Անհատ ձեռնարկատիրոջ համար սոիալական վճարի, շահութահարկի, դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունների առաջացման վերաբերյալ N 151

Անհատ ձեռնարկատիրոջ համար սոիալական վճարի, շահութահարկի, դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունների առաջացման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 151

Անհատ ձեռնարկատիրոջ 2020թ.-ի իրացման շրջանառությունը եղել է զրո: 2020 թ.-ի տարեսկզբին վճարել է դրոշմանիշային վճարը, իսկ դեկտեմբերին ներկայացրել է հայտարարություն հարկ վճարողի գործունեության անորոշ ժամկետով դադարեցման վերաբերյալ: Տվյալ դեպքում հարկ վճարողի մոտ կառաջանա՞ շահութահարկի եւ սոցիալական վճարի վճարման պարտավորություն 2020 թվականի համար:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 125-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Նույն մասի կիրառության իմաստով` նույն մասի 1-ին կետի համաձայն` այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով հայտարարություն.
1) որեւէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչեւ գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձեւով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար նույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում եւ չի վճարում,
2) որեւէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչեւ հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար նույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում եւ չի վճարում,
– 134-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ՀՀ-ում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի եւ երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ,
– 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկը վճարում են մինչեւ տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
“Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի`
– 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարը կատարում են ամսական 5000 դրամի չափով,
– 7-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` նոտարները եւ անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում եւ փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով` ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան` նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղված անձինք ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:
“Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի (մինչեւ 31.12.2020թ. գործող խմբագրությամբ)`
– 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` անհատ ձեռնարկատերերի համար դրոշմանիշային վճարի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին,
– 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք, եթե բացակայում են նույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքները,
– 12-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են 12000 դրամ գումարի չափով,
– 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկի հարկման համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը ամսական 5000-ական դրամի չափով շահութահարկ եւ սոցիալական վճար չի վճարում` հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչեւ գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար: Տվյալ դեպքում, հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը, համաձայն որի` Ձեր կողմից հարկային մարմին գործունեությունն անորոշ ժամկետով դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվել է 18.12.2020թ., հայտնում ենք, որ 2020թ. հաշվետու տարվա բոլոր ամիսների համար անհատ ձեռնարկատիրոջ համար առաջանում է շահութահարկի եւ սոցիալական վճարի պարտավորություն` ամսական 5000-ական դրամի չափով, ինչպես նաեւ դրոշմանիշային վճարի պարտավորություն` տարեկան 12000 դրամի չափով, որոնք ենթակա են վճարման պետական բյուջե` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան` անհատ ձեռնարկատերը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնի շահութահարկի եւ սոցիալական վճարի հաշվարկներ (հաշվարկի ձեւերը հաստատված են ՀՀ, ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի N 1 եւ N 3 հավելվածներով):

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ