Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ N 167

Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
12.03.2021, N 167

Հարց
“Ա” կազմակերպությունը ՀՀ տարածք է ներմուծել եգիպտացորենի հիբրիդային սերմեր ցանքի համար, որի ԱՏԳ ԱԱ ծածկագիրն է 07129011000: Նշված ապրանքի մաքսազերծման համար վճարվել է ավելացված արժեքի հարկ: ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 20-րդ կետի ավելացված արժեքի հարկից ազատված են գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը: Տվյալ դեպքում ԱՏԳ ԱԱ 0712011000 ծածկագրին դասվող ապրանքախմբի օտարումը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե ոչ, ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 1209 ապրանքախմբին դասվող լոլիկի, վարունգի, կաղամբի սերմերի օտարումը:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության եւ այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,
– 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
– 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են ԱՏԳԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
1) օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ից ազատվում է գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը` անկախ այն հանգամանքից, թե ԱՏԳ ԱԱ դասակարգչի որ ծածկագրերին են դրանք դասվում,
2) տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ (մասնավորապես` “Սերմերի մասին”, “Բուսասանիտարիայի մասին” ՀՀ օրենքներ) սահմանված կարգավորումներին համապատասխան գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմեր եւ տնկանյութ համարվող ապրանքների` ՀՀ-ում օտարման մասով կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 20-րդ կետով սահմանված արտոնությունը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ