Ապրանքների դրոշմավորման կանոնների վերաբերյալ N 178

Ապրանքների դրոշմավորման կանոնների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.04.2021, N 178

Հարց
Կազմակերպությունը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Կազմակերպությունը ապրանքների մի մասը օտարել է դրոշմավորված, բայց էլեկտրոնային եղանակով գրանցումներ չի կատարվել: Տվյալ դեպքում, եթե ընկերությունը ուշացումով կատարի վերագրումները, կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, թե՞ ոչ: Արդյո՞ք չվերագրված, բայց փակցված դրոշմապիտակները կարող են դիտարկվել որպես չօգտագործված, եւ առաջանա վեցամսյա ժամկետում հետ վերադարձի հետ կապված խնդիր:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու,
– 393-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (բացառությամբ օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչեւ ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` մինչեւ ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում: Նույն մասի 2-րդ կետի համաձայն` օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն` շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչեւ ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների եւ հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչեւ ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:
Առանց ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքում պատասխանատվություն սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով:
Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ եթե ապրանքների օտարումն իրականացվել է առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման, ապա դրոշմավորման պարտավորություն կրող անձանց նկատմամբ կիրառվում է օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:
Հայտնում ենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառության իմաստով` ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները համարվում են “օգտագործված”, եթե դրանք փակցված են դրոշմավորման ենթակա ապրանքների վրա, անկախ տվյալ ապրանքի օտարված լինելու հանգամանքից, հետեւաբար` ապրանքի վրա արդեն իսկ փակցված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները չեն կարող համարվել որպես “չօգտագործված”:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ