Մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարի հետ ստանալու վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
03.04.2021, N 177
Հարց
2020 թվականի համար մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարի գումարները ենթակա են վերադարձի, թե՞ ոչ:
Պատասխան
“ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի (մինչեւ 31.12.2020թ. գործող խմբագրությամբ) 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում դիմելու Հիմնադրամ` նույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
Միաժամանակ, “ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի (29.12.2020թ. ՀՕ-502-Ն, ուժի մեջ է մտել 31.12.2020թ.) 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2021 թվական փետրվարի 1-ը Կառավարությունը պետք է սահմանի դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաեւ 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:
“ՀՀ, կառավարության 02.02.2017թ.-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ կառավարության 25.03.2021 թ.-ի N 421-Ն որոշման (ուժի մեջ է մտել 30.03.2020թ.) 2-րդ կետով սահմանվել է, որ մինչեւ նույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի “ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին” N 86-Ն որոշման N 3 հավելվածի 4-րդ կետը, 5-րդ կետի երկրորդ պարբերությունը, NN 1 եւ NN 4 ձեւերը գործում են մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ եւ ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաեւ որոշման N 3 հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ 2020 թվականի համար մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու նպատակով ֆիզիկական անձը մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հատուցման հիմնադրամ է ներկայացնում դիմում, դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը եւ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք` ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման (մինչեւ 30.03.2021թ. գործող խմբագրությամբ) 3-րդ հավելվածով սահմանված կարգով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ