Ոչ առեվտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց փոխկապակցված համարվելու վերաբերյալ N 133

Ոչ առեվտրային կազմակերպության և ֆիզիկական անձանց փոխկապակցված համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
03.02.2021, N 133

Հարց
Անհատ ձեռնարկատերը զբաղվում է ատամնատեխնիկական գործունեությամբ եւ հարկվում է շրջանառության հարկով: Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը ցանկանում է ստեղծել ոչ առեւտրային կազմակերպություն (հիմնադրամ): Ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր հանդիսանալու արդյունքում փոխկապակցված կհամարվե՞ն ոչ առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասով դեպքերում եւ ժամկետներում, մասնավորապես` տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչեւ տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն (նույն մասի 1-ին կետ),
– 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, բացառությամբ նույն կետում նշված դեպքերի,
– 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները եւ (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առեւտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ոչ առեւտրային կազմակերպության (տվյալ դեպքում` հիմնադրամի) հիմնադիր հանդիսանալը չի համարվում օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` կազմակերպության եւ ֆիզիկական անձանց փոխկապակցված համարվելու հիմք, քանի որ վերոնշյալ կետով սահմանված փոխկապակցվածությունը վերաբերում է առեւտրային կազմակերպություններին: Հետեւաբար` շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված մյուս պայմաններին բավարարելու դեպքում անհատ ձեռնարկատերը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող` օրենսգրքով սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու դեպքում:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ