Համախառն եկամտից կատարվող նվազեցումների վերաբերյալ N 159

Համախառն եկամտից կատարվող նվազեցումների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 159

Հարց
ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն, շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաեւ չփոխհատուցվող եւ չհաշվանցվող հարկերը: Արդյո՞ք հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի փոխարեն վճարած շահութահարկը համարվում է այդպիսին եւ նվազեցվում է համախառն եկամտից:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները եւ այլ նվազեցումները` օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով եւ չափով,
– 121-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաեւ` չփոխհատուցվող եւ օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) եւ վճարները,
– 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձեւավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը` նույն մասում նշված դեպքերում,
– 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձեւով տրամադրող)` օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձեւով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) եւ ՀՀ, պետական բյուջե վճարելու պարտավորությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային գործակալի ֆինանսական միջոցներից վճարված ոչ ռեզիդենտի շահութահարկը չի հանդիսանում տվյալ հարկային գործակալի, որպես հարկ վճարող` իր համար վճարվող օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկ, հետեւաբար` շահութահարկով հարկման բազան որոշելիս ենթակա չէ նվազեցման համախառն եկամտից:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ