Շրջանառության հարկի գումարի նվազեցման վերաբերյալ N 157

Շրջանառության հարկի գումարի նվազեցման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 157

Հարց
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող եւ զբաղվում է առեւտրային գործունեությամբ: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարել է ձեռքբերումներ, որոնց համար ստացել է հարկային հաշիվներ եւ հաշիվ վավերագրեր, որոնք վրիպմամբ չի ստորագրել հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, այլ ստորագրել է մեկ օր անց: Տվյալ դեպքում շրջանառության հարկի հաշվետվությունում կարո՞ղ է ներառել որպես նվազեցվող ծախս:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվետու ժամանակաշրջանի համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի) նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 11-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաեւ ՀՀ ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե նույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Նույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` նույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից,
– 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի “ա” ենթակետին համապատասխան` հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, եթե օրենսգրքով չի նախատեսվում, որ հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի կիրառության իմաստով` հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների եւ ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,
– 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից եւ (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման եւ (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը,
– 56-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) եւ (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ նույն հոդվածի 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչեւ ապրանքի տեղափոխությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարողի կողմից անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ենթակա են նվազեցման այն հաշվետու ժամանակաշրջանի համար` առեւտրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից, որում փաստացի կատարվել է ապրանքների ձեռքբերումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ