Վարձակալության մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա լինելու, և ամսական վարձավճարները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախս համարվելու վերաբերյալ N 128

Վարձակալության մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա լինելու, և ամսական վարձավճարները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախս համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
01.02.2021, N 128

Հարց
ՀՀ ռեզիդենտ Ա կազմակերպությունը իր տնտեսական գործունեության կազմակերպման համար ՀՀ ռեզիդենտ Բ կազմակերպությունից վարձակալում է ոչ բնակելի տարածք` համաձայն 16 նոյեմբերի 2007 թ.-ի կողմերի միջեւ կնքված պայմանագրի, որի հիման վրա ամսական վարձավճարների մասով Բ կազմակերպության կողմից դուրս են գրվում հարկային հաշիվներ:
Վերը նշված դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները համաձայն ՀՕ 71-րդ հոդվածի ենթակա են հաշվանցման, իսկ ամսական վարձավճարները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համարվում են ծախս, թե ո՞չ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարները: Մասնավորապես, նույն մասի 1-ին կետին համապատասխան` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների եւ (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք հաշվանցվում (պակասեցվում) են նույն կետով սահմանված կարգավորումներին համապատասխան,
– 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման սահմանափակումները, իսկ օրենսգրքի 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձեւակերպման կարգը:
– 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի եւ փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում` “ա” ենթակետի 2-րդ պարբերությանը համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում` վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), եւ շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա   կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) եւ փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը` որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,
– 121-րդ հոդվածով սահմանված են ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները,
– 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով “-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով եւ օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
1) կազմակերպության կողմից ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են կազմակերպության կողմից հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ եւ 73-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներն ու առանձնահատկությունները,
2) կազմակերպության կողմից անշարժ գույքի վարձակալության շրջանակներում վարձավճարների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ենթակա են համախառն եկամտից նվազեցման օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով նաեւ օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգավորումները:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ