Շահութահարկի կանխավճարների վերբերյալ N 181

Շահութահարկի կանխավճարների վերբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
13.04.2021, N 181

Հարց
2018 թ.-ից գործող կազմակերպությունը շահութահարկ վճարող է համարվել 2020 թ.-ի հունիսից: 2018 եւ 2019 թթ.-ին կազմակերպությունը չի հանդիսացել շահութահարկ վճարող եւ բնականաբար չի ներկայացրել շահութահարկի հաշվարկներ: 2020 թ.-ին ներկայացվել են ԱԱՀ հաշվետվություններ, որոնցում արտացոլված են եղել ԱԱՀ-ի հաշվարկման բազաները: Տվյալ դեպքում 2021 թ.-ի 1-ին եռամսյակի կանխավճարը ի՞նչ չափով պետք է հաշվարկվի, այն դեպքում երբ 2020 թվականի շահութահարկի հաշվարկը չի ներկայացվում մինչեւ 20.03.2021 թվականը: Այսինքն կանխավճարը տվյալ դեպքում կլինի 0, թե՞ 2020 թ.-ի ընթացքում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ի հարկման բազայի 2 տոկոսը:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի`
– 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողը եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)` նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի եւ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով,
– 2.1-րդ մասին համապատասխան` նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում` ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչեւ տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:
– 3-րդ մասին համապատասխան` մինչեւ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչեւ նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ 2018թ. նոր գրանցված եւ 2018-2019 թթ. շրջանառության հարկ վճարող հանդիսացած կազմակերպությունը 2020թ. շահութահարկ վճարող հանդիսանալու եւ 2020թ. շահութահարկի հաշվարկը մինչեւ 2021թ. մարտի 20-ը չներկայացնելու դեպքում` 2021թ. առաջին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար չի կատարի:
Հայտնում ենք նաեւ, որ 2020թ. համար ներկայացված շահութահարկի (այդ թվում` ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, իսկ հաշվարկի ներկայացմանը նախորդող եռամսյակների համար շահութահարկի կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ