Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ N 125

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21.01.2021, N 125

Հարց
2020 թ.-ի հունիս ամսին քաղաքացին ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից հայտարարություն` ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ: 2021 թ.-ին քաղաքացին ցանկանում է շարունակել նույն գործունեությունը, արդյոք պե՞տք է նորից ներկայացվի հայտարարություն, եւ նախորդ տարվա համար որեւէ հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն կա՞, թե ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 267-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որեւէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչեւ տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձեւով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվում է բացառապես օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակներով,
– 270-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչեւ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, հարկային մարմին ներկայացված` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտից հետո գործունեությունը շարունակելու համար (եթե բավարարում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված բոլոր պայմաններին) պարտավոր է մինչեւ տվյալ գործունեության տեսակը շարունակելը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել” ՊԵԿ նախագահի 27.08.2019 թ. N 558-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բացառապես օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ֆիզիկական անձանց համար` հարկային մարմին միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված չէ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ