Գ Լ ՈՒ Խ  56

(գլուխը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 47-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.20-ին:)

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 266. Ընտանեկան ձեռնարկատիրությունը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող գործունեությունը:

2. Սույն գլխի կիրառության իմաստով` ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը:

 

Հոդված 267. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը` համապատասխանաբար, որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև համապատասխանաբար` որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Սույն կետի կիրառության իմաստով` վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող կազմակերպության կամ կազմակերպությունների (բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որին միանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ և առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որից առանձնանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ) համար պետական գրանցում է համարվում նաև կազմակերպությունների վերակազմակերպման պետական գրանցումը.

3) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր.

4) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր.

5) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պետական հաշվառումից դուրս գալը, Օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, համարվել է շրջանառության հարկ վճարող, կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել են ԱԱՀ վճարող:

Սույն մասի կիրառության իմաստով` ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ցանկը սահմանում է հարկային մարմինը: Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված ընտանիքի անդամների փոփոխության դեպքում` մինչև փոփոխություն կատարելը, առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ նոր հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված նոր անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով`

1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը.

2) առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

ա. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում բաժանման ձևով վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,

բ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում ինչպես այն կազմակերպության համար, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, այնպես էլ առանձնացված կազմակերպության կամ կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,

գ. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպության համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում միաձուլված կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների ամբողջությունը,

դ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության համար, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում տվյալ կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և միացած կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների ամբողջությունը:

3. Անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե իր գործունեությունը (այդ թվում` արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեությունը) իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատողի) միջոցով:

4. Առևտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, և եթե կազմակերպությունն իր գործունեությունն (այդ թվում` արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեությունը) իրականացնում է բացառապես կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն ունեցող անձանց և (կամ) այդ անձանց ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատողի) միջոցով:

5. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`

1) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

2) Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն` արտոնագրային հարկ վճարողները` գործունեության այդ տեսակների մասով.

3) Օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` ակցիզային հարկ վճարողները.

4) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները.

5) հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.

7) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը.

8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

9) հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

6. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

(267-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(267-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ է մտնում 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 18 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում չեն կարող վերականգնել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակը:)

 

Հոդված 268. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը կամ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

3) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

4) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

5) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կրկին համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից.

6) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավվել է (այդ թվում` որպես վարձու աշխատողի), կամ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունն օտարվել է այնպիսի անձի, որը, Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, չի համարվում ընտանիքի անդամ այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

7) ընտանեկան ձեռնարկատիրության շրջանակներում փաստացի օգտագործել է Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ընտանիքի անդամ չհամարվող անձի աշխատանքը` այդ անձի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:

(268-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(268-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ է մտնում 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 18 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում չեն կարող վերականգնել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակը:)

 

Հոդված 269. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`

1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.

2) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին (այդ թվում` նաև այն դեպքում, երբ այդ վարձու աշխատողները միաժամանակ ներգրավված են նաև արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության մեջ) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.

3) Օրենսգրքով սահմանված կարգով բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

 

Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ` ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`

1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.

2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

3) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:

(270-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 271. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների վճարումը

 

1. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

 

Հոդված 272. Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից շրջանառության հարկի համակարգին կամ հարկման ընդհանուր համակարգին անցումը

 

1. Հարկ վճարողները ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`

1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.

2) հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու ծախսերը` Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով` ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.

2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերող` վարչական, իրացման, ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի` տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների սկզբնական արժեքները` Օրենսգրքով սահմանված կարգով: