Բ Ա Ժ Ի Ն 13

ՀԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ  55

(գլուխը 25.06.19 ՀՕ-68-ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 253. Շրջանառության հարկը

 

1. Շրջանառության հարկը Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է:

2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:

3. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

 

Հոդված 254. Շրջանառության հարկ վճարողները

 

1. Շրջանառության հարկ վճարողներ են համարվում (անկախ բացառապես արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնելու հանգամանքից) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված ֆիզիկական անձը` համապատասխանաբար, որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև համապատասխանաբար` որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Սույն կետի կիրառության իմաստով` վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող կազմակերպության կամ կազմակերպությունների (բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որին միանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ և առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որից առանձնանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ) համար պետական գրանցում է համարվում նաև կազմակերպությունների վերակազմակերպման պետական գրանցումը.

3) հարկային տարվա ընթացքում որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.

4) հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից (բայց այդ հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը, Օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն, դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրը, ապա ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը շրջանառության հարկ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով` որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից` մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ` հարկային մարմին ներկայացնելով հարկային մարմնի հաստատած ձևով նոր հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ (հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ նախկինում ներկայացված հայտարարությունը հաշվի չի առնվում), իսկ այդ կետով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքում, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող.

5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.

6) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.

7) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պետական հաշվառումից դուրս գալը, կամ երբ նոտարը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պաշտոնից ազատվելը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել են ԱԱՀ վճարող:

2. Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության իմաստով`

1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը.

2) առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

ա. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում բաժանման ձևով վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,

բ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում ինչպես այն կազմակերպության համար, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, այնպես էլ առանձնացված կազմակերպության կամ կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,

գ. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպության համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում միաձուլված կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը,

դ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության համար, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում տվյալ կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և միացած կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը:

3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`

1) Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն` արտոնագրային հարկ վճարողները` գործունեության այդ տեսակների մասով.

2) Օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` ակցիզային հարկ վճարողները.

3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները.

4) հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

5) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.

6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը.

7) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

4. Առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

5. Խաղարկությունով, ոչ խաղարկությունով և (կամ) համակցված վիճակախաղի (այսուհետ` վիճակախաղ) կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը համարվում է և չի դադարում համարվել շրջանառության հարկ վճարող` անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից:

6. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կարող են համարվել շրջանառության հարկ վճարող սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում: Սույն մասով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում համարվում են շրջանառության հարկ վճարող անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ շրջանառության հարկ վճարող համարվող հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն բաժնի կիրառության իմաստով՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում՝ առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես՝ սպասարկումը, մուտքի թույլտվությունը:

(254-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(254-րդ հոդվածը փոփոխվել է 25.06.19 ՀՕ-68-Ն և օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ:)

(254-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 40-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.20-ին:)

 

Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը

 

1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը.

2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

3) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

4) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

5) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից: Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կրկին համարվում են շրջանառության հարկ վճարողներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:

(255-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(255-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 41-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.20-ին:)

(255-րդ հոդվածը փոփոխվել է 25.06.19 ՀՕ-68-Ն և օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ:)

(255-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառակապակցության Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած իրավահարաբերությունների վրա տարածելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 14.12.18 ՍԴՈ-1437 որոշմամբ:)

 

Հոդված 256. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը

 

1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:

(256-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 42-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.20-ին:)

 

Հոդված 257. Շրջանառության հարկով հարկման բազան

 

1. Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

3.

(257-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 43-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.20-ին: Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը կընդունվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:)

 

Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը

 

1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները.

Եկամտի տեսակը

Դրույքաչափը (տոկոս)

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների

5

Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

1.5

Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ

1.5

Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ

3.5

Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ

10

Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ

10

Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ

25

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

6

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

20

Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ

5

2. Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:

3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

4.

(258-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն,  25.06.19 ՀՕ-68-Ն)
(258-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը 25.06.19 
ՀՕ-68-Ն  օրենքի 44-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.20-ին:)
(258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը 25.06.19 
ՀՕ-68-Ն  օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ են մտնում 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ներառվող հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով:)

 

Հոդված 259. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Շրջանառության հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:

 

Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը

 

1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:

2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

3. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

4. Առևտրական (առք ու վաճառքի) կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում:

(260-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 261. Շրջանառության հարկի հաշվարկների ներկայացումը

 

1. Շրջանառության հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկներ:

(261-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն  օրենքի 45-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.20-ին:)

 

Հոդված 262. Շրջանառության հարկի գումարի վճարումը

 

1. Շրջանառության հարկ վճարողները Օրենսգրքի 260-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

 

Հոդված 263. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

 

1. Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են`

1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարումից.

2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

 

Հոդված 264. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգին անցումը

 

1. Հարկ վճարողները շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից (շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու պահից) տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:

2. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ծախսերը` Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով` շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`

1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկի համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.

2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերող` վարչական, իրացման, ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի` տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:

3. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապրանքների) սկզբնական արժեքները` Օրենսգրքով սահմանված կարգով:

4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:

(264-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 265. Շրջանառության հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին

 

1. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված շրջանառության հարկի գումարները Օրենսգրքի` հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: