ԱԱՀ-Ի գումարների բացաոական տարբերության վերաբերյալ N 183

ԱԱՀ-Ի գումարների բացաոական տարբերության վերաբերյալՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

13.04.2021, N 183

Հարց
ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների եւ այդ գործարքների մասով ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջեւ առաջացող բացասական տարբերությունը ՀՀ հարկային օրենսգրքով ենթակա է պակասեցման, թե՞ ոչ: Այն դեպքում, երբ ընկերությունը ձեռք է բերում ապրանք, որի արժեքը կազմում է 100+20=120 (20-ը ավելացված արժեքի հարկի գումարն է), եւ վաճառում է 90+18=108 արժեքով, արդյոք 20-18=2 միավոր ավելացված արժեքի հարկի գումարը ենթակա է պակասեցման:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 71-րդ հոդվածով սահմանված են ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) կարգավորումները,
– 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, իսկ օրենսգրքի 73 հոդվածով պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձեւակերպման կարգը:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2018թ. հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության եւ 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործել են մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների եւ այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռքբերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջեւ առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման մասով մաքսային կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան, եթե առկա չեն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանափակումները: “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված’ ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) սահմանափակումները կիրառվում են մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացված գործարքների մասով:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ