Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռո բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ N 149

Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռո բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18.02.2021, N 149

Հարց
Կառուցապատողից բնակարան ձեռք բերելու նպատակով ստացվել է հիփոթեքային վարկ, սակայն տեղի է ունեցել թյուրիմացություն եւ անհրաժեշտ է փոխել բնակարանը` եռակողմ լուծման նոտարի պայմանագրով: Ոչ մի գումարային եւ քառակուսու փոփոխություն տեղի չի ունենում, միայն փոխվում է բնակարանի համարը: Դեռեւս հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների վերադարձ չի եղել: Տվյալ դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի համար որեւէ խնդիր կառաջանա, թե՞ոչ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:
Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի`
– 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների եւ իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն,
– 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն,
– 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից,
– 466-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխումը եւ լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով,
– 468-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձեւով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գրությամբ նշված դեպքում, Պայմանագիրը լուծելու եւ նոր պայմանագիր կնքելու դեպքում գնորդ-վարկառու ֆիզիկական անձինք` ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածին համապատասխան եւ ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման իրավունքից` նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ վերջիններս ստացված հիփոթեքային վարկի շրջանակում չեն օգտվել եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ