ԵՏՄ անդամ պետությունում հաշվառված կազմակերպության կողմից ՀՀ-ում գտնվող ներկայացուցչությունը ամսագիր տրամադրելու դեպքում ներմուծման հարկային հայտարագիր ներկայացնելու և ԱԱՀ վճարելու պարտավորության վերաբերյալ N 152

ԵՏՄ անդամ պետությունում հաշվառված կազմակերպության կողմից ՀՀ-ում գտնվող ներկայացուցչությունը ամսագիր տրամադրելու դեպքում ներմուծման հարկային հայտարագիր ներկայացնելու և ԱԱՀ վճարելու պարտավորության վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 152

Հարց
ԵՏՄ անդամ պետություններից մեկում գրանցված ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է ոչ առեւտրային կազմակերպություն եւ ՀՀ տարածքում չի ծավալել որեւէ ձեռնարկատիրական գործունեություն: Տվյալ կառույցի գլխամասը թողարկում է ամսագրեր եւ իր ներկայացուցչությունների միջոցով տարածում է տարբեր երկրներով: 2021 թ.-ի փետրվարին ներկայացուցչության հասցեով ՀՀ է ներմուծվելու 100 հատ վերոնշյալ ամսագրերից եւ անվճար տրամադրվելու է պետական եւ հասարակական կառույցներին: Տվյալ դեպքում ՀՀ-ում գտնվող ներկայացուցչությունը ներմուծման հարկային հայտարարագիր, անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաեւ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն ու՞նի, թե ոչ:

Պատասխան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան`
– ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը,
– մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները,
– ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչություն է համարվում օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված` նույն մասում նշված` ՀՀ-ում գործունեության վայրերից որեւէ մեկը, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՀՀ տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն` անկախ գործունեության իրականացման ժամանակահատվածից, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի,
– 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,
– 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվում ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` ՀՀ-ում գտնվող մշտական հաստատությունը հարկային մարմին է ներկայացնում մինչեւ այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
– 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ԵՏՄ անդամ պետությունից կատարված ներմուծման մասով ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում չի նախատեսվում (ներկայացուցչությունն իրավունքի առանձին սուբյեկտ չի հանդիսանում, եւ մայր կազմակերպության ու ներկայացուցչության միջեւ տեղի չի ունենում ապրանքի առուվաճառք), հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ներկայացուցչության կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ինչպես նաեւ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն չի առաջանում: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ներմուծված ապրանքները հետագայում ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության կողմից օտարելու դեպքում, ներկայացուցչությունը կրում է ներմուծման հարկային հայտարարագիր եւ անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ԱԱՀ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ եւ 78-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված կարգով եւ ժամկետներում:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ