որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ