Արտարժությունով իրականացվող գործարքների վերաբերյալ N 179

Արտարժությունով իրականացվող գործարքների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.04.2021, N 179

Հարց
Տնտեսվարող սուբյեկտը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ունի դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման եւ վարման պարտավորություն, իրականացնում է ապրանքների ներմուծում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատիրոջից: Ապրանքների մատակարարման պայմանագրերը կազմվում եւ կնքվում են օտարերկրյա պետությունում, որի մասին նշվում է պայմանագրում: Ըստ պայմանագրի ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին ապրանքը բեռնափոխադրողին հանձնելու պահին` ՀՀ տարածքից դուրս, ընդ որում բեռնափոխադրումը իրականացվում է երրորդ անձի կողմից: Նկարագրված իրավիճակում գնանշումը կարող է կատարվել արտարժույթով, իսկ վճարումները` կանխիկ արտարժույթով:
Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է ապրանքների արտահանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատիրոջը: Ապրանքների մատակարարման պայմանագրերը կազմվում եւ կնքվում են վաճառողի կողմից ՀՀ-ում, որի մասին նշվում է պայմանագրում: Պայմանագրի համաձայն ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին ՀՀ տարածքից դուրս: Տվյալ դեպքում “Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները կիրառելի են, թե՞ ոչ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները:
“Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքի`
– 1-ին հոդվածին համապատասխան` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման եւ օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,
– 3-րդ հոդվածի 9-րդ կետի “ա” ենթակետին համապատասխան` ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ կատարվող գործարքները կամ վճարումները, մասնավորապես` ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները,
– 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան` ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման եւ աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: ՀՀ տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները (ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները), իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում եւ իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան` անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացողով ռեզիդենտի միջեւ,
– 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ եւ անկանխիկ իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում նշված դեպքերի:
Նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաեւ արտարժույթով, եթե այդ գործարքները իրականացվում են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջեւ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` կանխիկ դրամով վճարումների իրականացման սահմանափակումները, ինչպես նաեւ “Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքով (մասնավորապես` օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներ) արտարժույթով իրականացվող գործարքների (գնանշում, վճարում) մասով սահմանված սահմանափակումները վերաբերում են ՀՀ տարածքում իրականացվող գործարքներին, եւ այդ դրույթները կիրառելի չեն ՀՀ տարածքից դուրս իրականացվող գործարքների գնանշման եւ դրանց դիմաց կանխիկ վճարումների նկատմամբ:
ՀՀ տարածքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների գնանշումը եւ դրանց դիմաց անկանխիկ վճարումները կարող են կատարվել արտարժույթով, եթե գործարքներն իրականացվում են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջեւ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ