Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ N 160

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 160

Հարց
Շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտը անհատույց օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 120 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով անշարժ գույք: Նկարագրված դեպքում կադաստրային արժեքը, թեպետեւ, հանդիսանում է շրջանառության հարկով հարկման բազա, այնուամենայնիվ, չի ներառվում իրացման շրջանառության մեջ եւ տնտեսվարող սուբյեկտը շարունակու՞մ է մնալ շրջանառության հարկ վճարող:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան` ձեռնարկատիրական եկամուտը կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճը կամ պարտավորության նվազումն է, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի եւ նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող` անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների,
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետին համապատասխան` իրացման շրջանառությունը ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտն է դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարները,
– 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ նույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ նույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով,
– 257-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի անհատույց օտարման գործարքի մասով եկամուտի (իրացման շրջանառության) հաշվարկման մասով օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է առանձնահատկություն, որը կիրառելի է նաեւ շրջանառության հարկ վճարողների նկատմամբ: Հետեւաբար` շրջանառության հարկ վճարողների կողմից շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի անհատույց օտարման գործարքի մասով օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան հաշվարկված եկամուտը (իրացման շրջանառությունը) ներառվում է օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության մեջ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ