ՏՏ ոլորտի հավաստագրված հարկային գործակալի՝ ՀՀ-ից դուրս աշխատող օտարերկրյա քաղաքացու աշխատավայրից եկամտային հարկի դրույքաչափի և սոցիալական դրոշմանիշային վճարները պահելու վերաբերյալ N 127

ՏՏ ոլորտի հավաստագրված հարկային գործակալի՝ ՀՀ-ից դուրս աշխատող օտարերկրյա քաղաքացու աշխատավայրից եկամտային հարկի դրույքաչափի և սոցիալական դրոշմանիշային վճարները պահելու վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
01.02.2021, N 127
Հարց
Հայաստանյան կազմակերպությունը “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրվել է: Կազմակերպության աշխատակիցներից մեկը օտարերկրյա քաղաքացի է, որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, վերջինս ունի ծրագրավորողի որակավորում եւ աշխատանքներն իրականացնում է իր բնակության վայր հանդիսացող օտարերկրյա պետությունից: Աշխատողին վճարվելիք եկամուտները ընկերությունը նախատեսում է արտացոլել եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկի 2-րդ բաժնի 115-րդ տողում (ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ):
Նշյալ օտարերկրյա մասնագետի համար կիրառելի է արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի 1.1) մասով “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալի կողմից հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկման համար նախատեսված 10 տոկոս դրույքաչափը, թե այն պետք է հաշվարկվի 22 տոկոս դրույքաչափով:
Արդյո՞ք այդ օտարերկրյա քաղաքացուն վճարվող աշխատավարձից պետք է պահվի սոցիալական եւ դրոշմանիշային վճարներ:Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից (01.01.2018թ.) ուժը կորցրած է ճանաչվել “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաեւ բացառությամբ նույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների:
“Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն` “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին հաշվարկվող (վճարվող) աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչեւ աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալի կողմից հավաստագրի գործողության ընթացքում վարձու աշխատողի (այդ թվում` օտարերկրացի հանդիսացող) աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով:
2. “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
“Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին” ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն` օրենքը կարգավորում է եկամտային հարկի, անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի շահութահարկի, կենսաթոշակային վճարի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառում իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավորված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Նույն օրենքի դրույթները չեն տարածվում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
“ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի`
– 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն` դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք եւ աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները հայտնում ենք, որ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող վարձու աշխատող հանդիսացող օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար եւ դրոշմանիշային վճար վճարող չի հանդիսանում:ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ