ՀՀ քաղաքացիությունը փոխելու դեպքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ N 171

ՀՀ քաղաքացիությունը փոխելու դեպքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
17.03.2021, N 171

Հարց
Անհատ ձեռնարկատերը աշխատում է միկրոձեռնարկատիրության հատուկ համակարգում, մեկ տարի անց ֆիզիկական անձը փոխում է քաղաքացիությունը` դառնալով ՌԴ քաղաքացի: Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատերը կշարունակի՞ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Պատասխան
“Անհատ ձեռնարկատիրոջ մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից եւ իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով:
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 8-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր եւ հատուկ համակարգեր (շրջանառության հարկի, միկրոձեռնարկատիրության): Հարկման հատուկ համակարգերից, մասնավորապես` միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով եւ (կամ) շահութահարկով, ինչպես նաեւ շրջանառության հարկով հարկումից,
– 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
– 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում նույն մասով սահմանված դեպքերում եւ ժամկետներում, եթե նույն մասում նշված ժամկետներում հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,
– 267-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը, որոնց` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը,
– 267-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, մասնավորապես` նույն մասի 1-4-րդ կետերով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց մասով կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
– 289-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը եւ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով,
– 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց` հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները եւ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը եւ տեղեկությունները, ինչպես նաեւ դրանց փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1266-Լ որոշմամբ: Որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի համաձայն` տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք ներկայացվում են փոփոխության գրանցման օրը, առցանց ռեժիմով` անմիջապես:
“Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին” ՀՀ օրենքի`
– 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով` նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ մնացած բոլոր տվյալների փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի եւ փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, ընդ որում` գործում է դիմումում նշված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տեղեկությունների փոփոխությունն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե բավարարում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պայմաններին` անկախ քաղաքացիության փոփոխությունից:
Միաժամանակ, հայտնում ենք, որ եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի տվյալների վերաբերյալ փոփոխություն է տեղի ունենում, ապա պետական հաշվառման ժամանակ ներկայացված տեղեկությունների փոփոխության վերաբերյալ պետական ռեգիստրի գործակալությունը առցանց ռեժիմով տեղեկությունների փոփոխությունները ներկայացնում է հարկային մարմնին:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ