Բաժնետոմսերի օտարումից ստացված եկամտի վերաբերյալ N 184

Բաժնետոմսերի օտարումից ստացված եկամտի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

13.04.2021, N 184

Հարց
Կազմակերպությունը պատրաստվում է հետ գնել բաժնետոմսեր, որոնք թողարկվել են տվյալ գործարքին նախորդող երկու տարվա ընթացքում եւ տվյալ բաժնետերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում չի հանդիսանում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձեւով մասնակցություն: Բաժնետոմսերը հետ են գնվում անվանական արժեքով: Տվյալ դեպքում արդյո՞ք նշված բաժնետոմսերի օտարման գծով ստացված եկամուտը համարվում է նվազեցվող եկամուտ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի`
– 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաեւ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը,
– 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձեւով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն` օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձեւով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից բաժնետոմսի օտարումից ստացվող եկամուտը` բացառությամբ օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` բաժնետոմսի նույն կետում նշված ժամկետում օտարումից ստացվող եկամտի, համարվում է նվազեցվող եկամուտ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ