Աշխատողի աշխատնքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու վերաբերյալ N 155

Աշխատողի աշխատնքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 155

Հարց
ՀՀ-ում հաշվառված կազմակերպությունը իր վարձու աշխատողի հետ թղթային եղանակով աշխատանքային պայմանագիր չի կնքել, սակայն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տվյալ աշխատակցի համար ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացրել է աշխատողի աշխատանքի ընդունման գրանցման հայտ, եւ այդ աշխատակցի համար սահմանված կարգով հաշվարկել եւ պետական բյուջե է վճարել հարկերը եւ վճարները: Տվյալ դեպքում կիրառելի՞ է ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ գրավոր պայմանագրի բացակայության) եւ (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում` Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված եւ արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ գրավոր պայմանագրի բացակայության) եւ (կամ) նոր աշխատողի համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 01.02.2017թ. N 1214-Ն որոշման N 1 հավելվածով:
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանած կարգով` աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու, այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ գրավոր պայմանագրի բացակայության փաստը արձանագրվելու դեպքում կիրառելի են ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի դրույթները` անկախ գործատուի (հարկային գործակալի) տվյալ ֆիզիկական անձի համար հարկային մարմին գրանցման հայտ ներկայացնելու եւ եկամտային հարկ հաշվարկելու (վճարելու) հանգամանքից:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ