Ոչ ռեզիդենտ կազմակերպություն կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայության դիմաց ստացվող եկամուտները ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտների թվին դասելու վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
24.03.2021, N 175
Հարց
Ռեզիդենտ կազմակերպությունը զբաղվում է ԵՏՄ անդամ եւ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ՀՀ ներմուծվող ապրանքների փոխադրման ծառայությունների կազմակերպմամբ: Վերոնշյալ ռեզիդենտ կազմակերպությունը իր ծառայությունների շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ստանում է օդային ճանապարհով բեռների փոխադրման ծառայությունների մատուցման հաշիվ ապրանքագիր, իսկ բեռների փաստացի նշանակման վայրը համարվում է` Արմենիա միջազգային օդանավակայանի բեռնային համալիրը` Զվարթնոց մաքսատուն: Արդյո՞ք ռեզիդենտ կազմակերպությունը պետք է հաշվարկի եւ վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
– 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող եւ (կամ) առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման բազա է համարվում` օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,
– 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, նույն կետի “գ” ենթակետին համապատասխան` նույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե փոստային ծառայությունը կամ օդային տրանսպորտով բեռների եւ (կամ) ուղեւորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի մատուցվում է ՀՀ տարածքում: Այն դեպքում, երբ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների եւ (կամ) ուղեւորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում, եւ Կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը` արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման եւ ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի` ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով, բացառությամբ նույն կետի “ե” ենթակետով սահմանված դեպքերի:
ՀՀ կառավարության 07.11.2019թ. “Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին” N 1543-Ա որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ տարածքից դուրս սկսվող եւ ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող եւ ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների եւ (կամ) ուղեւորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաեւ ՀՀ տարածքից դուրս սկսվող եւ ՀՀ տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի եւ ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը` կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով ՀՀ կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի ՀՀ տարածքում մատուցվելու դեպքում, այդ ծառայության դիմաց ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ եւ օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հարկման ՀՀ-ում ոչ ռեզիդենտի շահութահարկով 5% դրույքաչափով (օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ): Ընդ որում, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում եւ Կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը` արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման եւ ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի` ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով: Տեղեկանքի բացակայության դեպքում օդային տրանսպորտով բեռների եւ (կամ) ուղեւորների փոխադրման տրանսպորտային ծառայության ընդհանուր հատուցման գումարը համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ