Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրվող տեղեկատվության վերաբերյալ N 150

Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրվող տեղեկատվության վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18.02.2021, N 150

Հարց
Կազմակերպությունը 2020թ.-ին աշխատել է ԱԱՀ-ի հարկման դաշտում` ՀԴՄ կտրոնում արտացոլելով ապրանքի անվանումը եւ ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը եւ կոդը: 2021 թ.-ի հունվարի 1-ից կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում պե՞տք է արդյոք կտրոններում արտացոլել վերոնշյալ տեղեկատվությունը:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ` կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առեւտրի օբյեկտների, շրջիկ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի,
– 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի, մասնավորապես` ապրանքի անվանումը եւ ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը եւ կոդը, գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ “կանխավճար” գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին եւ ժամկետներին համապատասխան:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման N 3 հավելվածի 16-րդ կետի համաձայն` ՀԴՄ կտրոնի վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը եւ ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը եւ կոդը, ինչպես նաեւ գնվող ապրանքի քանակը եւ դրա չափման միավորը (բացառությամբ “կանխավճար” գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել նույն կետով սահմանված պահանջը` անկախ հարկ վճարողի` հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:
Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ եթե գրությամբ նկարագրված դեպքում կազմակերպության` նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով իրացումից հասույթը չի գերազանցել 58.35 մլն դրամը, ապա ՀԴՄ կտրոնի վրա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանման եւ ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման եւ կոդի, ինչպես նաեւ գնվող ապրանքի քանակի եւ դրա չափման միավորի տպագրումը պարտադիր չէ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ