Բ Ա Ժ Ի Ն 3
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 37. | Ապրանքի մատակարարման վայրը |
1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ եթե ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից:
2. Եթե ապրանքի մատակարարման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Հոդված 38. | Ապրանքի մատակարարման պահը |
1. Եթե Օրենսգրքով կամ սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ
2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը:
2. Եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը:
3. Եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում համապատասխան հարկատեսակի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը՝ լիզինգի պայմանագրով նախատեսված՝ հաշվեգրված լիզինգային վճարներին համապատասխանող չափով:
Հոդված 39. | Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը |
1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝
1) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող կամ կառուցվելիք անշարժ գույքի հետ։ Սույն կետում նշված աշխատանքներին և (կամ) ծառայություններին մասնավորապես վերաբերում են՝
ա. շինարարության նախապատրաստման և իրականացման (ներառյալ՝ հետախուզման, նախագծման, դիզայներական, մոնտաժային, հեղինակային և տեխնիկական վերահսկողության) աշխատանքները և ծառայությունները,
բ. անշարժ գույքի նորոգման, վերականգնման և կանաչապատման աշխատանքները և ծառայությունները,
գ. անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (ներառյալ՝ անշարժ գույքի գնահատման ծառայությունները),
դ. անշարժ գույքը վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունները.
2) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի) հետ, բացառությամբ շարժական գույքի վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների).
3) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները փաստացի մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.
4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
ա. արտոնագրերի, լիցենզիաների, ծանուցումների, թույլտվությունների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքներ և համանման այլ ծառայություններ,
բ. էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազաների (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) ծրագրերի մշակման աշխատանքներ, ծառայություններ, դրանց հարմարեցման ու ձևափոխման ծառայություններ,
գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,
դ. անձնակազմի (աշխատակիցների) աշխատանքի տրամադրման ծառայություններ այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է այդ ծառայությունները ստացողի գործունեության վայրում,
ե. շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով) վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ),
զ. պատվիրատուի համար սույն կետով սահմանված աշխատանքները կատարող և (կամ) ծառայությունները մատուցող կազմակերպություն և (կամ) ֆիզիկական անձ ներգրավելու գործակալական ծառայություններ.
5) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվում են բեռների և (կամ) ուղևորների փոխադրման այնպիսի տրանսպորտային ծառայություններ, որոնք սկսվում և ավարտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.
6) աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող կազմակերպության կամ մշտական հաստատության գտնվելու վայրը կամ աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող ֆիզիկական անձի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն մասի 1-4-րդ կետերով և 2-րդ մասի 1-ին կետով։
2. Աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե՝
1) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:
3. Եթե կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից կատարվում են մի քանի տեսակի աշխատանքներ և (կամ) մատուցվում են մի քանի տեսակի ծառայություններ, և մի տեսակի աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը մյուս տեսակի աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ, ապա օժանդակ աշխատանքների կատարման կամ օժանդակ ծառայությունների մատուցման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների կատարման կամ հիմնական ծառայությունների մատուցման վայրը։
4. Օրենսգրքի կիրառության իմաստով՝
1) աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,
2) աշխատանքը կամ ծառայությունը համարվում է Օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:
(39-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն)
Հոդված 40. | Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը |
1. Հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը:
2. Գույքը վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) տրամադրելու (եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին) կամ գույքը օգտագործման տրամադրելու ծառայությունների մատուցման պահ է համարվում համապատասխան հարկատեսակի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված է, որ ծառայության մատուցումն ավարտվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, ապա ծառայության մատուցման պահ է համարվում ծառայության մատուցման վերջին օրը:
3. Բաժանորդագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների (մասնավորապես, համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրերում նախատեսված են ծառայությունների մատուցման այլ ժամկետներ (փուլեր), ապա այդ ծառայությունների մատուցման պահ է համարվում այդ ժամկետների (փուլերի) վերջին օրը:
4. Եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ՝
ա. աշխատանք կատարողը աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է աշխատանքն ընդունողին,
բ. ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի),
գ. ծառայություն մատուցողը ոչ նյութական ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ծառայություն ստացողին.
2) աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունը ստացողը հաստատում է աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի մասով աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն մատուցողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը:
5. Եթե սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահը հնարավոր չէ որոշել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, ապա այդ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում՝
1) այն պահը, երբ աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրին համապատասխան, իրավունք է ձեռք բերել, չվերադարձնելով նախկինում ստացված` աշխատանքի չկատարված մասին և (կամ) ծառայության չմատուցված մասին համապատասխանող գումարը (բացառությամբ օրենքով նախավճար համարվող գումարի), դադարեցնել աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը.
2) այն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, որում ակնհայտ է դարձել, որ աշխատանք ընդունողը և (կամ) ծառայություն ստացողը առնվազն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում արդեն իսկ ընդունել է այդ աշխատանքը և (կամ) ստացել է այդ ծառայությունը, իսկ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրով նախատեսված դեպքում` տվյալ փուլով նախատեսված աշխատանքը և (կամ) ծառայությունը:
(40-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Հոդված 41. | Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչումը |
1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն:
2. Անվավեր ճանաչված գործարքը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) չի առաջացնում, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետևանքների:
2.1. Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի և (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով:
3. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, Օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն, ճանաչվում է անվավեր:
4. Գործարքն անվավեր ճանաչելու դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները գործարքի անվավեր ճանաչման արդյունքները, Օրենսգրքի համապատասխան բաժինների համաձայն, արտացոլում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատարանի վճռի ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող համապատասխան հարկային հաշվարկներում:
5. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն գործարքի կողմերն այն անվավեր են ճանաչել, ապա գործարքի անվավեր ճանաչումը հաշվի չի առնվում:
(41-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)
Հոդված 42. | Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը |
1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքերում.
1) գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է.
2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.
3) գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը և (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, և պարզվում է, որ դրանցից որևէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին, որի հետևանքով ապրանքը (կամ դրա մի մասը) ենթակա է մասնակի ընդունման կամ վերադարձման.
4) գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավելի, քան սահմանված է եղել հաշվարկային փաստաթղթով, և գնորդի կողմից ավելի մատակարարված ապրանքներն ընդունվել են.
5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավելի կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հաշվարկային փաստաթղթով նախատեսված ծավալից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
ա. աշխատանքները կամ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) կատարվել կամ մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող՝ դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով,
բ. աշխատանքի կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ աշխատանքի կամ ծառայության արդյունքի հետ հանձնումը հնարավոր չէ:
Դուրս գրված այն հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի մասով, որի դուրսգրման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, չի կարող դուրս գրվել համապատասխանաբար ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:
2. Ճշգրտված գործարքը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, առաջացնում է միայն այն մասով, որը մնում է գործարքի ճշգրտման արդյունքում:
3. Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված՝ համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ: Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլում են, հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն, ճշգրտման կատարման օրը ներառող ամսվա ընթացքում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի համար դուրս գրվող համապատասխան հաշվարկային փաստաթղթում:
4. Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝
1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
3) այլ հարկերի և բնօգտագործման վճարի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:
5. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում:
6. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում:
(42-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)
Հոդված 43. | Հարկային պարտավորությունը |
1. Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և (կամ) վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Օրենսգրքի 16-րդ բաժնի կիրառության իմաստով՝ հարկային պարտավորությունը ներառում է միայն հարկերի (բացառությամբ ճանապարհային հարկի, տեղական հարկերի, ինչպես նաև բնապահպանական հարկի գծով պարտավորության այն գումարների, որոնց համար, Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն, հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չէ), սոցիալական վճարի, բնօգտագործման վճարի (բացառությամբ բնօգտագործման վճարի գծով պարտավորության այն գումարների, որոնց համար, Օրենսգրքի 10-րդ բաժնի համաձայն, հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չէ) և հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) սույն մասում նշված վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) սույն մասում նշված վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը:
Հոդված 44. | Հարկային պարտավորության ծագումը |
1. Հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգումների և Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով սահմանված ուսումնասիրությունների արդյունքում Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), իսկ Օրենսգրքի՝ անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով՝ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության կամ ի հայտ եկած այլ հանգամանքների հետևանքով անհնարին է դառնում ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման իրականացումը: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը սույն մասով սահմանված հիմքերով կասեցվում է այդ հիմքերի (կամ դրանցից որևէ մեկի) առկայությունը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով սահմանված՝ կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:
5. Հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկով հարկային պարտավորությունները կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, եթե այլ բան նախատեսված չէ սույն մասով:
Սույն մասով սահմանված ժամկետի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի միջև ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ներառված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները նվազեցնող կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարներն ավելացնող հարկային հաշվարկ, որը հարկային մարմնի կողմից կարող է ստուգվել այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում:
6. Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում առկա անճշտություններ, որոնք Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշտել ճշտված հարկային հաշվարկների ներկայացման միջոցով կամ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշտվել Կառավարության սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման: Եթե սույն մասով սահմանված՝ հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկի գումարը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից: Սույն մասի կիրառության իմաստով՝ հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխություն չի կատարվում՝
1) եթե լրացել են հարկային պարտավորությունների առաջադրման՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները.
2) եթե լրացել են հարկային պարտավորությունների փոփոխության՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները, և եթե հարկային պարտավորության ճշտումը հանգեցնում է հարկային պարտավորության նվազեցման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացման.
3) հարկ վճարողի մոտ իրականացվող ստուգումների կամ ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև դրանց կասեցման ժամանակահատվածում՝ ստուգմանը կամ ուսումնասիրությանը վերաբերող հարկի կամ վճարի գծով:
7. Օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:
8. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ հարկ վճարողը դրան ծանոթանալու և համապատասխան բացատրություններ տալու հնարավորություն չի ունեցել, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացված` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները:
(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)
Հոդված 45. | Հարկային պարտավորության դադարումը |
1. Հարկային պարտավորությունը դադարում է՝
1) երբ այն կատարվում է.
2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով.
3) երբ կազմակերպության կամ ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և բացակայում է որևէ անձ, որը, Օրենսգրքի համաձայն, պատասխանատվություն է կրում հարկային պարտավորության կատարման համար.
4) երբ այն դառնում է անհուսալի և անհուսալի դառնալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, չի գանձվում.
5) երբ ֆիզիկական անձը մահանում է, բացառությամբ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի.
6) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառության իմաստով՝ չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի, եթե՝
1) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.
2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին սնանկ ճանաչելու հիմքերը.
3) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ կամ ժառանգը (ժառանգները) հրաժարվում են ժառանգությունից.
4) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը ստանում է պետական գրանցում, կամ անհատ ձեռնարկատերը հանվում է պետական հաշվառումից, կամ նոտարն ազատվում է պաշտոնից:
3. Անհուսալի հարկային պարտավորությունների մասով հարկային մարմինը վարում է առանձնացված հաշվառում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դադարած անհուսալի հարկային պարտավորությունները հանվում են հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ այլ հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:
(45-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)
Հոդված 46. | Հարկային պարտավորության կատարումը (մարումը) |
1. Միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների հաշվեգրումը միասնական հաշվից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:
2. Միասնական հաշվի միջոցով չմարվող հարկային պարտավորության (բացառությամբ տեղական հարկերի) կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների՝
1) վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին.
2) միասնական հաշվի միջոցով չմարվող այլ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվից գումարի հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին.
3) միասնական հաշվից գումարների հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:
3. Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
4. Օրենսգրքով սահմանված դեպքում հարկային պարտավորության կատարումը կարող է դրվել հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաև կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:
5. Հարկային պարտավորությունները պետք է կատարվեն մինչև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները, բացառությամբ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
6. Հարկային պարտավորությունը Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետներում չկատարվելու կամ մասնակի կատարվելու դեպքում հարկային մարմինը, իսկ տեղական հարկերի ու տեղական վճարների մասով՝ տեղական ինքնակառավարման մարմինը իրավասու են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ:
(46-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Հոդված 47. | Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում |
1. Լուծարվող կազմակերպության հարկային պարտավորությունների կատարումը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա` այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ՝ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է առկա հարկային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ներկայացված հարկային հաշվարկների հիման վրա առաջացած հարկային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:
3. Եթե լուծարվող կազմակերպությունն ունի գերավճարներ, ապա այդ գումարները ներառվում են լուծարային զանգվածի մեջ և ուղղվում են լուծարվող կազմակերպության պարտավորությունների կատարմանը:
(47-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Հոդված 48. | Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում |
1. Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին ներկայացնելու դիմում՝ համալիր հարկային ստուգում անցնելու համար։
2. Եթե անհատ ձեռնարկատերը մինչև պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին Օրենսգրքով սահմանված կարգով համալիր հարկային ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ Օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու համալիր հարկային ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։
(48-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Հոդված 49. | Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում |
1. Վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կազմակերպությունների միաձուլման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը:
3. Կազմակերպությունների միացման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը:
4. Կազմակերպության բաժանման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
5. Կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի հարկային պարտավորությունները առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
6. Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպության վերակազմավորման արդյունքում առաջացած կազմակերպությունը:
Հոդված 50. | Հարկային պարտավորությունների կատարումը համատեղ գործունեության դեպքում |
1. Համատեղ գործունեության մասով հարկային պարտավորությունների կատարման համար համատեղ գործունեության մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կամ համատեղ գործունեության մասնակիցներից որևէ մեկի կողմից համատեղ գործունեության մասով հարկային պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում համատեղ գործունեության մնացած բոլոր մասնակիցների կողմից այդ գործունեության մասով հարկային պարտավորությունները համարվում են կատարված:
Հոդված 51. | Հարկային պարտավորությունների կատարումը և հարկերի վերադարձը ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում |
1. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա չկատարված հարկային պարտավորությունները (բացառությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունների) կատարվում են նրա ժառանգի կողմից (մեկից ավելի ժառանգների դեպքում չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են ժառանգների կողմից՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով նրա չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են Օրենսգրքի՝ համապատասխանաբար 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված կարգով:
2. Եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը հրաժարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգությունից, ապա իր մասով ազատվում է հարկային պարտավորության կատարումից:
3. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը իրեն փոխանցվող հարկային պարտավորության մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, որոնք պարտավոր են դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել տեղեկատվություն ժառանգին փոխանցվող հարկային պարտավորության մեծության մասին: Հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության մեջ նշված հարկային պարտավորության չափը չի կարող փոփոխվել, եթե տեղեկատվությունը տրամադրվել է Օրենսգրքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում:
4. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
5. Նոտարները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացնել տեղեկատվություն հաշվետու եռամսյակի ընթացքում իրենց մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի (ժառանգների) կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին:
6. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը իրեն փոխանցվող հարկային պարտավորությունը պարտավոր է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմվող վարչական ակտի հիման վրա՝ մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ:
7. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա անձնական հաշվի քարտում առկա՝ հարկի դեբետային գումարները, միասնական հաշվի գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն):
8. Եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը (ժառանգները), սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ստանձնում են մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի չկատարված հարկային պարտավորությունները կատարելու պարտականություն, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված գումարները ենթակա են վերադարձման միայն այն դեպքում, երբ այդ հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:
9. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարների մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, որոնք պարտավոր են դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել տեղեկատվություն այդ գումարների մեծության մասին:
10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգին տրամադրվում են մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ, եթե սույն հոդվածի 8-րդ մասով այլ բան սահմանված չէ:
11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից կատարվում են և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգին տրամադրվում են հարկային մարմնի սահմանած կարգով:
(51-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հոդված 52. | Հարկային հաշվարկը և դրա կազմումը |
1. Հարկային հաշվարկը հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր տեղեկատվություն է հաշվետու ժամանակաշրջանում կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ:
2. Հարկային հաշվարկներում պարտադիր լրացման ենթակա են հետևյալ տվյալները.
1) հարկ վճարողի լրիվ անվանումը.
2) հարկ վճարողի գտնվելու վայրը.
3) հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը.
4) հաշվետու ժամանակաշրջանը կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքի կամ գործունեության կատարման օրը, որի համար ներկայացվում է հարկային հաշվարկը.
5) հարկ վճարողի (հարկ վճարողի պաշտոնատար անձի) կամ հարկ վճարողի լիազոր անձի ստորագրությունը:
3. Համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կողմից համատեղ գործունեության համար ներկայացվող հարկային հաշվարկներում (այդ թվում՝ ճշտված) արտացոլվում են ինչպես համատեղ գործունեությանը վերաբերող, այնպես էլ անմիջականորեն համատեղ գործունեության հաշվետու մասնակցին վերաբերող ցուցանիշները (արդյունքները): Անհրաժեշտության դեպքում համատեղ գործունեության մասով հարկային պարտավորությունները ճշտելու և դրանց գանձումն ապահովելու նպատակով համատեղ գործունեության հաշվետու մասնակցի հաշվառման հարկային մարմինը իրավունք ունի համատեղ գործունեության հաշվետու մասնակցից գրավոր պահանջելու ներկայացնել լրացուցիչ գրավոր տեղեկություններ՝ նրա կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ընդհանուր ցուցանիշներում համատեղ գործունեությանը վերաբերող ցուցանիշների (արդյունքների) վերաբերյալ: Համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը պարտավոր է սույն մասով սահմանված տեղեկությունները ներկայացնել հարկային մարմնից համապատասխան պահանջը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Հարկային հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը (այդ թվում՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային հաշվարկը այլ գերատեսչություններին նույնպես ներկայացնելու պահանջ սահմանված լինելու դեպքերում՝ այդ գերատեսչությունների հետ համատեղ): Անկախ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային հաշվարկում պարտադիր լրացման ենթակա տվյալներից, հարկային հաշվարկի ձևում նախատեսված լինելու դեպքերում պարտադիր լրացման ենթակա են նաև ֆիզիկական անձին վերաբերող անձնական տվյալները, այդ թվում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարը, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվությունը:
(52-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Հոդված 53. | Հարկային հաշվարկի ներկայացումը |
1. Հարկ վճարողը (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը, հավատարմագրային կառավարիչը, համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, կոմիսիոները, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալը, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) հարկային հաշվարկները հարկային մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
2. Մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են չներկայացված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
3. Հարկային հաշվարկը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը, եթե՝
1) կազմակերպությունը գտնվում է լուծարման գործընթացում (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը գտնվում է պետական հաշվառումից հանման գործընթացում).
2) անհատ ձեռնարկատերը պետական հաշվառումից հանվում է.
3) նոտարը պաշտոնից ազատվում է:
4. Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ժամանակաշրջանին անմիջապես նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ գործունեությունը նոր սկսելու դեպքում՝ մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը:
5. Հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝
1) այն հարկային հաշվարկների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն կետում նշված հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով.
2) Օրենսգրքով սահմանված կամ Կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով:
6. Եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով:
7. Հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվող՝ հարկային հաշվարկի ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը, իսկ հարկային հաշվարկը թղթային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային հաշվարկը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը:
8. Եթե հարկ վճարողը (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը, հավատարմագրային կառավարիչը, համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, կոմիսիոները, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալը, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների.
2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների:
Սույն մասի կիրառության իմաստով՝
1) որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրվանից, իսկ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի՝ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրվանից.
2) գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված` գործունեությունը փաստացի վերսկսելու օրվանից:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով՝ գործունեության վերսկսում չի համարվում՝
1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ.
2) վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.
3) ավանդադրված կամ հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվեգրումից եկամուտների ստացումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.
4) Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության կամ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ներկայացումը.
5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը.
6) գործընկեր հարկ վճարողներին վճարումների կատարումը և (կամ) նրանցից վճարումների ընդունումը, գործընկեր հարկ վճարողների կողմից սույն մասի 2-րդ կետով սահմանված ծախսերի գծով դուրս գրվող, ինչպես նաև մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը).
7) հարկային հաշվարկների կամ ճշտված հարկային հաշվարկների ներկայացումը.
8) հարկ վճարողի մոտ աուդիտի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի) անցկացումը.
9) շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը:
10. Հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝
1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգվել է հարկային մարմնի (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում՝ այդ մարմնի) կողմից.
2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է.
3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
11. Ավելացված արժեքի հարկի մասով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում՝ տվյալ հաշվարկը ԱԱՀ-ի մասով հաշվի չի առնվում), եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝
1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից.
2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ուսումնասիրությունը՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ուսումնասիրության ընթացքը կասեցված է:
(53-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)
(53-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ մասի 4-րդ կետը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ուժի մեջ կմտնեն 01.01.2020-ին)
Հոդված 54. | Հարկային հաշվարկի ճշտումը |
1. Հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, բացառությամբ Օրենսգրքի 278-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ներկայացված մեկից ավելի հարկային հաշվարկներից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հարկային հաշվարկ: Արտահանման կամ ներմուծման տվյալ գործառնության մասով ներկայացված մեկից ավելի ներմուծման հարկային հայտարարագրերից կամ արտահանման հարկային հայտարարագրերից առաջինը համարվում է տվյալ գործառնության համար ներկայացված հայտարարագիր, իսկ մյուսները՝ ճշտված հայտարարագիր:
3. Կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման դեպքերում՝
1) մինչև հաշվետու ժամանակաշրջանները ավարտվելը հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հարկային հաշվարկներ, եթե դրանց ներկայացումից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանները ավարտվելը, կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը որևէ գործարք կամ գործառնություն չի իրականացնում.
2) սույն մասի 1-ին կետով սահմանված հարկային հաշվարկների ներկայացումից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված նոր հարկային հաշվարկները համարվում են ճշտված հարկային հաշվարկներ:
4. Եթե ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկի գումարը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից:
5. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-11-րդ մասերով սահմանված՝ հարկային հաշվարկներ ներկայացնելու սահմանափակումները տարածվում են նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքերի վրա, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա:
(54-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)
(54-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 12-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)
Գ Լ ՈՒ Խ 10
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 55. | Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը |
1. Հաշվարկային փաստաթուղթը սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է՝
1) ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը: Սույն կետի կիրառության իմաստով՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ անկախ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման հանգամանքից.
2) ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը.
3) ապրանքի մատակարարումը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին.
4) ապրանքի տեղափոխությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը.
1) հարկային հաշիվ.
2) ճշգրտող հարկային հաշիվ.
3) հաշիվ վավերագիր.
4) ճշգրտող հաշիվ վավերագիր.
5) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն.
6) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ.
7) ապրանքի տեղափոխության բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր):
3. Սույն հոդվածի 2-րդ մասի՝
1) 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև հարկի գումարի պակասեցումները, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար.
2) 5-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները) պարունակելու դեպքում՝ նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար.
3) 6-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է հարկի գումարը հետ ստանալու իրավունքի ձեռքբերումը փաստաթղթավորելու համար.
4) 7-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար:
4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝
1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.
2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.
3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը.
4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.
5) ակցիզային հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).
6) բնապահպանական հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (միայն Օրենսգրքի 8-րդ բաժնով սահմանված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում).
7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը.
8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը.
9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
5. Հաշիվ վավերագրում կամ ճշգրտող հաշիվ վավերագրում պարտադիր ներառվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով սահմանված տվյալների:
6. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանում է Կառավարությունը:
7. Բեռնագրում պարտադիր ներառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված տվյալների փոխարեն ներառվում են համապատասխանաբար՝
1) ապրանքի տեղափոխության ամսաթիվը.
2) տեղափոխվող ապրանքի անվանացանկն ու քանակը.
3) ապրանք տեղափոխող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
8. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթերում, բացի սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված տվյալներից, այդ հաշվարկային փաստաթղթերը դուրս գրող և (կամ) ստացող հարկ վճարողների հայեցողությամբ կարող են ներառվել նաև այլ տվյալներ:
9. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության կողմից դուրս գրվող հարկային հաշվում, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշվում, որպես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար նշվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը:
10. Եթե ապրանքը ձեռք է բերվում, աշխատանքը ընդունվում է, և (կամ) ծառայությունը ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, ապա այդ գործարքների մասով դուրս գրվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվարկային փաստաթղթերում սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված որոշ տվյալների բացակայության դեպքում հաշվարկային փաստաթղթերը համարվում են սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, եթե՝
1) առկա է գործարքն իրականացնող կողմերի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագիր, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները և հաշվարկային փաստաթղթում հղում է կատարված այդ պայմանագրին, կամ
2) գործարքն իրականացվում է գործարքն իրականացնող կողմի տված գրավոր լիազորագրի հիման վրա, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները:
11. Էլեկտրոնային առևտրի շրջանակներում կատարվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքները կարող են փաստաթղթավորվել վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տրամադրվող փաստաթղթերով կամ այդ կազմակերպությունների կողմից կիրառվող՝ վճարային գործիքներ սպասարկող սարքավորումների միջոցով տպագրվող փաստաթղթերով:
12. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում՝ աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:
13. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, ինչպես նաև կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրվող գույքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:
(55-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)
(55-րդ հոդվածի 13-րդ մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ է մտնում համապատասխան ծախսերի փաստաթղթավորման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը կընդունվի 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:)
Հոդված 56. | Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը |
1. Կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:
2. Մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող կամ Օրենսգրքի 74-րդ գլխով սահմանված կարգով հսկիչ դրամարկղային մեքենա շահագործող ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կարող է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր դուրս չգրել, եթե ապրանքի գնորդը, աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունն ստացողը չի պահանջում դուրս գրել հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր:
3. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝
1) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.
2) Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով:
4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:
5. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության շրջանակներում՝
1) իրականացված գործարքների մասով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կողմից կամ ստացվում են համատեղ գործունեության հաշվետու մասնակցի անունով.
2) համատեղ գործունեության մասնակիցների կողմից համատեղ գործունեության մեջ կատարված ներդրումներին վերաբերող՝ ակտիվների և ձեռքբերման, աշխատանքների ընդունման և ծառայությունների ստացման հաշվարկային փաստաթղթերի մեկ օրինակը՝ համապատասխան ակտիվների քանակներն ու ծառայությունների ծավալներն արտացոլող հանձնման-ընդունման ակտերի մեկ օրինակի հետ միասին, փոխանցվում է համատեղ գործունեության հաշվետու մասնակցին: Սույն կետում նշված փաստաթղթերի մեկական օրինակները դրանք փոխանցող մասնակիցները պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել նաև իրենց մոտ:
6. Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող՝ հանձնակատար կամ գործակալ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրել հարկային հաշիվներ, ճշգրտող հարկային հաշիվներ, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներ, ինչպես նաև հաշիվ վավերագրեր կամ ճշգրտող հաշիվ վավերագրեր, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է այդպիսի հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու լիազորագիր: Սույն մասով սահմանված դեպքերում հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացի նրանց տվյալներից, լրացվում է նաև հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը:
7. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը կամ մշտական հաստատությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում նաև՝ ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից:
8. Գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված`
1) հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների) կարող են դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ այդ հաշվարկային փաստաթղթում նշված ապրանքները պետք է մատակարարվեն հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքների մատակարարման օրը, կամ աշխատանքները պետք է կատարվեն, կամ կատարումը ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ աշխատանքների կատարման կամ կատարումն ավարտելու օրը, կամ ծառայությունները պետք է մատուցվեն, կամ մատուցումն ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ ծառայությունների մատուցման կամ մատուցումը ավարտելու օրը.
2) հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել հաշվարկային ժամանակահատվածի համար ծառայությունների մատուցումն ավարտելուց հետո.
3) սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի դուրսգրումը սույն հոդվածով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը:
9. Սույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը, Օրենսգրքի կիրառության իմաստով, հավասարեցվում են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերին:
10. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.
1) հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել, և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.
2) հարկային հաշիվը դուրս է գրվել Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.
3) Օրենսգրքի 345-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում.
4) ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հաշվարկային փաստաթուղթը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).
5) հաշվարկային փաստաթղթով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:
Չեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում:
11. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը ենթակա է անվավեր ճանաչման:
11.1. Այն գործարքի մասով, որի կատարման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, հաշվարկային փաստաթուղթ (այդ թվում՝ ճշգրտող) չի կարող դուրս գրվել:
12. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը:
13. Ճշգրտման ենթակա գործարքի մասով դուրս է գրվում ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:
(56-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)
Հոդված 57. | Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից հանրային ծառայությունների ենթակառուցվածքները շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով տեղափոխվող ապրանքների, Կառավարության սահմանած ցանկում ներառված ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից տեղափոխվող հիմնական միջոցների, ինչպես նաև խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների և արտարժույթի) մատակարարումը կամ տեղափոխությունը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով:
2. Հարկ վճարողի կողմից տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է ապրանքի տեղափոխությունը հավաստող՝ սահմանված կարգով դուրս գրված բեռնագրով, Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ ճշգրտող հարկային հաշվով կամ ճշգրտող հաշիվ վավերագրով, հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և տեղափոխվող ապրանքի տեղափոխությունը՝
ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ ապրանքի ներմուծման մաքսային հայտարարագրով.
բ. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ տարանցման հայտարարագրով, ինչպես նաև ցանցային կապի միջոցներով ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերով (այսուհետ՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարք), իսկ օդային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ օդային ուղու հաշվարկային փաստաթղթով:
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանք են համարվում`
1) այն ապրանքները կամ դրանց մի մասը (ուղեկցող փաստաթղթերի համեմատությամբ քանակական ավելցուկը), որոնք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են առանց Օրենսգրքով սահմանված համապատասխան ուղեկցող փաստաթղթի.
2) այն ապրանքները, որոնք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են Օրենսգրքի պահանջները չբավարարող՝ մատակարարման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթով.
3) փաստացի մատակարարվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխվող) այն ապրանքները, որոնք ուղեկցվում են ապրանքների տեղափոխության համար սահմանված ուղեկցող փաստաթղթով:
4) ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված այն ապրանքները, որոնք Օրենսգրքի 358.1-ին հոդվածով սահմանված դեպքում փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի:
4. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները կամ դրանց մի մասը (ուղեկցող փաստաթղթերի համեմատությամբ քանակական ավելցուկը) համարվում են առանց ուղեկցող փաստաթղթի նաև այն դեպքում, երբ դրանք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են արդեն իսկ մատակարարված կամ տեղափոխված ապրանքների համար սահմանված կարգով դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով:
5. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի համար Օրենսգրքի պահանջները համարվում են չբավարարված, եթե այդ հաշվարկային փաստաթղթերում բացակայում են հետևյալ վավերապայմանները.
1) ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը.
2) ուղեկցող փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.
3) ապրանքի մատակարարման կամ տեղափոխության ամսաթիվը.
4) ապրանքներ մատակարարող կամ տեղափոխող (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) հարկ վճարողի՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով պահանջվող տվյալները.
5) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից մատակարարվում կամ տեղափոխվում է ապրանքը.
6) մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
7) գործարքի առարկա հանդիսացող՝ մատակարարվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում՝ տեղափոխվող) ապրանքների անվանացանկն ու քանակը, ապրանքների ընդհանուր արժեքը՝ հանրագումարով.
8) տեղափոխվող ապրանքների անվանացանկն ու քանակը.
9) մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով՝
1) չհասցեավորված (բնակավայրերից դուրս աշխարհագրական օբյեկտ հանդիսացող) առաքման վայրերի կամ նշանակման վայրերի դեպքում որպես նշանակման վայրի հասցե նշվում է այն վարչատարածքային միավորի անվանումը, որի տարածքում գտնվում են նշված վայրը և տվյալ վայրի ընդունված անվանումը, իսկ անվանման բացակայության դեպքում՝ այն վավերապայմանները, որոնք առավել բնութագրիչ են տվյալ վայրին.
2) ուղեկցող հաշվարկային փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն, ըստ էության, հիմնավորում են սույն հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարված լինելը:
7. Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը: Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա՝ անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:
(57-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)