Բ Ա Ժ Ի Ն  2

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

 

Հոդված 21. Կազմակերպությունը

 

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ կազմակերպություններ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները.

2) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունները.

3) միջազգային կազմակերպությունները.

4) Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված մշտական հաստատությունները՝ անկախ Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված լինելու հանգամանքից.

5) ներդրումային ֆոնդերը:

(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն (այսուհետ` ռեզիդենտ կազմակերպություն) է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:
  2. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) է համարվում այն կազմակերպությունը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն:

 

Հոդված 23. Կազմակերպության գտնվելու վայրը

 

  1. Կազմակերպության գտնվելու վայր է համարվում կազմակերպության պետական գրանցման վայրը (հիմնարկի դեպքում՝ պետական հաշվառման վայրը):
  2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ներդրումային ֆոնդի գտնվելու վայր է համարվում ֆոնդի կառավարչի գտնվելու վայրը:

 

Հոդված 24. Ֆիզիկական անձը

 

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձինք են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) օտարերկրյա քաղաքացիները.

3) քաղաքացիություն չունեցող անձինք:

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձինք են համարվում նաև՝

1) անհատ ձեռնարկատերերը.

2) նոտարները:

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

 

  1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր:
  2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից:
  3. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նաև`

1) այն ֆիզիկական անձինք, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Սույն կետի կիրառության իմաստով՝ կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես, համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նրա տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը.

2) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

  1. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
  2. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ եթե ֆիզիկական անձը, սույն հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ մասերի համաձայն, հարկային տարվա որևէ օրվա դրությամբ համարվում է ռեզիդենտ, ապա այդ ֆիզիկական անձը համարվում է ռեզիդենտ ամբողջ հարկային տարվա համար:

 

Հոդված 26. Ֆիզիկական անձի բնակության վայրը

 

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձի բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար), իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձի բնակության վայր է համարվում ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը:

 

Հոդված 27. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատություն (այսուհետ՝ մշտական հաստատություն) է համարվում Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված՝ սույն մասում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկը, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն՝ անկախ գործունեության իրականացման ժամանակահատվածից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.

1) արտադրության իրականացման, վերամշակման, կոմպլեկտավորման, վերափաթեթավորման, փաթեթավորման և (կամ) ապրանքների մատակարարման ցանկացած վայրը.

2) կառավարման ցանկացած վայրը.

3) ընդերքի երկրաբանական հետազոտության, հետախուզության իրականացման, օգտակար հանածոների արդյունահանման նախապատրաստական աշխատանքների և (կամ) օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) աշխատանքների կատարման, հետախուզության և (կամ) օգտակար հանածոների արդյունահանման նկատմամբ հսկողության և (կամ) դիտարկման ծառայությունների մատուցման ցանկացած վայրը.

4) գործունեության իրականացման ցանկացած վայրը՝ կապված խաղային մեքենաների, համակարգչային ցանցերի և հաղորդակցման ուղիների, ատրակցիոնների տեղադրման, հարմարեցման և շահագործման, ինչպես նաև տրանսպորտային կամ այլ ենթակառուցվածքի հետ.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների վաճառքի վայրը, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 3-րդ մասով.

6) շինարարական գործունեության և (կամ) շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողական ծառայությունների մատուցման ցանկացած վայրը.

7) ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրը, բացառությամբ այն ներկայացուցչության, որն իրականացնում է բացառապես սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեություն.

8) կազմակերպության կամ ֆիզիկական անձի գտնվելու վայրը, որը, ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունից «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է միջնորդական գործունեություն.

9) Օրենսգրքի 5-րդ գլխի կամ օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված` համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում իրականացվող համատեղ գործունեության հաշվետու մասնակցի գտնվելու վայրը, եթե այդ համատեղ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների և (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ և (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 և ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում:

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ կապակցված ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնց վերաբերյալ պայմանագրերը համարվում են փոխկապակցված կամ փոխկախված:

Փոխկապակցված են համարվում այն պայմանագրերը, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները.

1) այդպիսի պայմանագրերով ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից միևնույն հարկային գործակալի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի համար կատարվում են նույն աշխատանքները կամ միևնույն հարկային գործակալին կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին մատուցվում են նույն ծառայությունները.

2) մեկ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման ավարտի օրվա և մեկ այլ պայմանագրի կնքման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում տասներկուամսյա անընդմեջ ժամանակահատվածը:

Փոխկախված են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի և հարկային գործակալի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջև, որի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից պարտավորությունների չկատարումը ազդում է այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից այլ պայմանագրերի կատարման վրա:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ապրանքների վաճառքի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետությունում ձևավորում է մշտական հաստատություն, եթե այդ գործունեությունը շարունակվում է ավելի քան երեսուն օր:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից իրականացվող` ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հիմնական գործունեությունից տարբերվող` նախապատրաստական և (կամ) օժանդակ գործունեության իրականացումը չի հանգեցնում մշտական հաստատության ձևավորման, եթե այդ գործունեությունն իրականացվում է ոչ ավել, քան երեք տարի ժամանակով: Ընդ որում, նախապատրաստական և (կամ) օժանդակ գործունեությունը պետք է իրականացվի անմիջապես տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի, այլ ոչ թե այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի համար: Նախապատրաստական և (կամ) օժանդակ գործունեություն են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած վայրի օգտագործումը ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին պատկանող ապրանքների` բացառապես պահպանման և (կամ) ցուցադրման նպատակով.

2) մշտական գործունեության վայրում բացառապես ապրանքների գնումը՝ առանց դրանց վաճառքի.

3) մշտական գործունեության վայրում բացառապես տեղեկատվության հավաքումը, մշակումը և (կամ) տարածումը, գովազդը կամ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների շուկայի ուսումնասիրությունը, որն իրականացվում է ոչ ռեզիդենտի կողմից, եթե այդ գործունեությունը չի հանդիսանում այդ ոչ ռեզիդենտի հիմնական գործունեությունը:

  1. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներից, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը կախյալ գործակալ համարվող կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդ դեպքում համարվում է, որ այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի մշտական հաստատություն` կապված ցանկացած գործունեության հետ, որը կախյալ գործակալն իրականացնում է այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ կախյալ գործակալ է համարվում այն կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմանները.

1) պայմանագրային հարաբերությունների հիման վրա լիազորված է Հայաստանի Հանրապետությունում ներկայացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի շահերը, գործել ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունից և հաշվին, գործել և (կամ) իրականացնել որոշակի իրավաբանական գործողություններ.

2) սույն մասի 1-ին կետում նշված գործունեությունը չի իրականացվում մաքսային ներկայացուցչի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի և այլ բրոկերային գործունեության շրջանակներում (բացառությամբ ապահովագրական միջնորդական գործունեության).

3) դրա գործունեությունը չի սահմանափակվում գործունեության այն տեսակներով, որոնք սահմանված են սույն հոդվածի 4-րդ մասով:

  1. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով այլ բան սահմանված չէ, ապա ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, այդ թվում՝ մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին, մատուցում է օտարերկրյա աշխատուժի տրամադրման ծառայություններ, այդ ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում չի ձևավորվում մշտական հաստատություն, եթե՝

1) աշխատուժը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անունից և շահերից,

2) օտարերկրյա աշխատուժի տրամադրման ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պատասխանատվություն չի կրում աշխատուժի կատարած աշխատանքի արդյունքի համար:

  1. Այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության՝ սույն հոդվածով սահմանված հատկանիշներով, այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պարտավոր է Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հաշվառվել հարկային մարմնում: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից իրականացվող գործունեությունը հանգեցնում է երկու և ավելի մշտական հաստատությունների ձևավորման, որոնք, սույն հոդվածի և Օրենսգրքի 58-րդ գլխի համաձայն, պետք է հաշվառվեն հարկային մարմնում, ապա հաշվառման ենթակա է մշտական հաստատություններից միայն մեկը: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հաշվառվել հարկային մարմնում նաև այն դեպքում, երբ նրա կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը դեռևս չի բնութագրվում մշտական հաստատության՝ սույն հոդվածով սահմանված հատկանիշներով:
  2. Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության՝ սույն հոդվածով սահմանված հատկանիշներով, սակայն այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, չի հաշվառվել հարկային մարմնում, ապա այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են Օրենսգրքով սահմանված՝ հարկերի ու վճարների հաշվարկման և վճարման այն կարգավորումները, որոնք կիրառելի են մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի նկատմամբ:
  3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում գործունեության իրականացման դեպքում այդ պայմանագրի յուրաքանչյուր կողմի գործունեությունը հանգեցնում է մշտական հաստատության ձևավորման՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
  4. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի գործունեության իրականացման սկիզբ է համարվում՝

1) հետևյալ երևույթներից որևէ մեկի տեղի ունենալու օրը.

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում իր անունից գործողություններ կատարելու թույլտվության ստացում,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերում կամ Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծում՝ իրացման նպատակով,

դ. համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարում, աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում,

ե. Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման նպատակով աշխատանքի, ծառայությունների ձեռքբերում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձի հետ առաջին աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման օրը կամ սույն մասի 1-ին կետով սահմանված պայմանագրերում նշված պայմանների իրականացման համար աշխատողի՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից գործունեության իրականացման սկիզբը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն մասի 1-ին կետի «ա»-«ե» ենթակետերով սահմանված ժամկետներից որևէ մեկը.

3) ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված գործունեության տեսակներ իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրը:

Սույն հոդվածով սահմանված պայմաններից մի քանիսի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեության իրականացման սկիզբ է համարվում սույն հոդվածում նշված առավել վաղ ժամկետը:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 28. Հարկ վճարողի (հարկային գործակալի) պաշտոնատար անձը

 

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով` հարկ վճարողի (հարկային գործակալի) պաշտոնատար անձ է համարվում այն ֆիզիկական անձը, որը օրենքի ուժով կամ հարկ վճարողի (հարկային գործակալի) կողմից հարկային մարմնի սահմանած ձևի լիազորագրով լիազորված է ներկայացնել հարկ վճարողին (հարկային գործակալին) հարկային մարմնում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
  2. Ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի)` որպես հարկ վճարողի հետ կապված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:
  3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող հանդես գալ որպես հարկ վճարողի պաշտոնատար անձինք:

 

Հոդված 29. Հարկային գործակալը

 

  1. Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)` Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը: Սույն մասի կիրառության իմաստով` հարկային գործակալի կողմից հարկ վճարողին եկամտի վճարում (հատկացում կամ բնամթերային ձևով տրամադրում) է համարվում նաև՝

1) հարկային գործակալի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողի նշած անձին.

2) հարկային գործակալի նշած անձի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողին:

  1. Եթե, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի համաձայն, կազմակերպությունն ազատվում է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, ապա այդ կազմակերպությունը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և կամավորության սկզբունքով հանդես գալ որպես հարկային գործակալ: Այս դեպքում հարկային գործակալը հարկի հաշվարկումը, պահումը (գանձումը) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը առաջին անգամ կատարում է հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար:
  2. Հարկային գործակալներն իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում Օրենսգրքով սահմանված կարգով:

(29-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 30. Փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք

 

  1. Օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.

2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

  1. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե Օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված: Սույն մասի կիրառության իմաստով, հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.

1) միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը.

2) միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները.

3) որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը:

  1. Օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված՝ տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրառության իմաստով, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց փոխկապակցված համարելու լրացուցիչ կարգավորումները սահմանվում են այդ գլխով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 31. Համատեղ գործունեության պայմանագիրը

 

  1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն իրենց համատեղ գործունեությունն իրականացնելու առանց նոր իրավաբանական անձ կազմավորելու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում:

 

Հոդված 32. Համատեղ գործունեության մասնակիցները և հաշվետու մասնակիցը

 

  1. Համատեղ գործունեության մասով հարկերի (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի և շահութահարկի, արտոնագրային հարկի, բնապահպանական հարկի և տեղական հարկերի), վճարների (բացառությամբ բնօգտագործման վճարի, սոցիալական վճարի և տեղական վճարների), կանխավճարների հաշվարկման և վճարման պարտավորությունը կատարում է համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը:
  2. Համատեղ գործունեության մասով Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով հարկերի մուտքագրումը կատարվում է հաշվետու մասնակցի միասնական հաշվին:
  3. Համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում համատեղ գործունեության այն մասնակիցը, որը բնութագրվում է սույն մասում նշված հատկանիշներով՝ ըստ առաջնահերթության.

1) համարվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող ռեզիդենտ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

2) համարվում է դրոշմավորման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող ռեզիդենտ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանք արտադրող և (կամ) ներմուծող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

3) համարվում է ռեզիդենտ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր և ունի համատեղ գործունեության շրջանակներում իրականացվող գործունեության որևէ տեսակով զբաղվելու ծանուցում կամ թույլտվություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան համատեղ գործունեության շրջանակներում իրականացվող գործունեության որևէ տեսակով զբաղվելու ծանուցում կամ թույլտվություն ունեցող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

4) համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող ռեզիդենտ կազմակերպություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան ավելացված արժեքի հարկ վճարող համարվող մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն ռեզիդենտ կազմակերպությունը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

5) համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան ավելացված արժեքի հարկ վճարող համարվող մեկից ավելի ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

6) համարվում է ռեզիդենտ կազմակերպություն: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան մեկից ավելի ռեզիդենտ կազմակերպություններ, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ կազմակերպությունը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում.

7) համարվում է ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր: Եթե համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան մեկից ավելի ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակից է համարվում այն ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որը համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մեջ ունի առավելագույն ներդրում:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-7-րդ կետերով սահմանված դեպքերում, եթե համատեղ գործունեության պայմանագրի կնքման պահին համատեղ գործունեության մասնակիցների մեջ կան համատեղ գործունեության մեջ առավելագույն ներդրում ունեցող մեկից ավելի մասնակիցներ (երկու մասնակցի դեպքում՝ հավասար ներդրում ունեցող երկու մասնակիցներ), ապա համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը որոշվում է մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ:
  2. Համատեղ գործունեության ընթացքում համատեղ գործունեության մասնակիցների կազմում փոփոխություն կատարվելու և (կամ) համատեղ գործունեության մասնակիցների ունեցած ներդրումներում փոփոխություններ կատարվելու դեպքում համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը չի փոխվում, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի:
  3. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինել միայն մեկ համատեղ գործունեության պայմանագրով:
  4. Համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը, պարտավոր է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Հարկային մարմինը սույն մասում նշված հայտարարությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն ներկայացնողի՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու համար սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմանները բավարարելու կամ չբավարարելու հանգամանքները և համապատասխանաբար ընդունում է հայտարարությունը կամ այն հետ է վերադարձնում ներկայացնողին՝ գրավոր ձևով նշելով հայտարարության ընդունումը մերժելու հիմքը: Եթե հարկային մարմինն ընդունում է հայտարարությունը, հետագայում հայտարարության ընդունման հարցը չի կարող վերանայվել՝ անգամ եթե պարզվում է, որ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմաններից որևէ մեկը բավարարված չի եղել: Հայտարարությունը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնողին չվերադարձնելու դեպքում հայտարարությունը համարվում է ընդունված հարկային մարմնի կողմից այն ստանալու հաջորդ օրվանից:
  5. Եթե համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը դադարում է համարվել համատեղ գործունեության պայմանագրի կողմ, ապա սույն հոդվածի համաձայն, ընտրվում է համատեղ գործունեության նոր հաշվետու մասնակից, որի մասին ընտրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն, հարկային մարմին է ներկայացվում համապատասխան հայտարարություն՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Հարկային մարմինը սույն մասում նշված հայտարարությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն ներկայացնողի՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու համար սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմանները բավարարելու կամ չբավարարելու հանգամանքները և համապատասխանաբար ընդունում է հայտարարությունը կամ այն վերադարձնում է ներկայացնողին՝ գրավոր ձևով նշելով հայտարարության ընդունումը մերժելու հիմքը: Եթե հարկային մարմինն ընդունում է հայտարարությունը, հետագայում հայտարարության ընդունման հարցը չի կարող վերանայվել՝ անգամ եթե պարզվում է, որ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմաններից որևէ մեկը բավարարված չի եղել: Հայտարարությունը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնողին չվերադարձնելու դեպքում հայտարարությունը համարվում է ընդունված հարկային մարմնի կողմից այն ստանալու հաջորդ օրվանից:
  6. Համատեղ գործունեության պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն:

(32-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 33. Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները

 

  1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է`

1) Օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում ինքնուրույն հաշվարկել և կատարել իր հարկային պարտավորությունները` Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով կատարելով նաև հարկի և (կամ) վճարի կանխավճարներ.

2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև հաշվապահական հաշվառում.

3) Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.

4) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

5) ապահովել հարկման բազայի հաշվարկման և հարկային հաշվարկների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ստացվող եկամուտների կամ կատարվող ծախսերի, վճարվող (պահվող) հարկերի մեծությունը հիմնավորող փաստաթղթերի պահպանումը ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետում` սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որին այդ փաստաթղթերը վերաբերում են.

6) հաշվարկային փաստաթղթերի` ռուսերեն և անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները՝ առանց նոտարական վավերացման.

7) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում՝ առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա), փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները).

8) աշխատանքային պայմաններ ապահովել հարկային հսկողության իրականացման համար, այդ թվում` հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել հարկի կամ վճարի հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները, դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են հարկային մարմնի միջոցների հաշվին) կամ կրկնօրինակները.

9) Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով).

10) չխոչընդոտել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, կատարել նրանց օրինական պահանջները.

11) իրենց բացակայության ընթացքում իրենց պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց.

12) հարկային հսկողության արդյունքում կազմվող ակտերի, արձանագրությունների և դրանց նախագծերի, տեղեկանքների և վարչական ակտերի փաստերի հետ չհամաձայնելու և դրանք չստորագրելու դեպքում այդ մասին համապատասխան նշում կատարել նշյալ փաստաթղթերում:

13) պետական գրանցում ստանալուց (հաշվառվելուց) հետո՝ մինչև առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքով նախատեսված՝ հարկային հաշվարկները ներկայացնելու վերջին օրը ներառյալ, հարկային մարմին ներկայացնել, իսկ Օրենսգրքով նշված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ նախատեսված լինելու և հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքված լինելու դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը:

  1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն ունեն նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

(33-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 34. Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց իրավունքները

 

  1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն իրավունք ունեն`

1) Օրենսգրքով սահմանված կարգով դիմելու հարկային մարմին՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար.

2) ինքնուրույն կամ իրենց լիազորած ներկայացուցչի միջոցով հարկային մարմնում ներկայացնելու իրենց շահերը.

3) օգտվելու Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկային արտոնություններից.

4) Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով դիմելու հարկային մարմին՝ միասնական հաշվին առկա գումարը վերադարձնելու համար.

5) ծանոթանալու հարկային հսկողության արդյունքում կազմվող ակտերին, արձանագրություններին և դրանց նախագծերին, տեղեկանքներին և վարչական ակտերին.

6) հարկային մարմին ներկայացնելու բացատրություններ և պարզաբանումներ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման, ինչպես նաև հարկային հսկողության արդյունքների վերաբերյալ.

7) արգելելու հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրելու փաստաթղթեր կամ բացատրություններ, եթե հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք խախտել են Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և (կամ) 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի դրույթները, և (կամ) եթե հարկային մարմինը խախտել է Օրենսգրքի 337-339-րդ և (կամ) 341-րդ հոդվածների դրույթները` այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցելով հարկային մարմնի ղեկավարին.

8) չկատարելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց լիազորություններից, ինչպես նաև հարկային հսկողության նպատակներից ու հարցերից չբխող պահանջներ.

9) հարկային հսկողության ցանկացած փուլում մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների և (կամ) փաստաբանների.

10) Օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

11) պահանջելու հարկային մարմնի և հարկային մարմնի պաշտոնատար անձանց ընդունած ապօրինի որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

  1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն ունեն նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 35. Հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները

 

  1. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողների (հարկային գործակալների) իրավունքներն ու օրինական շահերը.

2) իրականացնել հարկ վճարողների հաշվառում.

3) իրազեկման ու բացատրական աշխատանքներ իրականացնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների և դրանց փոփոխությունների կիրառության վերաբերյալ, հարկ վճարողներին (հարկային գործակալներին) տեղեկացնել հարկերի և վճարների մասին.

4) հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադրումներին սահմանված կարգով տալ համապատասխան պարզաբանումներ.

5) Օրենսգրքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում հարկ վճարողին (հարկային գործակալին) վերադարձնել միասնական հաշվին առկա գումարները.

6) հարկ վճարողի (հարկային գործակալի) դիմումի հիման վրա հարկային մարմնի սահմանած կարգով և ձևով տրամադրել տեղեկանք (այդ թվում՝ հարկ վճարողի կողմից պահանջվելու դեպքում՝ նաև անգլերեն և ռուսերեն)՝ Հայաստանի Հանրապետությունում վճարված պետական հարկերի և պետական վճարների վերաբերյալ.

7) հսկողություն իրականացնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

8) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի՝ հանցագործության հատկանիշներով խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն.

9) պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին.

10) Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած դիմում-բողոքը հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության դեմ և ընդունված որոշման մասին պատշաճ կարգով ծանուցել հարկ վճարողին.

11) իրականացնել ծառայողական քննություն հարկային ծառայողների կատարած խախտումների վերաբերյալ.

12) հարկային հսկողության ընթացքում՝

ա. պահպանել Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները,

բ. դուրս չգալ հարկային հսկողության հանձնարարագրում նշված նպատակների և հարցերի շրջանակից,

գ. հարկ վճարողին (հարկային գործակալին) և նրա պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին,

դ. չխոչընդոտել հարկ վճարողի (հարկային գործակալի) բնականոն աշխատանքին,

ե. երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանել հարկ վճարողի (հարկային գործակալի) կամ նրա պաշտոնատար անձի՝ անմիջականորեն հարկային հսկողությանն առնչվող և հարկային հսկողության ենթակա ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման, բացառությամբ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների:

  1. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) ունի նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

(35-րդ հոդվածը փոփ. 19.06.19 ՀՕ-88-Ն)

 

Հոդված 36. Հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) լիազորությունները

 

  1. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է`

1) հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացնել հարկային հսկողություն՝ Օրենսգրքի նույն բաժնով սահմանված՝ հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

2) Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի (հարկային գործակալի) հարկային պարտավորությունները.

3) օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում Օրենսգրքով սահմանված կարգով հարկային հսկողություն իրականացնել օրենքով սահմանված՝ լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման կամ առանց թույլտվության իրականացնող (այդ թվում՝ ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործող) հարկ վճարողների մոտ.

4) Օրենսգրքով սահմանված կարգով կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ.

4.1) իրականացնել հարկ վճարողի գործարքների մոնիտորինգ, գործունեության այլ ոլորտային վերլուծություններ և դրանց արդյունքներով գնահատված ռիսկերի նվազեցման վերաբերյալ ծանուցագրերի միջոցով իրազեկել հարկ վճարողներին.

5) օրենքով սահմանված կարգով պահել ու հարկային ծառայողների միջոցով կրել, օգտագործել զենք և զինամթերք.

6) օրենքով սահմանված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում.

7) օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով` օգտագործել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցներն ու կապի միջոցները` օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելով ծախսերը.

8) կազմակերպություններին և ֆիզիկական անձանց տրված լիցենզիաները կամ ծանուցումները կամ թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնել լիազորված մարմիններ.

9) առաջարկություններ ներկայացնել ստուգում իրականացնող այլ պետական մարմիններ` վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող հարկային հսկողության շրջանակներում բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

10) հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, դատարանում գործը վարելու համար տալ լիազորագրեր.

11) հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու նպատակով Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով արգելանք դնել հարկ վճարողի (հարկային գործակալի) գույքի վրա.

12) պարզաբանումներ տրամադրել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառության վերաբերյալ.

13) հարկային հսկողության ընթացքում՝

ա. պահանջել բացառապես այնպիսի փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հաշվարկներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին ու հարցերին,

բ. Օրենսգրքով սահմանված դեպքերում Կառավարության սահմանած կարգով վերցնել փաստաթղթեր (այդ թվում՝ բնօրինակների, կրկնօրինակների կամ լուսապատճենների ձևով), իրեր (նյութական կրիչով տվյալ հարկային ստուգմանն առնչվող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի կրկնօրինակ) կամ փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են հարկային հսկողության նպատակներին ու հարցերին, և որոնք վերցնելը չի խոչընդոտում հարկ վճարողի բնականոն աշխատանքին: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո դրանք վերադարձվում են հարկ վճարողին,

գ. հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել հարկ վճարողի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, տարածքներ և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, գույքագրման, չափագրման, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում կապարակնքել այդ տարածքներն ու շինությունները, դրամարկղերը, բեռնաթափքերը, բեռնախցիկները, ցիստեռնները, իրականացնել սույն կետում նշված տարածքների ու շինությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների, փաստաթղթերի ու առարկաների զննում,

դ. անհրաժեշտության դեպքում հարկային հսկողությանը ներգրավել հարկ վճարողի (հարկային գործակալի) մասնագետներին` հարկ վճարողի (հարկային գործակալի) կամ նրա պաշտոնատար անձի համաձայնությամբ,

ե. բացառապես հարկային հսկողության նպատակների ու հարցերի շրջանակներում հարկ վճարողից (հարկային գործակալից) կամ նրա պաշտոնատար անձից պահանջել անցկացնել ակտիվների և պարտավորությունների գույքագրում, այդ թվում՝ ներգրավելով հարկ վճարողի (հարկային գործակալի) համապատասխան աշխատակիցների և մասնագետների,

զ. Օրենսգրքով սահմանված կարգով ներգրավել մասնագետների, փորձագետների և թարգմանիչների,

է. պահանջել վերացնել Օրենսգրքով սահմանված կարգով հայտնաբերված՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումները:

  1. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) ունի նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(36-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)