Բ Ա Ժ Ի Ն  6

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ

Գ Լ ՈՒ Խ  21

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 102. Շահութահարկը

 

  1. Շահութահարկը Օրենսգրքի 104-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

 

Հոդված 103. Շահութահարկ վճարողները

 

  1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝

1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝

ա. անհատ ձեռնարկատերերը,

բ. նոտարները.

3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի).

4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

  1. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներից, շահութահարկ վճարողներ չեն համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների.

2) Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը:

(103-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  22

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 104. Շահութահարկով հարկման օբյեկտը

 

  1. Շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում՝

1) ռեզիդենտ կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այսուհետ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա (այսուհետ՝ սույն բաժնում՝ ստացվող) համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների անձնական եկամուտների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը.

3) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող անձնական եկամուտների:

 

Հոդված 105. Շահութահարկով հարկման բազան

 

  1. Շահութահարկով հարկման բազա են համարվում՝

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած և հարկային մարմնի հետ համաձայնեցրած կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդի մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները.

3) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն՝ հաշվի առնելով Օրենսգրքի 133-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

4) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այսուհետ՝ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը.

5) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ մշտական հաստատությանը չվերագրվող գործունեության և (կամ) եկամուտների մասով՝ Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը:

(105-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 106. Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները

 

  1. Շահութահարկով հարկման բազան որոշելիս՝

1) հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե Օրենսգրքի սույն բաժնով և Օրենսգրքի ընդհանուր մասով դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չեն.

2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով.

3) ձեռք բերված ակտիվների գծով ձեռք բերումից հետո Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտումները (ավելացումները, նվազեցումները) այդ ակտիվների սկզբնական կամ հաշվեկշռային արժեքները չեն փոփոխում.

4) հարկային հսկողության արդյունքում հայտնաբերված՝ ակտիվների պակասորդի մասով հարկման բազայի ավելացում կամ պակասեցում չի կատարվում.

5) հաշվի են առնվում միայն Օրենսգրքով սահմանված պահուստների ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:

 

Հոդված 107. Եկամուտների ստացման աղբյուրները

 

  1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝

1) ձեռնարկատիրական եկամուտները՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում.

2) պասիվ եկամուտները՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:

Սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված եկամուտներում ներառվում են նաև՝

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում.

2) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտները.

3) այլ եկամուտները՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե՝

1) ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անկախ Օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, սույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե՝

ա. շինարարության նախապատրաստման և իրականացման (ներառյալ՝ հետախուզման, նախագծման, դիզայներական, մոնտաժային, հեղինակային և տեխնիկական վերահսկողության), անշարժ գույքի նորոգման, վերականգնման և կանաչապատման, ինչպես նաև անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (ներառյալ՝ անշարժ գույքի գնահատման ծառայությունները) անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի հետ,

բ. բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը (բացառությամբ փոստային ծառայության և օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության) փաստացի մատուցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն դեպքում, երբ բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում առանձնացված է Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը, ապա Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում միայն այդ մասին համապատասխանող եկամուտը: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը համարվում է առանձնացված, եթե այդ փաստաթղթում առանձին նշված է սահմանային բնակավայրից (այդ թվում՝ հարևան պետության տարածքում գտնվող) մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող նշանակման վայր (կամ հակառակը) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության դիմաց հատուցումը: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը,

գ. փոստային ծառայությունը կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի մատուցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն դեպքում, երբ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և Կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը՝ արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման և Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի՝ ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով, բացառությամբ սույն կետի «ե» ենթակետով սահմանված դեպքերի,

դ. սույն կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված ծառայությունների հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, բեռնաթափման, ուղեկցման և համանման այլ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման ժամանակ ապրանքները փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում,

ե. փոստային ծառայությունը սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող փոստային ծառայությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա անկախ ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը առանձնացված լինելու հանգամանքից, Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում գործարքի դիմաց հատուցման ողջ գումարը),

զ. հեռահաղորդակցության ծառայությունները մատուցվել են հեռահաղորդակցության օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և (կամ) գրանցված հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ,

է. տեղեկատվությունը հաղորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեից և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեին,

ը. գովազդի պատրաստումը և (կամ) տարածումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

թ. աուդիտորական ծառայություն ստացող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում.

3) այդ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող միջնորդական գործունեությունից.

4) այդ եկամուտները ստացվել են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում իր մշտական հաստատությանը կառավարման, ֆինանսական կամ ապահովագրական ծառայությունների մատուցումից:

Եթե ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կատարած աշխատանքների կամ մատուցված ծառայությունների բնույթով պայմանավորված՝ հնարավոր չէ առանձնացնել Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մասը, կամ եթե հնարավոր չէ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության նպատակով պասիվ եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե՝

1) շահաբաժինները ստացվում են ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված համատեղ գործունեությունից.

2) տոկոսները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից).

3) ռոյալթիները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից).

4) վարձակալական վճարը կամ սերվիտուտի վճարը ստացվում է՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց,

բ. այնպիսի շարժական գույքի (բացառությամբ օդանավերի) տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց, որը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է (ենթակա է գրանցման) Հայաստանի Հանրապետությունում, կամ որը վարձակալության պայմանագրի կնքման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

5) ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ակտիվների (բացառությամբ բաժնետոմսերի և ներդրում վկայող այլ արժեթղթերի) արժեքի հավելաճը ստացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ակտիվների օտարումից (բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվների արժեքի հավելաճը մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության արդյունք է), իսկ բաժնետոմսերի և ներդրում վկայող այլ արժեթղթերի պարագայում՝ եթե արժեքի հավելաճը ստացվում է ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերի կամ այդ կազմակերպության թողարկած՝ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից: Ընդ որում`

ա. ակտիվների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման, տեղափոխման և (կամ) տեղակայման փաստը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվների սկզբնական արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով վերջիններիս ներմուծմանը վերաբերող փաստաթղթերում (ներմուծման մաքսային հայտարարագիր կամ ներմուծման հարկային հայտարարագիր), տեղափոխմանը և (կամ) տեղակայմանը վերաբերող հաշվարկային փաստաթղթերում նշված արժեքը, եթե բացակայում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ ակտիվների ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերը,

բ. ակտիվների ձեռքբերման փաստը հաստատող հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվների սկզբնական արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռքբերմանը, տեղափոխմանը և (կամ) տեղակայմանը վերաբերող հաշվարկային փաստաթղթերում նշված արժեքը,

գ. մաշվածության կամ ամորտիզացիայի (այսուհետ՝ ամորտիզացիա) ենթակա ակտիվների օտարման դեպքում ակտիվների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է՝ հաշվի առնելով օտարման պահին դրանց հաշվեկշռային արժեքը, որի համար հիմք է հանդիսանում օտարողի տված փաստաթուղթը,

դ. օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների օտարման դեպքում ակտիվների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է՝ հաշվի առնելով դրանց վերագնահատված արժեքը, եթե այդ վերագնահատման արդյունքները հաշվի են առնվում շահութահարկով հարկման բազան կամ շահութահարկը որոշելիս,

ե. արտարժույթի փոխանակման դեպքում ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է որպես Հայաստանի Հանրապետության դրամով ստացված դրամական միջոցների և դրանց դիմաց վճարված արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով Հայաստանի Հանրապետության դրամով վերահաշվարկված գումարի դրական տարբերություն,

զ. ոչ ռեզիդենտի կողմից օտարվող ակտիվների մասով սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ակտիվների արժեքի հավելաճ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից օտարվող ակտիվների ամբողջ արժեքը.

6) այլ պասիվ եկամուտները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից):

  1. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 3-րդ կետի կիրառության նպատակով սույն հոդվածի 2-4-րդ մասերում չնշված այլ եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե դրանք ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե հնարավոր չէ սույն մասում նշված այլ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

  1. Այն եկամուտները, որոնք, սույն հոդվածի 1-5-րդ մասերի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ:

(107-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 108. Եկամուտ չհամարվող տարրերը

 

  1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները՝ նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.

2) շահութահարկ վճարողի լուծարման մասին որոշման առկայության դեպքում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.

3) շահութահարկ վճարողի բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը.

4) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե այդ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջով.

5) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը.

6) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները, եթե սույն կետում նշված գործարքները կատարվում են հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումից հետո.

7) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը.

8) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման բացասական արդյունքը.

9) հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարները.

10) հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարները.

11) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները.

12) հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հազար դրամ հարկային պարտավորության գումարը.

13) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից).

14) միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրվող տույժերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով շահութահարկ վճարողին (հարկային գործակալին) վերադարձվող (փոխհատուցվող)՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները.

15) խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտները.

16) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

17) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները:

18) Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի և (կամ) տուգանքների գումարները: Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում նաև փոխառուների նկատմամբ ձևավորված և անհուսալի ճանաչված ակտիվների գծով արտահաշվեկշռում (հետհաշվեկշռային հաշիվներում) հաշվառվելու ընթացքում հաշվարկված տոկոսները և (կամ) տույժերը և (կամ) տուգանքները՝ դրանց հաշվառման (հաշվարկման, հաշվեգրման) պահին, ինչպես նաև դրանց հետագա զիջման կամ ներման (այդ թվում՝ մասնակի) դեպքում:

  1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում նաև՝

1) արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները: Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում՝

ա. ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտ շահութահարկ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից,

բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից,

գ. ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ռեզիդենտին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը:

(108-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

(108-րդ հոդվածի 1-ին մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 26-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

(108-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կկորցնի 01.01.2021-ին)

 

 

Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

 

  1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ սույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ցածր գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) օտարելու դեպքում`

ա. օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

բ. գնորդ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքի և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ.

2) շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում`

ա. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում`

– վարձատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

– վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,

բ. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի անհատույց օգտագործման հանձնելու դեպքում`

– փոխատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

– փոխառու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձավճարները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը)՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամտի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ.

3) ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են, և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:

Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

  1. Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:
  2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման հաշվեգրման մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է շահութահարկ վճարողին (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) անվերապահ վճարման (հատուցման), կամ շահութահարկ վճարողը (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս: Մասնավորապես՝

1) ապրանքի մատակարարումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքի մատակարարման պահին.

2) աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պահին.

3) տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա պարտքին վերաբերող տոկոսների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.

4) վարձակալական վճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա վարձակալական վճարների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.

5) շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը:

  1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝

1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները: Սույն կետով սահմանված դեպքում՝

ա. ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ. դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում,

գ. հողամասերը եկամուտ են համարվում տասը հարկային տարիների ընթացքում, ներառյալ՝ դրանց ստացման հարկային տարին՝ յուրաքանչյուր հարկային տարում հավասարաչափ: Եթե սույն ենթակետով սահմանված ժամանակահատվածում անհատույց ստացված հողամասն օտարվում է, ապա հողամասի արժեքի՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում հողամասի օտարման հարկային տարում,

դ. ակտիվների սկզբնական արժեքները, եթե սույն կետի «ե» ենթակետով այլ բան սահմանված չէ, որոշվում են այդ ակտիվների ստացման գործարքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժեքների հիման վրա, իսկ այդ փաստաթղթերում արժեք նշված չլինելու դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա,

ե. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի սկզբնական արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով.

2) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացած ակտիվները, եթե դրանք ստացվում են մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը: Սույն կետով սահմանված ակտիվները՝

ա. եկամուտ են համարվում սույն մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կարգերով,

բ. ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, իսկ համատեղ գործունեության պայմանագրով ներդրման արժեք նախատեսված չլինելու դեպքում՝ հաշվետու մասնակցի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

3) դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված և սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին փոխանցվող ակտիվները: Սույն կետով սահմանված ակտիվները եկամուտ են համարվում սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով և չափով.

4) տիրազուրկ ակտիվների նկատմամբ շահութահարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ ակտիվները: Սույն կետով սահմանված՝

ա. ակտիվները եկամուտ են համարվում դրանց նկատմամբ շահութահարկ վճարողի իրավունքների ճանաչման հարկային տարում,

բ. ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են դրանք ստացող շահութահարկ վճարողի մոտ առկա նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ակտիվների արժեքի չափով, իսկ այդպիսի ակտիվների բացակայության դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

5) գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկը՝ հիմք ընդունելով այդ գույքի սկզբնական արժեքը: Սույն կետի կիրառության իմաստով՝ գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկ է համարվում այն գույքը, որը շահութահարկ վճարողի մոտ որևէ կերպ հաշվառված չէ, և միաժամանակ առկա չեն այդ գույքի՝ շահութահարկ վճարողին կամ այլ կազմակերպությանը կամ այլ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանելիությունը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը շահութահարկ վճարողի կողմից օգտագործվում է վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա: Սույն կետով սահմանված դեպքում՝

ա. գույքը եկամուտ է համարվում դրա հայտնաբերման հարկային տարում,

բ. գույքի սկզբնական արժեքը որոշվում է այն ստացող շահութահարկ վճարողի մոտ առկա նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի արժեքի չափով, իսկ այդպիսի գույքի բացակայության դեպքում՝ ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

6) կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների՝ ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների: Սույն կետի կիրառության իմաստով՝ պարտավորության զեղչումից ստացվող եկամուտ չի առաջանում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը.

7) ապահովագրական հատուցումները.

8) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող այլ եկամուտները.

9) տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով եկամուտները, բացառությամբ միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի.

10) անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարված նվազեցումները.

11) Կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ սույն մասի 12-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝

ա. դուրս գրված հարկման նպատակով դուրս գրման ենթակա կրեդիտորական պարտքերի գումարները,

բ. նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները,

գ. դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները:

Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում այդ պարտքը առաջացնող գործարքի (գործառնության, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը,

բ. ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ,

գ. այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետը մինչև դրանց անհուսալի դառնալը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված նոր ժամկետում չմարվելու դեպքում,

դ. դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մասնակի մարումը չի համարվում պարտքի (չմարված գումարի մասով) մարման ժամկետի հետաձգում,

ե. նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում՝ մարվող (մասնակի մարվող) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է ընդունվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը,

զ. անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում,

է. այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ, ապա այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս գրվում դրանց գծով հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսները,

ը. նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ,

թ. կրեդիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում եկամուտ է համարվում ներված կամ չպահանջված կամ անհատույց փոխանցված կրեդիտորական պարտքի գումարը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ առկա է այլ ձևով կրեդիտորական պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշում և (կամ) համաձայնություն, եթե կրեդիտորական պարտքի կետանցված դառնալու օրվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում պարտատերը պարտքի կատարումն ապահովելու պահանջով չի դիմել դատարան, բացառությամբ հանրային ծառայությունների մատուցման արդյունքում առաջացող կրեդիտորական պարտքերի,

ժ. Կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի չճանաչված կրեդիտորական պարտքը երրորդ անձին հատուցմամբ փոխանցման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում կրեդիտորական պարտքը նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելու դեպքում եկամուտ է համարվում կրեդիտորական պարտքի՝ չհատուցված (չվճարված) մասը.

12) Կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից՝

ա. դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները,

բ. նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված դեպքերի,

գ. հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.

13) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

14) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.

15) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող այն վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով.

16) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին ավելացվող գումարները, եթե այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով ճանաչվել են որպես համախառն եկամտից նվազեցում: Սույն կետով սահմանված ավելացվող գումարները ներառվում են այն հարկային տարվա համախառն եկամտի մեջ, որում ներառված՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը:

  1. Եթե Կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարը, կնքված պայմանագրի համաձայն, ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա՝ ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա այդ ապրանքի մատակարարման դեպքում եկամուտը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն մասի կիրառության իմաստով՝

1) եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ՝ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Կառավարությունը.

2) ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում՝ որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:

(109-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 110. Նվազեցումները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ՝ ծախսեր), կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով:
  2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից նվազեցվում է միայն մեկ անգամ:

 

Հոդված 111. Ծախսերը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
  2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում՝ Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:

(111-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 112. Ծախս չհամարվող տարրերը

 

  1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝

1) սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

2) այլ հարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.

3) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

4) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

5) համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին փոխանցված ապրանքները, նրա համար կատարված աշխատանքները և (կամ) նրան մատուցված ծառայությունները.

6) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.

7) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը.

8) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը.

9) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները.

10) հարկ վճարողի լուծարման դեպքում միասնական հաշվին առկա՝ մինչև հազար դրամ գումարը.

11) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.

12) խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության գծով կատարվող ծախսերը.

13) ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:

(112-րդ հոդվածի 1-ին մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

(112-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կկորցնի 01.01.2021-ին)

 

Հոդված 113. Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով Օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.

2) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ Օրենսգրքի 120-րդ հոդվածով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի.

3) սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը.

4) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցվում են համախառն եկամտից.

5) Օրենսգրքի 4-րդ, 5-րդ և 8-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարները.

6) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները.

7) Օրենսգրքի 114-120-րդ հոդվածներով սահմանված՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով նորմավորվող ծախսերի՝ նորմաները գերազանցող մասը:

 

Հոդված 114. Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների) այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները: Սույն կետի կիրառության իմաստով՝ վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարների հետ համեմատվում են առանձին-առանձին՝ ըստ յուրաքանչյուր վարկի և (կամ) փոխառության.

2) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը հարկային տարվա արդյունքներով գերազանցում է՝

ա. շահութահարկ վճարողի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը,

բ. բանկ կամ վարկային կազմակերպություն համարվող շահութահարկ վճարողի՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության իննապատիկը:

Հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում:

Սույն կետի կիրառության իմաստով՝ սեփական կապիտալը հաշվարկվում է որպես Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ակտիվների և պարտավորությունների տարբերություն:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների վրա.

3) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարները անտոկոս տրամադրվում են այլ հարկ վճարողների.

4) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը գերազանցում է այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները:

Սույն մասի 3-րդ և 4-րդ կետերի կիրառության իմաստով՝

ա. ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, ինչպես նաև այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները հաշվարկվում են յուրաքանչյուր հարկային տարվա կտրվածքով,

բ. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների հանրագումարի և այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների հանրագումարի տարբերությամբ՝ առանց հաշվի առնելու յուրաքանչյուր վարկի և (կամ) փոխառության գծով հաշվարկվող և (կամ) ստացվող տոկոսների գումարները: Ընդ որում, հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է ստացած վարկերի և (կամ) փոխառությունների՝ միայն այն գումարների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով, որոնք տրամադրվել են այլ հարկ վճարողների,

գ. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշելիս ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գումարների գծով այն տոկոսների գումարները, որոնք, Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ, հաշվարկին չեն մասնակցում:

(114-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 115. Վարձակալական վճարները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը՝

ա. հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարն է, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի,

բ. որոշվում է որպես վարձակալությամբ վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող եկամտի և նույն շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն.

2) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների այն մասը, որը գերազանցում է այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ հարկ վճարողների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը որոշվում է որպես հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի ենթավարձակալության տրամադրելու ժամանակահատվածի համար ստացվող վարձակալական վճարի (հաշվի առնելով Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները) և նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի վարձակալության նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն:

(115-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 116. Ներկայացուցչական ծախսերը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
  2. Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա ներկայացուցչական ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում:
  3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը:

 

Հոդված 117. Գործուղման ծախսերը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որը գերազանցում է՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ և սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ պատվիրատուի կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված՝ այդ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 80 տոկոսը: Սույն կետով սահմանված դեպքերում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերի և պատվիրատուի վավերացրած հաշվարկային փաստաթղթերի բացակայության կամ այդ պայմանագրերում ու հաշվարկային փաստաթղթերում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառությունն առանձնացված չլինելու դեպքում շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի թույլատրելի առավելագույն մեծությունը որոշվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով:

Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կարող է նվազեցվել 30 հազար դրամը, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում՝ գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը: Ընդ որում, շինարարություն իրականացնող շահութահարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը:

  1. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը:

(117-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 118. Կառավարման ծառայությունների ծախսերը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից կամ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ստացվող կառավարման ծառայությունների դիմաց կատարվող ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի երկու տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված՝ կառավարման ծառայությունների դիմաց կատարվող ծախսերի մեջ ներառվում են նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ստացվող կառավարման ծառայությունների դիմաց կատարվող այն ծախսերը, որոնք, որպես եկամուտներ, չեն վերագրվում մշտական հաստատությանը:
  2. Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա կառավարման ծառայությունների ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը որոշվում է հարկային տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով, իսկ եթե տվյալ հարկային տարվա համախառն եկամտի երկու տոկոսը փոքր է երկու միլիոն դրամից, ապա կառավարման ծառայությունների ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են երկու միլիոն դրամը չգերազանցող չափով:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումը չի կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման և ինովացիոն գործունեություն իրականացնող ռեզիդենտ կազմակերպությունների հիմնադիր հանդիսացող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, ինչպես նաև միջազգային վարկային (դրամաշնորհային) պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպություններից և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ստացվող կառավարման ծառայությունների ծախսերի նկատմամբ:
  4. Սույն հոդվածի կիրառության իմաստով, կառավարման ծառայությունների ծախսեր են համարվում հարկ վճարողի գործունեությունը փաստացի ղեկավարելու համար այլ հարկ վճարողների կողմից կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների (բացառությամբ վարձու աշխատող համարվող անձանց կողմից կատարվող աշխատանքների) դիմաց կատարվող ծախսերը, որոնք չեն ներառում կառավարման գծով խորհրդատվության և հավատարմագրային կառավարման դիմաց կատարվող ծախսերը:

 

Հոդված 119. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը գերազանցում է տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը.

2) իր համար՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը գերազանցում է հարկման բազայի հինգ տոկոսը:

 

Հոդված 120. Այլ ծախսերը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) շահութահարկ վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված սահմանափակումը չի կիրառվում այն դեպքերում, երբ շահութահարկ վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը.

2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.

3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող յուրաքանչյուր ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի այն մասը, որը ամսական կտրվածքով գերազանցում է երեք միլիոն դրամը:

(120-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 121. Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը: Ընդ որում՝

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն ժամկետների հարաբերություն.

2) օրենքով սահմանված կարգով վերագնահատված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով վերագնահատումից հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն.

3) հիմնական միջոցների առանձին խմբերի համար կիրառվում են հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետները.

Տող

Հիմնական միջոցների խմբերը Ամորտիզացիոն նվազագույն ժամկետը (տարի)
1) Շենքեր, շինություններ, անշարժ գույքի միավոր համարվող գծային ինժեներական ենթակառուցվածքներ (էլեկտրահաղորդման և կապի համակարգեր (այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծեր) և դրանց հենասյուներ, ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատարների և ջերմամատակարարման համակարգեր, ոռոգման համակարգեր, ջրամբարներ), բացառությամբ 2-րդ տողում նշվածների 20
2) Հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ 10
3) Արտադրական սարքավորումներ 5
4) Հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա 3
5) Հաշվողական և համակարգչային տեխնիկա, հաղորդակցական սարքավորանք 1
6) Այլ հիմնական միջոցներ (այդ թվում` բանող անասուններ, բազմամյա տնկիներ և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումներ) 8

 

4) շահութահարկ վճարողը կարող է ընտրել հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն այլ ժամկետներ (այդ թվում՝ ինչպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի համար առաջին անգամ ամորտիզացիոն մասհանում հաշվարկելու պահին, այնպես էլ դրանից հետո), սակայն հիմնական միջոցների տվյալ խմբի համար սույն մասի 3-րդ կետով, իսկ ոչ նյութական ակտիվների համար՝ սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամկետներից ոչ պակաս չափով: Սույն կետով սահմանված դեպքերում յուրաքանչյուր անգամ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի ամորտիզացիոն ժամկետը վերանայելուց հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի՝ մինչև ամորտիզացիոն ժամկետի վերանայումն առկա հաշվեկշռային արժեքի և վերանայված ամորտիզացիոն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն.

5) ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները որոշում է շահութահարկ վճարողը` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան շահութահարկ վճարողի գործունեության ժամկետը: Սույն կետի կիրառության իմաստով՝ Կառավարության սահմանած չափանիշների համաձայն՝ Կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների (այսուհետ՝ կոնցեսիոն պայմանագիր) շրջանակներում կոնցեսիոների (օպերատորի) համար ոչ նյութական ակտիվ է համարվում նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) ստացված՝ հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով,

բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում.

6) հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների՝

ա. ձեռքբերման, ստացման, կառուցման, ստեղծման կամ մշակման (այսուհետ սույն հոդվածում՝ ձեռքբերման) դեպքում (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի) այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են դրանց ամորտիզացման օրվանից՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման օրվանից մինչև հարկային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները,

բ. օտարման կամ լուծարման դեպքում (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի) այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են հարկային տարվա սկզբից մինչև դրանց օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը)՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հարկային տարվա սկզբից մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները,

գ. ձեռքբերման և օտարման կամ ձեռքբերման և լուծարման դեպքում այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են դրանց ամորտիզացման օրվանից մինչև դրանց օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը)՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման օրվանից մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարման կամ լուծարման օրը (իսկ եթե մինչև օտարման կամ լուծարման օրը հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը դադարել են համարվել ամորտիզացման ենթակա, ապա՝ մինչև ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները,

դ. հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման ենթակա դառնալու և (կամ) ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու դեպքում այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կատարվում են դրանց ամորտիզացման օրվանից մինչև դրանց ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը՝ սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման օրվանից մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման ենթակա համարվելուց դադարելու օրը ընկած ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների թվի 1/12-ի արտադրյալի չափով՝ ոչ ամբողջական ամիսների համար հաշվի առնելով նաև սույն կետի վերջին պարբերության դրույթները:

Սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված դեպքերում ոչ ամբողջական ամիսների համար ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և այդ ոչ ամբողջական ամիսներում ներառված օրերի թվի 1/365-ի արտադրյալի չափով.

7) մինչև հանքի շահագործման սկիզբը կատարված մակաբացման աշխատանքների գծով ճանաչված ակտիվներն ամորտիզացվում են հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն՝ ներառվելով արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքում։ Հանքի շահագործումն սկսելուց հետո կատարված մակաբացման աշխատանքների գծով ծախսերը վերագրվում են մակաբացման աշխատանքների արդյունքում արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին: Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

  1. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից`

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում.

2) Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը` սույն կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի), հինգ տոկոսը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում յուրաքանչյուր հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը գերազանցող կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են դրանց կատարման ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, իսկ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարի՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը գերազանցող մասն ավելացվում է գերազանցելու օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, և այդ ամսվանից սկսած՝ տվյալ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը ամորտիզացվում են՝

ա. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը,

բ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը պակաս է ութ տարուց,

գ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս ութ տարուց, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կազմում է ութ տարի և ավելի,

դ. ոչ նյութական ակտիվի դեպքում՝ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում.

2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված ընթացիկ բնույթի ծախսերը` դրանց կատարման տարվա ընթացքում: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է ընթացիկ բնույթի ծախս, եթե սույն մասի 1-ին կետի համաձայն՝ այն չի համարվում կապիտալ բնույթի ծախս:

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում այդ արժեքները համարվում են զրո.

2) գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը.

3) գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն դեպքում, երբ այդ ծախսերի կատարման պարտականությունը համապատասխան ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը կամ օգտագործողը.

4) գործառնական վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և (կամ) փաստացի դադարեցման դեպքում կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը վարձակալի կամ օգտագործողի համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձակալը կամ օգտագործողը կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը հատուցման դիմաց օտարում է վարձատուին կամ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը օգտագործման տրամադրողին.

5) ամորտիզացիայի ոչ ենթակա հիմնական միջոցների (այդ թվում՝ հողամասերի) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով այլ հիմնական միջոցների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում՝ հաշվի առնելով սույն պարբերության 1-4-րդ կետերով սահմանված դրույթները:

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողի կողմից բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների գումարի որոշման համար սահմանված կարգով:
  2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով՝

1) ձեռք բերվող շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի սկզբնական արժեքը ընդունվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով.

2) շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսը ընդունվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ծախսը ընդունվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ծախսի և գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցրած լինելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների ձեռքբերման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով) կամ եթե օտարողը կամ վարձատուն (փոխատուն) հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը:

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով, համախառն եկամուտը նվազեցվում է անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով իրականացվող գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների վրա կատարվող ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են, եթե գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների համար վճարվող գումարներն առանձնացված են պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագրերում և (կամ) պատվիրատուի և կատարողի միջև կազմվող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում.

2) գիտահետազոտական աշխատանքներ ու ծառայություններ են համարվում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման, նոր գիտելիքների ստացման ու կիրառման նպատակով կատարվող գիտական հետազոտություններն ու մշակումները, այդ թվում՝

ա. հիմնարար գիտական հետազոտությունները՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեությունը,

բ. կիրառական գիտական հետազոտությունները՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտությունները, որոնցից են գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված փորձարարական մշակումները.

3) փորձակոնստրուկտորական աշխատանքներ ու ծառայություններ են համարվում ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակումը, գծագրի կամ նշանային միջոցների այլ համակարգի մակարդակով նոր օբյեկտի մտահղացումների և տարբերակների մշակումը, տեխնոլոգիական գործընթացների մշակումը, այդ թվում՝

ա. արտադրանքի կամ տեխնոլոգիայի այլընտրանքների գնահատումը,

բ. արտադրանքի փորձանմուշների նախագծումը, կառուցումը և փորձարկումը,

գ. նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործիքների, ձուլամայրերի, կաղապարների և դրոշմոցների նախագծումը.

4) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում ու ծառայություններում չեն ներառվում՝

ա. կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),

բ. մարկետինգային գործունեությունը,

գ. ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,

դ. ստանդարտացումը,

ե. մասնագիտացված բժշկական աշխատանքներն ու ծառայությունները,

զ. գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահպանումը և ուղեկցումը), բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման (ադապտացման, պահպանման և ուղեկցման),

է. արտադրության գործընթացում նորամուծությունների ներդրումը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման,

ը. կառավարումը,

թ. սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը։

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով՝

1) ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այդ ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը և (կամ) ծառայությունների մատուցմանը համամասնորեն.

2) առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ապրանքների մատակարարմանը համամասնորեն.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) հաշվեկշռային արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ակտիվների օտարմանը համամասնորեն.

4) շահութահարկ վճարողի գործունեության հետ կապված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են.

5) ֆինանսական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ:

Սույն մասի 4-րդ և 5-րդ կետերի կիրառության իմաստով համարվում է, որ ծախսը վերաբերում է տվյալ հարկային տարվան, եթե ծախսի կատարման համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հարկային տարվա մեջ (այդ թվում` այն դեպքում, երբ հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը ներառված է հարկային տարվան նախորդող կամ հաջորդող որևէ հարկային տարվա մեջ:

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում, մասնավորապես, հումքի, նյութերի, դետալների, հանգույցների, կիսապատրաստուկների ծախսերը, արտադրական գործընթացներում, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործընթացներում ներգրավված անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը.

2) վարչական ծախսեր են համարվում, մասնավորապես, կառավարման անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, գործուղումների, նյութական և տրանսպորտային սպասարկման, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները, այդ հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, դատական ծախսերը, աուդիտորական, հաշվապահական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ստացման ծախսերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը, աշխատուժի հավաքագրման ծախսերը, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների ստացման ծախսերը.

3) իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված՝ ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը.

4) ոչ արտադրական բնույթի այլ ծախսեր են համարվում, մասնավորապես, գյուտարարական, ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման ծախսերը, շահագործման մեջ չգտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ չգտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը.

5) ֆինանսական ծախսեր են համարվում, մասնավորապես, վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսները (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները), վարկերի և փոխառությունների ստացման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը, արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված ծախսերը:

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև՝

1) ապահովագրական և վերաապահովագրական վճարները հետևյալ կարգով.

ա. որպես ապահովադիր հանդես գալու դեպքում իր աշխատողների համար կատարվող ապահովագրական վճարները, եթե այդ վճարների կատարումը պարտադրված է օրենքով,

բ. որպես գործատու հանդես գալու դեպքում իր վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրական վճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով.

2) բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և չափով վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստների (բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ մայրության նպաստների)՝ գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարները.

4) պատճառված վնասի (կորստի) հատուցումը.

5) տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները, բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերի.

6) չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները.

7) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցվող գումարները, եթե նույն մասում նշված ակտիվների գծով ծախսերը հարկման բազայի որոշման նպատակով ենթակա են համախառն եկամտից նվազեցման: Սույն կետով սահմանված նվազեցվող գումարները ներառվում են այն հարկային տարվա ծախսերի մեջ, որում ներառված՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:

(121-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-191-Ն, լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 122. Կորուստները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են գույքի բնական կորուստները՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական, պատահական, տեխնոլոգիական և (կամ) այլ կորուստները՝ սույն հոդվածի համապատասխանաբար 3-7-րդ մասերով սահմանված կարգով:
  2. Գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի բնական կորուստ է համարվում գույքի պահպանության կամ տեղափոխության ընթացքում ֆիզիկաքիմիական, մեխանիկական կամ կենսաբանական գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ գույքի քաշի, չափի, ծավալի և (կամ) քանակի նվազումը: Կառավարության կողմից բնական կորստի չափ սահմանված չլինելու կամ բնական կորստի չափը Կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում համախառն եկամուտը այդ կորստի չափով (բնական կորստի չափը Կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում՝ գերազանցող չափով) չի նվազեցվում:
  3. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:
  4. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված պատահական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է ամբողջ չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի պատահական կորուստ է համարվում գույքի կորուստը, ոչնչացումը կամ վնասումը, որը տեղի է ունեցել հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:
  5. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է որպես նյութածախսի տարր՝ սույն մասով սահմանված չափով՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության 1-ին կետով սահմանված կարգով, իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում՝ նաև այդ մասով սահմանված չափով և կարգով: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի տեխնոլոգիական կորուստ են համարվում՝

1) շահութահարկ վճարողի կողմից միավոր արտադրանքի արտադրության (հավաքման, պատրաստման) համար սահմանված՝ հումքի, նյութերի, դետալների և (կամ) հանգույցների ծախսի նորմայի այն մասը, որը արտադրության (հավաքման, պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիայի հետևանքով կորցրել է իր որակական հատկանիշները.

2) խոտան արտադրանքը՝ շահութահարկ վճարողի սահմանած նորմայի չափով.

3) օրենսդրությամբ կամ Կառավարության լիազոր մարմնի սահմանած տեխնոլոգիական կորուստները:

  1. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի չափով՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը սույն հոդվածի 2-5-րդ մասերում չնշված՝ գույքի փաստացի այլ կորուստն է:
  2. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորստի որևէ նորմա սահմանված չլինելու կամ որևէ նորմա գերազանցվելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստների առկայության դեպքում համապատասխան կորուստները համախառն եկամտից նվազեցվում են՝

ա. վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում,

բ. վնաս պատճառողին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` այդ որոշման ընդունման հարկային տարում,

գ. դատարանի կողմից վնաս պատճառողին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ ընդունելու դեպքում` այդ ակտն ուժի մեջ մտնելու հարկային տարում:

  1. Սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված՝ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանում է Կառավարությունը:

(122-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 123. Այլ նվազեցումները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝

1) անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտում ներառված գումարները.

2) Կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝

ա. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները,

բ. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները,

գ. նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.

Սույն կետի կիրառության իմաստով՝ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

3) Կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից՝

ա. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները,

բ. անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները,

գ. նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.

4) հարկային տարվան նախորդող հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները՝ որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների բացասական տարբերություն: Սույն կետի կիրառության իմաստով՝ հարկային վնասները նվազեցվում են այդ վնասների առաջացման հարկային տարվան հաջորդող հինգ հարկային տարիների համախառն եկամտից՝ հաշվի առնելով սույն կետով սահմանված հետևյալ կանոններն ու սահմանափակումները.

ա. հարկային տարվան նախորդող հինգ հարկային տարիների (կամ դրանցից մի քանիսի) գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները համախառն եկամտից նվազեցնելու հաջորդականության առումով առաջնահերթորեն նվազեցված է համարվում ավելի վաղ առաջացած հարկային վնասը,

բ. հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների (կամ դրանցից մի քանիսի) գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները, տվյալ հարկային տարվա ծախսերը և տվյալ հարկային տարվա կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հաջորդականության առումով առաջնահերթորեն նվազեցված են համարվում տվյալ հարկային տարվա ծախսերը և տվյալ հարկային տարվա կորուստները,

գ. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն,

դ. մինչև Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում գործունեություն սկսելը՝ հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում իրականացված գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները հետագայում կրկին հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում համախառն եկամտից նվազեցնելու առումով այդ վնասների առաջացման հարկային տարվան հաջորդող հինգ հարկային տարիների հաշվարկում ներառվում են նաև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում գործունեության իրականացման տարիները,

ե. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը նոր ստեղծված կազմակերպություններին փոխանցվում է հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ չափ նախատեսված չէ,

զ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը նվազեցվում է միայն այն կազմակերպության համախառն եկամտից, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ (չի փոխանցվում առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին), եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ,

է. սույն կետի «ե» և «զ» ենթակետերի համաձայն՝ հարկային վնասները նվազեցնելու իրավունք ունեցող կազմակերպությունների մոտ նախորդող հինգ հարկային տարիների հաշվարկը կատարելիս հաշվի են առնվում նաև վերակազմակերպվող կազմակերպության մոտ՝ մինչև բաժանումը կամ առանձնացումը, այդ հարկային վնասների առկայության հարկային տարիները, որոնց մասին, ըստ հարկային վնասների առաջացման հարկային տարիների, նշում է կատարվում բաժանիչ հաշվեկշռում,

ը. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում միաձուլված կազմակերպությունների նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները չեն նվազեցվում նոր ստեղծված կազմակերպության համախառն եկամտից,

թ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում միացող կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները չեն նվազեցվում այն կազմակերպության համախառն եկամտից, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ,

ժ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության նախորդող հինգ հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, չեն նվազեցվում տվյալ կազմակերպության համախառն եկամտից.

5) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

6) շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող (այդ թվում՝ համատեղության կարգով), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա շահութահարկ վճարողին ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 տոկոսը՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից.

7) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող այն վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով:

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները:

(123-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 124. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող այլ նվազեցումները

 

  1. Ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև՝

1) Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները.

2) ապահովագրական և վերաապահովագրական հատուցումները.

3) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով կատարվող ծախսերը.

4) կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով կրած կորուստների չափով:

(124-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 125. Շահութահարկի դրույքաչափերը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները վերագրվում են մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում, որպես եկամուտ ստացող, մշտական հաստատությունը նշված չլինելու հանգամանքից:
  2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 0.01 տոկոս դրույքաչափով:
  3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

 ա. որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

 բ. որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում.

2) եթե նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ նոտարը մինչև հաշվառման օրվան հաջորդող օրվա ավարտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

 ա. հաշվառման օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

բ. հաշվառման օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում:

  1. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ հինգ տոկոս.

2) պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս, բացառությամբ սույն մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի.

3) Համահայկական բանկից ստացվող շահաբաժինների մասով՝ զրո տոկոս.

4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս.

5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս:

  1. Եթե մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, ապա այդ եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս չեն գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում մշտական հաստատությունը որպես եկամուտ ստացող նշված լինելու հանգամանքից:
  2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ երկրներում (տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրն այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ, որի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:

(125-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

(125-րդ հոդվածի 1-ին մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին և կկիրառվի 2020 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար շահութահարկի հաշվարկման նպատակով, իսկ 125-րդ հոդվածի 4-րդ մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին և կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:)

 

 

Գ Լ ՈՒ Խ  23

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 126. Շահութահարկի վճարումից ազատումը

 

  1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես`

ա. հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը,

բ. տեխնիկական մշակաբույսերը,

գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,

դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,

ե. կերարտադրության այլ արտադրանքը,

զ. պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը,

է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,

ը. ծառերի և թփերի սածիլները,

թ. ծառերի և թփերի տնկիները,

ժ. անասնաբուծության արտադրանքը,

ժա. խոզաբուծության արտադրանքը,

ժբ. ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,

ժգ. թռչնաբուծության արտադրանքը,

ժդ. ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,

ժե. եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,

ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,

ժէ. ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը.

2) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացվող եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված՝ կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամտի տվյալների վրա:

  1. Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հետևյալ եկամուտների մասով.

1) առևտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարվող պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների մասով.

2) հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցվող և բանկերի նկատմամբ ձեռք բերվող պահանջի հիման վրա բանկերից ստացվող գումարների մասով.

3) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են հետևյալ ակտիվներում կատարված ներդրումներից.

ա. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ,

գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերում,

դ. ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,

ե. բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

զ. բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում,

է. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ ֆինանսական ակտիվներում:

  1. Շահութահարկի վճարումից ազատվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված բյուրոն՝ այդ օրենքի համաձայն բյուրոյի կազմում ստեղծված երաշխավորման ֆոնդին կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ՝ այն եկամուտների մասով, որոնք ստացվել են երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:
  2. Շահութահարկի վճարումից ազատվում է Համահայկական բանկը:
  3. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտների, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով:
  4. Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողները՝ ձեռագործ գորգերի իրացումից ստացվող եկամտի մասով:
  5. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով:

(126-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը

 

  1. Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների) գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան հարկային տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Կառավարությունը:
  3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված (պակաս ստացված) եկամուտների չափով, բացառությամբ

1) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար սահմանված է սուբսիդիայի հատկացում.

2) եթե տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ ծանուցման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ ծանուցման կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած հարկային վնասները փոխհատուցման ենթակա չեն:

(127-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 128. Շահութահարկի նվազեցված դրույքաչափերը

 

(հոդվածն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարունակում է կիրառվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:)

 

Գ Լ ՈՒ Խ  24

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 129. Հաշվետու ժամանակաշրջանը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների մասով շահութահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

 

Հոդված 130. Պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը

 

  1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ռեզիդենտ շահութահարկ վճարողները պետական բյուջե են վճարում այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝

1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված շահութահարկի կանխավճարները.

2) Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները.

3) Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված՝ շահութահարկի նվազեցվող գումարները:

  1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի) պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները:
  2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝

1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով կատարված շահութահարկի կանխավճարները.

2) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարված՝ մշտական հաստատությանը վերագրվող եկամուտներից ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով և Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարները:

  1. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով և Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարները համարվում են պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի վերջնական գումարներ:
  2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով, պետական բյուջե են վճարում հարկային գործակալ չհամարվողների կողմից ստացված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները:

(130-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 131. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը

 

  1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ռեզիդենտ շահութահարկ վճարողներին և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և Օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ շահութահարկի նվազեցվող գումարների բացասական տարբերություն:

(131-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 132. Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից

 

  1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե՝

1) եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին.

2) եկամուտները վճարվում են մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը:

  1. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ շահութահարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով: Մասնավորապես, հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ եկամտի վճարում են համարվում՝

1) կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումը, այդ թվում՝ մաս-մաս կատարված վճարումը՝ անկախ եկամտի ստացման իրավունքը ծագած լինելու հանգամանքից.

2) այլ գույքով հատուցումը.

3) դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխադարձ հաշվանցումը (մարումը).

4) պարտքերի վերաձևակերպումը կամ նորացումը.

5) հարկային գործակալի նկատմամբ առկա՝ եկամտի ստացման պահանջի իրավունքի՝ հարկային գործակալ չհանդիսացող անձին զիջումը.

6) եկամտի ստացման պահանջի ներումը.

7) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունումը:

  1. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումները, համապատասխան գործարքը չկատարվելու հանգամանքով պայմանավորված, վերադարձվում են՝

1) մինչև այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի փաստացի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան այդ հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերջնաժամկետը, ապա համարվում է, որ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտ չի վճարվել.

2) այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ներկայացումից հետո, ապա հարկային գործակալը կարող է Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկ:

  1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը՝ անկախ ստացվող շահաբաժինների՝ մշտական հաստատությանը վերագրվելու հանգամանքից:

(132-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 133. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկման առանձնահատկությունները

 

  1. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր է մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների ու ծախսերի մասով վարել առանձնացված հաշվառում:
  2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են միայն այն ծախսերը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս կատարված), որոնք հիմնավորող հաշվարկային փաստաթղթերում, որպես ապրանք ձեռք բերողին, աշխատանք ընդունողին և (կամ) ծառայություն ստացողին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով սահմանված տվյալներ, նշված են մշտական հաստատության համապատասխան տվյալները:

 

Հոդված 134. Շահութահարկի հաշվարկների ներկայացումը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ: Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող՝ սույն մասով սահմանված շահութահարկի հաշվարկում ներառվում է նաև մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազան և Օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող շահութահարկի գումարը:
  2. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:
  3. Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ:

(134-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  25

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 135. Շահութահարկի կանխավճարները

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով, եթե տվյալ հարկ վճարողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով չի ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման՝ նույն մասով սահմանված այլընտրանքային եղանակը:
  2. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի մեջ չեն ներառվում (այդ գումարից նվազեցվում են)՝

1) Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հաշվարկվող շրջանառության հարկի կամ արտոնագրային հարկի գումարներում առկա՝ շահութահարկի հաշվարկային մասնաբաժինները, ինչպես նաև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հաշվարկվող շահութահարկի գումարները.

2) շահութահարկի այն գումարները, որոնց վճարումից շահութահարկ վճարողներն ազատված են Օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում.

3) շահութահարկի այն գումարները, որոնք նվազեցվում են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված դեպքերում.

4) Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները.

5) նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգմամբ կամ վերստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ հարկային տարիներին են դրանք վերաբերում):

2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:

  1. Մինչև նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են նախորդ հարկային տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: Նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարը հաշվարկելուց (շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև շահութահարկի հաշվարկի ներկայացումը՝ տվյալ հարկային տարվա ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 1-ին մասում նշված չափերով:
  2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված՝ Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների ավելացվող կամ պակասեցվող գումարները` պայմանավորված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի փոփոխությամբ (այդ թվում` եռամսյակի որևէ հաշվետու ամսվա համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում) հիմք են հանդիսանում այդ հաշվարկի ներկայացման կամ ճշտված հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար.

2) հարկային մարմնի իրականացրած ստուգման կամ վերստուգման արդյունքներով նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի վերահաշվարկներ չեն կատարվում:

  1. Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողները ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում, եթե չեն ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված այլընտրանքային եղանակը: Եթե սույն մասում նշված հարկ վճարողները ընտրել են շահութահարկի կանխավճարների կատարման՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված այլընտրանքային եղանակը, ապա շահութահարկի կանխավճարն առաջին անգամ կատարում են՝

1) հայտարարության ներկայացման օրն ընդգրկող եռամսյակի համար, եթե հայտարարությունը ներկայացվել է մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ.

2) հայտարարության ներկայացման օրն ընդգրկող եռամսյակին հաջորդող եռամսյակի համար, եթե հայտարարությունը ներկայացվել է տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ից հետո:

  1. Եթե հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջների խախտմամբ իրեն չի համարել ԱԱՀ վճարող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունքում տվյալ հարկ վճարողը համարվել է ԱԱՀ վճարող, ապա շահութահարկի կանխավճարն առաջին անգամ կատարվում է ստուգման ակտը կամ այլ փաստաթուղթը հարկ վճարողին ներկայացնելու օրն ընդգրկող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա առաջին եռամսյակի համար, եթե տվյալ հարկային տարում հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող:
  2. Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել.

2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել:

  1. Հարկային տարվա ընթացքում՝

1) բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրը վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարը կարող է կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.

2) առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը, իսկ առանձնացված կազմակերպությունը կամ կազմակերպությունները վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարը կարող են կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.

3) միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությունը վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարը կարող է կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.

4) միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը:

(135-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

(135-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 32-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

 

Հոդված 136. Շահութահարկի գումարի վճարումը

 

  1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները Օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
  2. Հարկային գործակալները Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և պահված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
  3. Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
  4. Հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

 

Հոդված 137. Անվճարունակ ճանաչման և (կամ) լուծարման գործընթացում գտնվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից շահութահարկի գումարի վճարման առանձնահատկությունները

 

  1. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ բանկը, վարկային կազմակերպությունը, ապահովագրական ընկերությունը կամ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձը կարող են լուծարման և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կասեցնել շահութահարկի վճարումները (այդ թվում՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարները) մինչև պարտատերերի պահանջները բավարարելու՝ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան, պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված ռեզիդենտ շահութահարկ վճարողների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկ վճարողների) կարող է շահութահարկ վճարողին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կասեցնել շահութահարկի վճարումները (այդ թվում՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարները) մինչև պարտատերերի պահանջները բավարարելու՝ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան, պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:
  3. Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող բանկը, վարկային կազմակերպությունը, ապահովագրական ընկերությունը կամ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձը կարող են լուծարման գործընթացը կարգավորող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից լուծարման թույլտվություն տալու օրվանից կասեցնել շահութահարկի վճարումները (այդ թվում՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարները) մինչև պարտատերերի պահանջները բավարարելու՝ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան, պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:
  4. Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող ռեզիդենտ շահութահարկ վճարողը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարկ վճարողների) կարող է լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կասեցնել շահութահարկի վճարումները (այդ թվում՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարները) մինչև պարտատերերի պահանջները բավարարելու՝ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան, պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

 

Հոդված 138. Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին

 

  1. Օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
  2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված շահութահարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: