Վարձակալական ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու վերաբերյալ N 134

Վարձակալական ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
03.02.2021, N 134

Հարց
Իրավաբանական անձը պայմանագրով վարձակալել է տարածք ֆիզիկական անձից 01/08/2020թ.-ից, բայց այդ պայմանագիրը նոտարով վավերացված չէ եւ չունի ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից պետական գրանցում: Արդյո՞ք այդ վարձակալական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկ վճարողի համախառն եկամտից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով եւ օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ.
– 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի “ա” ենթակետի եւ 10-րդ կետի “ա” ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից վարձակալած գույքի գծով առաջացող ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկ վճարողի համախառն եկամտից, եթե այդ ծախսերը փաստաթղթավորված լինեն հաշվարկային փաստաթուղթ չհամարվող եւ օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 7-10-րդ կետերում (բացառությամբ 9-րդ կետի “ա” ենթակետի եւ 10-րդ կետի “ա” ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները պարունակող այլ փաստաթղթերով` անկախ վարձակալական պայմանագրի նոտարական վավերացումից:

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ