Բ Ա Ժ Ի Ն 20
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 80
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 440. | Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը |
1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաև հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով՝ Օրենսգրքով սահմանված կարգով կամ դատարան:
2. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության բողոքարկման նպատակով հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված բողոքի ցանկացած փուլում հարկ վճարողը կարող է դիմել դատարան:
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան հարկային ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` Օրենսգրքով սահմանված կարգով:
4. Հարկային մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական պատասխանատվության կիրառման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 441. | Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը և բողոք ներկայացնելու կարգը |
1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում հարկ վճարողի կողմից գրավոր կարգով և հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`
1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.
3) բողոքարկման առարկան.
4) բողոք բերողի պահանջը.
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում հարկային մարմինը դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:
4. Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է հարկային մարմինը:
(441-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
Հոդված 442. | Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննությունը |
1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները հարկային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է հարկ վճարողի դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե՝
1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում Օրենսգրքով սահմանված չափանիշներին, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.
2) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.
3) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.
4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.
5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնող հարկ վճարողը չի վերացրել Օրենսգրքի 441-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում.
6) դիմում-բողոք բերող հարկ վճարողը հրաժարվում է բողոքից.
7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.
8) բացակայում է հարկային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.
9) դիմում-բողոքը ներկայացվել է Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո.
10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո՝ Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.
11) դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողը նույն պահանջով դիմել է դատարան.
12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:
3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը հարկ վճարողի դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է հարկային մարմնում:
4. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:
5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են հարկային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում՝ հարկային մարմնի սահմանած կարգով:
Հոդված 443. | Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը |
1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝
1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.
2) դիմում-բողոքը բավարարելու մասին.
3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.
4) դիմում-բողոքը մերժելու մասին.
5) վերստուգում անցկացնելու մասին:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն վեց հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը ուղարկվում է դիմում-բողոք բերած անձի հաշվառման վայրի հարկային մարմին՝ հարկ վճարողի հարկային գործում ընդհանուր սահմանված կարգով պահպանելու նպատակով:
4. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:
(443-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)