Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սկասարկման համար վճարվող տոկոսներ գումարների վերադարձի վերաբերյալ N 124

Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սկասարկման համար վճարվող տոկոսներ գումարների վերադարձի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21.01.2021, N 124
Հարց
Քաղաքացին օգտվում է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված եւ փաստացի բնակարանի ձեռքբերմանը ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկը փոխհատուցելու հնարավորությունից: Նույն բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկի պայմանագրում որպես համավարկառու ներգրավված է նաեւ քաղաքացու կինը: Մինչեւ օրս նշված հիփոթեքային վարկի շրջանակում քաղաքացին ստացել է փոխհատուցում 3 եռամսյակի համար, եւ ամբողջ գումարը փոխհատուցվել է բացառապես իր եկամտային հարկի գումարներից: Տվյալ դեպքում, եթե կինը կնքի հիփոթեքային վարկի նոր պայմանագիր նոր բնակարանի ձեռքբերման նպատակով, արդյո՞ք կարող է օգտվել փոխհատուցման հնարավորությունից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու եւ համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:
ՀՀ կառավարության 05.10.2017 թ.-ի N 1321-Ն որոշմամբ սահմանված “Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման” կարգի 2-րդ կետին համապատասխան` նույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաեւ վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում: Նույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու եւ համավարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում, եթե հիփոթեքային վարկի համավարկառու ֆիզիկական անձը 2018 թ.-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում չի օգտվել եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից, ապա վերջինս կարող է 2018 թ.-ի հունվարի 1-ից հետո ստացվող մեկ հիփոթեքային պայմանագրի շրջանակներում օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից` օրենսդրությամբ սահմանված մնացած պայմանները բավարարելու դեպքում:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ