Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական հարկերի վճարման վերաբերյալ N 126

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական հարկերի վճարման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
01.02.2021, N 126

Հարց
ՀՀ հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն: Համաձայն Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին կետի` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման եւ պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաեւ Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
Տվյալ դեպքում արդյո՞ք առաջանում է պետական հարկերի հաշվարկման եւ պետական բյուջե վճարման պարտավորություն հարկման հատուկ համակարգում` միկրոձեռնարկատիրության համակարգերի շրջանակներում, գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի նկատմամբ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 125-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն,
– 269-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման եւ պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաեւ օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի,
– 269-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման եւ պետական բյուջե վճարման պարտավորությունից (1-ին կետ), միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն (2-րդ կետ), օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի եւ (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման եւ պետական բյուջե վճարման պարտավորությունից (3-րդ կետ):
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման եւ պետական բյուջե վճարման պարտավորությունից, բացառությամբ օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից: Ընդ որում, օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով շահութահարկի գծով բացառություն սահմանված չէ, հետեւաբար` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը ազատվում են նաեւ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկ հաշվարկելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորությունից:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ