Հաշվարկային փաստաթղթերի դուրագրման վերաբերյալ N 165

Հաշվարկային փաստաթղթերի դուրագրման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 165

Հարց
Կազմակերպությունը զբաղվելու է ապրանքների վաճառքով, որի իրականացման համար վճարումը ընդունվելու է վճարահաշվարկային կազմակերպության միջոցով: Կարո՞ղ է կազմակերպությունը վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված փաստաթուղթը դիտարկել որպես հաշվարկային փաստաթղթերը փոխարինող փաստաթուղթ: Այսինքն` ապրանքը դուրս գրել պահեստից առանց հաշվարկային փաստաթղթի դուրսգրման կամ ՀԴՄ կտրոնի տպագրման:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարումը` ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձեւով հատուցմամբ) կամ անհատույց,
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 56-րդ կետի համաձայն` ուղեկցող փաստաթուղթը օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող` օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթն է,
– 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրսգրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից եւ (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը: Նույն կետի կիրառության իմաստով` օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռքբերված` անկախ հաշվարկային փաստաթղթի դուրսգրման հանգամանքից: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրսգրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման եւ (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը,
– 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների եւ գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետեւյալ հաշվարկային փաստաթղթերը` հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում` էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն), ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապրանքի տեղափոխության բեռնագիր (կիրառվում է միայն ապրանքի տեղափոխության գործարքների փաստաթղթավորման համար),
– 56-րդ հոդվածով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ` օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաեւ այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող եւ (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) եւ (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ նույն հոդվածի 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված դեպքերի:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 05.11.2017թ. N 1257-Ն որոշմամբ սահմանված է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը:
– 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից հանրային ծառայությունների ենթակառուցվածքները շահագործելու եւ (կամ) սպասարկելու նպատակով տեղափոխվող ապրանքների, Կառավարության սահմանած ցանկում ներառված ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից տեղափոխվող հիմնական միջոցների, ինչպես նաեւ խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով ապրանքների եւ արտարժույթի) մատակարարումը կամ տեղափոխությունը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով,
– 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` “Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման կամ ապրանքների հետագծելիության ապահովման համար օրենսգրքով սահմանված պահանջների խախտման` օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ նույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ապրանքների մատակարարման գործարքների մասով կազմակերպությունը պարտավոր է էլեկտրոնային եղանակով դուրս գրել օրենսգրքով սահմանված վավերապայմաններին բավարարող հաշվարկային փաստաթղթեր (հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր):

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ