Բ Ա Ժ Ի Ն  9

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸ

Գ Լ ՈՒ Խ  35

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 183. Ճանապարհային հարկը

1. Ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն բաժնին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:

 

Հոդված 184. Ճանապարհային հարկ վճարողները

1. Ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատեր կամ նրանց կողմից լիազորված անձ (ներկայացուցիչ) համարվող, ինչպես նաև նույն հոդվածով սահմանված գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)` սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) Հայաստանի Հանրապետություն (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողները:

3. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն) 

4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները):

(184-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` 184-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվում է նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)

 

Հոդված 185. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները

 

1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:

2. ԵՏՄ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների տեղափոխման մասով ճանապարհային հարկի հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով սույն բաժնով կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն բաժնով, կիրառվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 24 հավելվածով (համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության), ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:

3. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.

1) ճանապարհային երթևեկության անվտանգության մարմին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին.

2) պետական ճանապարհային մարմին՝ տրանսպորտի բնագավառում Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին:

(185-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  36

 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 186. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտը

 

1. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.

2) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը:

(186-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի փոփոխությունը

կիրառվում է նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)

 

Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան

 

1. Ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը:

2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տևողությունը՝ արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով:

3. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով: Բազմակողմ (երկու և ավելի կողմ ունեցող) գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով, թամբային քարշակ թափքի տեսակ ունեցող ավտոմոբիլի և կիսակցորդի միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում ավտոգնացքի մեջ մտնող կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը` արտահայտված տոննաներով, իսկ կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում՝ կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը՝ արտահայտված տոննաներով:

(187-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)

(187-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` կիրառվում են նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)

 

Հոդված 188. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն մուտքի յուրաքանչյուր 15 օրվա համար՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածի.

 

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի

Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար դրույքաչափը (դրամ)

մինչև 1,5 տոննա ներառյալ

15000

1,5-ից ավելի մինչև 3 տոննա ներառյալ

25000

3-ից ավելի մինչև 5 տոննա ներառյալ

40000

5-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ

65000

10-ից ավելի մինչև 20 տոննա ներառյալ

80000

20-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ

110000

30-ից ավելի մինչև 44 տոննա ներառյալ

152000

44-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ

205000

60-ից ավելի մինչև 70 տոննա ներառյալ

233000

70-ից ավելի մինչև 80 տոննա ներառյալ

285000

80-ից ավելի մինչև 90 տոննա ներառյալ

318000

90-ից ավելի մինչև 100 տոննա ներառյալ

603000

100 տոննայից ավելի

753000

Հոդված 189. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատարավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլայինճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը

 

(հոդվածն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` 189-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվում է նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)

Հոդված 190. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.

2) հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:

 

Գ Լ ՈՒ Խ  37

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 191. Ճանապարհային հարկի արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար.

3) (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

4) (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

5) միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվող ճանապարհային հարկ վճարողները:

6) Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիազորված մարմնի որոշումը.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողների համար՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը.

4) Վրաստանում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող հարկ վճարողների համար՝ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը.

5) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար՝ պետական ճանապարհային մարմնի տված թույլտվությունը:

6) Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող հարկ վճարողների համար` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը:

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկից ազատվում են՝

1) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած.

2) հանքագործական գործունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցը, եթե Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից չի օգտվում.

3) այն բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, որոնք լիազոր մարմինը ժամանակավորապես հանել է հաշվառումից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:

(191-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-343-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` 191-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի փոփոխությունը

կիրառվում է նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)

 

Գ Լ ՈՒ Խ  38

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 192. Պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկի հաշվարկման ընդհանուր կարգը

 

1. Պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված հարկման յուրաքանչյուր օբյեկտի համար՝ հարկման բազայի և դրույքաչափերի հիման վրա:

 

Հոդված 193. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կարգով.

1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս.

2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս մաքսային մարմինները ստուգում են ճանապարհային հարկ վճարողի կողմից ճանապարհային հարկի հաշվարկման ճշտությունը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտումներից հետո ապահովելով ճանապարհային հարկի գումարի լրավճարումը: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթղթեր են նաև՝

1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում մաքսային հայտարարագիրը, որում արտացոլված է ճանապարհային հարկի վճարված գումարը.

2) ԵՏՄ անդամ պետություններից բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների մուտքի դեպքում սույն բաժնով սահմանված կարգով ու չափերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ճանապարհային հարկի կատարված վճարումների անդորրագրերը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:

3. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են սույն գլխին համապատասխան ճանապարհային հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի և (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի վրա դնելով «ճանապարհային հարկը վճարված է մինչև……» նշումով կնիք, որից հետո հայտարարագրերն ու անդորրագրերը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում չեն կարող օգտագործվել որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ:

4. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության մարմնին ճանապարհային հարկ վճարողները ներկայացնում են ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող՝ Օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:

 

Հոդված 194. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

(հոդվածն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` 194-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվում է նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)

 

 

Հոդված 195. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված յուրաքանչյուր գովազդային վահանակի մակերեսի համար՝ Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված տարեկան դրույքաչափերով, հետևյալ կարգով.

1) յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է գովազդային վահանակի ընդհանուր մակերեսի և Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված համապատասխան տարեկան դրույքաչափի արտադրյալի մեկ քառորդի չափով, անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից.

2) եթե գովազդային վահանակը տեղադրվում է հարկային տարվա ընթացքում, ապա ճանապարհային հարկի հաշվարկման պարտավորությունն առաջանում է գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքների արդյունքում սահմանված կարգով ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից՝

ա. ակտը կազմելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,

բ. ակտը կազմելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի, ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով.

3) եթե գովազդային վահանակը ապամոնտաժվում է հարկային տարվա ընթացքում, ապա՝

ա. ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին նախորդող հաշվետու եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով,

բ. ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ եռամսյակի առաջին օրվանից մինչև ապամոնտաժման օրվան նախորդող օրն ընկած օրերի թվերին համամասնորեն,

գ. ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկ չի հաշվարկվում,

դ. տեխնիկական պայմանների համապատասխանության ակտը կազմելու հաշվետու եռամսյակի ընթացքում գովազդային վահանակի ապամոնտաժման դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով` ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից մինչև ապամոնտաժման օրվան նախորդող օրը ընկած օրերի թվին համամասնորեն:

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար սույն հոդվածին համապատասխան յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար հաշվարկված ճանապարհային հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև այդ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, որին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետական ճանապարհային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը: