Անշարժ գույքի վարձակալության տրամադրման գործարքների մասով և շահութահարկով հարկման բազաների որոշման վերաբերյալ N 142

Անշարժ գույքի վարձակալության տրամադրման գործարքների մասով և շահութահարկով հարկման բազաների որոշման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
10.02.2021, N 142

Հարց
Կազմակերպությունը ունի անշարժ գույքեր, որոնք վարձակալության է հանձնված տարբեր ընկերությունների, վարձավճարներից առաջացող հարկերը հաշվարկվում եւ վճարվում է պետական բյուջե` նվազագույնը կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով տարեկան կտրվածքով եւ համամասնորեն բաշխվում է ըստ ամիսների, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի:
Կադաստրային արժեքները փոփոխվելու դեպքում արդյոք պե՞տք է վարձավճարները հաշվարկել ըստ պայմանագրի կնքման տարեթվի դրությամբ գործող կադաստրային արժեքներով, թե” յուրաքանչյուր կադաստրային արժեքների փոփոխման դեպքում կատարել վարձավճարի փոփոխություն:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 62-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով,
– 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:
ՀՀ հարկային օրենսգրքի (01.01.2021թ. գործող խմբագրությամբ) 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով եւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթների կիրառման առումով` 2021թ. հունվարի 1-ից հիմք են ընդունվում անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ