Իրացման շրջանառության որոշման վերաբերյալ N 170

Իրացման շրջանառության որոշման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
17.03.2021, N 170

Հարց
Անհատ ձեռնարկատերը միեւնույն հարկային տարվա ընթացքում գործել է հարկման հատուկ համակարգերից միկրոձեռնարկատիրության, այնուհետեւ շրջանառության հարկի համակարգում: Նույն հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից անցում է կատարել հարկման ընդհանուր համակարգ: Հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը: Արդյո՞ք գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի ԱԱՀ-ի շեմը հաշվարկելիս իրացման շրջանառության մեջ ներառվում է նաեւ միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի շրջանակում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 59-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ վճարող համարվելու դեպքերն ու ժամկետները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված անհատ ձեռնարկատերերը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող,
– 254-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը: Միաժամանակ, օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետի համաձայն` իրացման շրջանառությունը ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտն է դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարները,
– 255-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե` ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը, որը ներառում է նաեւ միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը, 115 միլիոն դրամը գերազանցելու դեպքում անհատ ձեռնարկատերը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում, հաջորդ հարկային տարվա հունվարի 1-ից եւս անհատ ձեռնարկատերը չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող:

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ