Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ համար առաջացող սոցիալական վճարների վերաբերյալ N 156

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ համար առաջացող սոցիալական վճարների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 156

Հարց
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը համարվու՞մ է սոցիալական վճար վճարող, եւ այդպիսին համարվելու դեպքում հարկման ի՞նչ դրույքաչափ է գործում եւ ո՞րն է հարկման բազան:

Պատասխան
“Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի`
2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` անհատ ձեռնարկատեր է համարվում “Անհատ ձեռնարկատիրոջ մասին” ՀՀ օրենքով սահմանված անհատ ձեռնարկատերը, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի,
– 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` ինքնազբաղված անձ է համարվում նաեւ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը,
– 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր նույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ նույն մասի 1-ին կետի հիման վրա երբեւիցե կատարել են սոցիալական վճար,
– 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, նույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (ինքնուրույն հաշվարկում եւ փոխանցում է սոցիալական վճարները տարեկան կտրվածքով` ՀՀ հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում),
– 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաեւ 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ինքնազբաղված անձանց համար սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը հանդիսանում է որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտները: Որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտներից սոցիալական վճարը կատարվում է 5% դրույքաչափով, անկախ եկամտի չափից:
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի համաձայն` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը համարվում է ինքնազբաղված անձ, որն ինքնազբաղվածությունից ստացված ամբողջ եկամուտներից սոցիալական վճարը կատարում է 5% դրույքաչափով կամավորության սկզբունքով:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ