Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ N 135

Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
03.02.2021, N 135

Հարց
Քաղաքացին 2019թ.-ից ունի հիփոտեքային վարկ, որի համար վճարված տոկոսագումարները ամեն եռամսյակի վերջում հետ են վերադարձնում վճարած եկամտային հարկի չափով` համաձայն ” կառավարության որոշման: 2020 թ.-ի դեկտեմբեր ամսին որպես համավարկառու ավելացել է եւս մեկ անձ, ով նաեւ նույն գույքի համասեփականատերն է: Տվյալ դեպքում արդյոք պե՞տք է ներկայացվի առանձին դիմումներ, թե” մեկ դիմումի մեջ հնարավոր է ներառել բոլոր տվյալները: Նոր համավարկառու ավելանալու դեպքում հավելյալ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային մարմին:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`
– 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,
– 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ Կարգի`
– 2-րդ կետին համապատասխան` նույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաեւ վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում,
– 5-րդ կետով սահմանված են հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը,
– 6-րդ կետով սահմանված են հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը,
– 7-րդ կետին համապատասխան` նույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ`
1) հիփոտեքային վարկի վարկառու (համավարկառու) եւ սեփականատեր (համասեփականատեր) հանդիսացող վարձու աշխատողները յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձի դիմումները ներկայացնում են առանձին,
2) հիփոտեքային վարկի վճարված տոկոսների չափով (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը) առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուի կողմից հարկային մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում (տվյալ դեպքում` հիփոտեքային վարկի պայմանագրում) վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ