Անշարժ Գույքի Վարձակալությունից Առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
13.04.2021, N 185
Հարց
ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձը, ով գտնվում է արտերկրում, ՀՀ-ում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը հանձնել է վարձակալությամբ: Տվյալ դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում եւ հեռահար ի՞նչ կարգով պետք է կատարել առաջացող հարկային պարտավորությունները:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետին համապատասխան` պասիվ եկամուտ է համարվում ֆիզիկական անձի կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտը, մասնավորապես` շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ: Նույն մասի 27-րդ կետի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է,
– 25-րդ հոդվածով սահմանված են ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ դրույթները,
– 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից եւ (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների ձեռնարկատիրական եկամուտների:
Նույն մասի 2-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
– 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:
Նույն մասի 2-րդ կետի համաձայն` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
– 144-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում պասիվ եկամուտները` օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում,
– 107-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի “ա” ենթակետին համապատասխան` վարձակալական վճարը կամ սերվիտուտի վճարը համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ, եթե ստացվում է ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի տիրապետման եւ (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց,
– 150-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` տասը տոկոս դրույքաչափով,
– 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին,
– 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից` ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտները, ենթակա են հարկման եկամտային հարկով` 10% դրույքաչափով: Ընդ որում`
1) գույքը հարկային գործակալի վարձակալությամբ տրամադրվելու դեպքում, ֆիզիկական անձին վճարված վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը,
2) գույքը անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի վարձակալությամբ տրամադրվելու դեպքում, ստացված վարձակալական վճարների մասով եկամտային հարկը ֆիզիկական անձը հաշվարկում է ինքնուրույնաբար` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (ձեւը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Լ հրամանի N 3 հավելվածով) եւ հաշվարկված եկամտային հարկի գումարները վճարում պետական բյուջե` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը ինքնուրույնաբար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` 10% դրույքաչափով:
Միաժամանակ, հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկների` էլեկտրոնային եղանակով ներկայացումն իրականացվում է հարկային մարմնի հետ կնքված` էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի հիման վրա եւ էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով (օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մաս):
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ